Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Նոյեմբեր 16,2001 00:00

ՆՈՐ ԿԱՊԱՆՔՆԵՐ ՉԴՐՎԵՑԻՆ Եվ թերությունները ծաղկեցին Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բյուջե կոչվածը միայն այն թվերը չեն, որ ներկայացվում են, իրականում բյուջեն քաղաքականություն է, որ իրականացվում է եւ խորհրդարանը ընդունելով կամ մերժելով այն, վերաբերմունք է արտահայտում գործադիր իշխանությանը։ Արդյո՞ք, գործադիր իշխանությունն իրականացնող հանրապետական կուսակցության ներսում բոլո՞րն են ընդունում գործող վարչապետի քաղաքականությունը եւ որքանո՞վ է այն ներկայացնում բուն կուսակցության ծրագրերը։ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ հարցազրույցը առաջին հերթին այս մասին է։ – Պրն Թորոսյան, ՀՀԿ խորհրդում քննարկվե՞լ է այն բյուջեն, որը ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանը։ – Կուսակցության խորհրդում բյուջեն քննարկելու կարիք չկա, եւ, բնականաբար, չի քննարկվել, բայց, իսկապես, կուսակցությունն այսօր ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչներ ունի եւ այդ շրջանակում քննարկումներ եղել են եւ դեռեւս կլինեն։ Ես կարծում եմ, բյուջեի վրա հետագա աշխատանքի կարիք եւս կա եւ հուսով եմ, որ մինչ ԱԺ-ում վերջնականորեն քվեարկվելը, մենք կկարողանանք շտկել այն բացերը, որոնք այս նախագծում կան։ – Պրն Թորոսյան, ձեզ դիմում եմ որպես գործադիր իշխանությունն իրականացնող կուսակցության փոխնախագահ եւ ոչ թե ԱԺ փոխնախագահ եւ ուզում եմ, որ դուք կուսակցության դիրքորոշումը ներկայացնեք։ ՀՀԿ խորհրդում որեւէ տարաձայնություն չկա՞ բյուջեի քննարկման հետ կապված։ – Ես ասացի, որ բյուջեն որպես փաստաթուղթ խորհրդում չի քննարկվել։ – Չե՞ք գտնում, որ պետք է քննարկվեր, փաստորեն, գործադիր իշխանությունը իրականացնողը չի քննարկել երկրի բյուջետային քաղաքականությունը։ – Ոչ, չեմ գտնում, որովհետեւ բյուջեի հետ կապված այլ մեխանիզմներ կան, տեսակետ՝ ձեւավորելու համար, եւ բյուջեի նախագծի վրա աշխատելու համար, որ այն, ի վերջո, լինի այնպիսին, որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորները պաշտպանեն բյուջեի նախագիծը։ – Լավ, ՀՀԿ խորհրդի փոխնախագահը հավանություն տալիս է այն քաղաքականությանը, որ իրականացնում է կուսակցության նախագահ վարչապետը։ – Իհարկե, եթե խոսքը ընդհանուր մոտեցումների մասին է, բնականաբար, այստեղ որեւէ կասկած լինել չի կարող։ – Իսկ մասնավորապես, ի՞նչ տարաձայնություններ ունեք։ – Տարաձայնությունների խնդիր չկա։ Բնականաբար, փաստաթուղթը մշակվում է բավականին մեծ կոլեկտիվի կողմից եւ նաեւ եղած մեխանիզմները այնպիսիք են, որ որեւէ մեկը չի կարող բացառել նախագծում թերությունների հնարավորությունը։ Խնդիրը այդ թերությունները նկատել եւ շտկելն է։ Այս առումով, կարծում եմ, մենք լուրջ աշխատանք ունենք։ – Ես մի քիչ եմ հասկանում, հուսով եմ դուք շատ ավելի շատ եք հասկանում, որ բյուջե ասվածը իրականում քաղաքականություն է, եւ այն թվերը, որ ներկայացվում են, շարունակաբար չկատարվող բյուջեները, նույնիսկ այն դեպքում, երբ Անդրանիկ Մարգարյանը չի վարանում կոչել հերթական իրատեսական բյուջե, իրականում, ավելին չեն, քան քաղաքական «բլեֆ»։ – Իհարկե,ածականները չէ, որ պիտի բնութագրեն բյուջեն, եւ միանգամայն համաձայն եմ, որ բյուջեն միայն այն թվերը չեն, այն հաստափոր աղյուսակները չեն, որոնք բյուջեի հետ ներկայացվում են։ Դրանք հետեւանք են բյուջեի։ Անշուշտ, բյուջեն քաղաքականություն է եւ ոչ միայն տնտեսական քաղաքականություն, եւ, անշուշտ, կարելի է բյուջեի նախագծում առանձնացնել այն հոդվածները, որոնք նախագծում ընդգրկված են եւ, ըստ էության, մնացածը դրանից է բխում։ – Հենց դրա համար եմ հարցնում՝ չե՞ք գտնում, որ գործադիր իշխանություն իրականացնողը պետք է այդ քաղաքականությունն ինքն իր համար հստակեցնի։ – Այս նախագծում նոր քաղաքականության սկզբունքներ չէ, որ դրված են։ Քաղաքականությունը հստակ է եւ, պարզապես, բյուջեում պետք է արձանագրել սպասելիքները եւ մեխանիզմները։ Ինչքան էլ ընդհանուր լինեն այդ ձեւակերպումները, կարծում եմ, դա իսկապես ամենակարեւորն է։ Նախորդ տարիների բյուջեների չկատարումների պատճառները թաքնված են այն մոտեցման մեջ, որով մեր երկրի համար գլխավոր գաղափարը հայտարարվել էր տնտեսական բարեփոխումների։ Կյանքը ցույց տվեց, որ տնտեսական բարեփոխումները, առանց քաղաքական համակարգի բարեփոխումների եւ առանց պետական կառավարման բարեփոխումների, լավագույն դեպքում դատապարտված են մի քանի տոկոսի համախառն ներքին արդյունքի աճի։ Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը կտրուկ անկում է ունեցել, հաճախ նաեւ օբյեկտիվ պատճառներով, եւ այսօր երկիրը բնականոն ուղի տեղափոխելու, տնտեսության զարգացումն ապահովելու համար հարկավոր են արմատական քայլեր։ Այսօր երկրի համար զարգացման ամենամեծ խոչընդոտը հենց քաղաքական եւ պետական կառավարման համակարգում առկա սկզբունքային թերություններն են։ – Այսօր իրականացվող կադրային քաղաքականությանը որքանո՞վ է մասնակից Հանրապետական կուսակցությունը։ – Կուսակցությունը, բնականաբար, անձերի ընտրության հետ կապված որեւէ մասնակցություն չունի։ Չեմ կարծում, ճիշտ կլիներ, եթե այս կամ այն անձին, այս կամ այն պաշտոնին նշանակելու համար կուսակցությունը իր մասնակցությունն ունենար, բայց, բնականաբար, կուսակցության անդամներ, որոնք ի պաշտոնե նման խնդիր ունեն, մասնակից են այդ ամենին, մասնավորապես՝ վարչապետը։ – Սակայն վարչապետը դեռ ամբողջ ՀՀԿ-ն չէ, ինձ հետաքրքիր է կուսակցության դիրքորոշումը։ – Իհարկե, բնականաբար։ Կուսակցության դիրքորոշումը հետեւյալն է. ըստ էության, պետական կառավարման համակարգը միայն ճակատային մասով փոխվեց, իր մեջ պարունակելով բոլոր արմատական թերությունները՝ նախկին խորհրդային կառավարման համակարգի։ Ավելին, այն ժամանակ կային կապանքներ, որոնք սահմանափակում էին այդ համակարգի այլասերումը։ Այդ կապանքները համակարգի հետ վերացան եւ բոլոր թերություններն ուղղակի ծաղկեցին, երբ նոր ընտրված համակարգի հետ այլ կապանքներ չդրսեւորվեցին։ Եվ ամենակարեւորը հենց պետական կառավարման համակարգի բարեփոխումն է։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր պետական ծառայության մարդիկ առաջին հերթին, որոշ բացառություններով, գնում են միայն այդ պաշտոնը օգտագործելու համար։ Այն հանգամանքը, որ կառավարությունը դեռեւս 2000 թ. իր գործունեության ծրագրում ԱԺ-ին ներկայացրեց այն դրույթը, թե երկու կարեւորագույն խնդիրներից մեկը պետական կառավարման համակարգի բարեփոխումներն են, կարծես սա արդեն կարեւոր հանգամանք է։ – Դուք կարծում եք կառավարությունը պահպանե՞ց այդ դրույթը։ – Ես կարծում եմ, դանդաղում են այս հատվածում բարեփոխումները, այստեղ իսկապես արմատական փոփոխություններ են հարկավոր։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել