Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքում

Դեկտեմբեր 01,2001 00:00 Share

ՀԱՅԿԱԿԱՆ «ԴՂՅԱԿՆԵՐ» ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ Հայրենիքում հսկայական դղյակներ կառուցելու մարմաջը մեր բարձրաստիճան պաշտոնյաների մոտ նորություն չէ (շատերը նույնիսկ դրա բացատրությունն ունեն, իբր թե փողերը այդպիսով մնում են հայրենիքում, բացի այդ հայրենիքը «նվեր» է ստանում իրենց դղյակների տեսքով): Ինչ-որ տեղ համաձայնելով նման տեսակետ ունեցողների հետ՝ փաստենք սակայն որ այդ մտածողությամբ ստացվում է, թե Տիգրան Սարգսյանը հայրենասեր չէ՞, ինչ է: Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը Իսպանիայի ծովափնյա քաղաքներից մեկում գնել է «համեստ» մի դղյակ: Անշուշտ, կենտրոնական բանկի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, առավել եւս սովորական քաղաքացիների համեմատ բավականին բարձր (մոտ 2000 դոլար) աշխատավարձ է ստանում, բայց նույնիսկ մոտավոր հաշվարկի դեպքում կարելի է հասկանալ, որ հնարավոր չէ այդ «համեստ» աշխատավարձով դղյակ գնել Իսպանիայում: Մեր ընթերցողներին հիշեցնենք նաեւ, որ արդեն վաղուց պարոն Սարգսյանի ընտանիքը՝ կինը եւ երեխաներն, ապրում են Իսպանիայում: Երեւի, «մարդկայնորեն հասկանալ է» պետք պրն Սարգսյանի այս քայլը՝ ո՞ր տղամարդը թույլ կտա, որ իր ընտանիքն առանց տանիքի մնա՝ այն էլ օտար ափերում: Թեպետ, ՀՀ նախագահը մեկ անգամ կասկածի տակ է դրել հանրապետությունում տղամարդ լինել-չլինելու հարցը. սակայն հիմա դա էական չէ, փաստն այն է, որ Տիգրան Սարգսյանի ընտանիքը վաղուց ապրում է Իսպանիայում, որից 2 տարին՝ սեփական տանը: Եվ եթե հավատանք լուրերին՝ պրն Սարգսյանը, չնայած կնոջ աղերսներին, կտրականապես դեմ է ընտանիքի հայրենիք վերադարձին: Համաձայնեք, որ եթե մեր բարձրաստիճանների դղյակները Հայաստանում են, դրանց գտնվելու վայրը գրեթե բոլորը գիտեն, իսկ հեռավոր իսպանիաներում շատ դժվար է հայտնաբերել դրանք: Այդուհանդերձ, մենք որոշեցինք որոշակի ջանքերի գնով լրագրողական հետաքննություն կատարել՝ պարզելու համար, թե հատկապես ո՞րն է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տունը Իսպանիայում: Չէ որ, մենք՝ հարկատուներս, պարտավոր ենք իմանալ՝ ուր են հոսում ՀՀ պետբյուջեի միջոցները: Տաքարյուն եւ անմիջական իսպանացիները մեզ մատնացույց արեցին լուսանկարում պատկերված տունը: Հարեւանների հետ զրույցներից պարզեցինք, որ այդ տանն ապրում են օտարերկրացիներ (նրանք չգիտեին, թե կենվորները հատկապես որ ազգի ներկայացուցիչ են), որոնք այդ տունը գնել են մոտ երկու տարի առաջ: Հարեւանների խոսքերով՝ այդ տանը մշտապես ապրում են ընտանիքի կինը եւ երեխաները՝ ի դեպ, նրանցից իմացանք, որ երկրորդ զավակը բոլորովին վերջերս է ծնվել, որ ընտանիքի հայրը ապրում է այլ երկրում, սակայն բավականին հաճախ է այցելում՝ գրեթե ամեն ամիս: Տարօրինակ զուգադիպությամբ Տիգրան Սարգսյանի ընտանիքը եւս ամիսներ առաջ է համալրում ստացել: Սակայն, մեր տեղեկությունների համաձայն պրն Սարգսյանը տարին մեկ անգամ է այցելում ընտանիքին՝ մի՞թե իրական են այն լուրերը, թե ցանկացած պաշտոնական այցելության մեկնելիս (հիշեցնենք, որ այդ այցերը պետության հաշվին են արվում) պրն. Սարգսյանը այցելում է Իսպանիա սիրելի ընտանիքին տեսակցելու: Ցավոք, մեր այցելության ժամանակ հարեւանների մատնանշած տանը ոչ ոք չկար եւ մենք չկարողացանք համոզվել՝ դա՞ է Տիգրան Սարգսյանի դղյակը, թե՞ ոչ: Ցանկացած երկրի կենտրոնական բանկ այդ երկրի առանցքային հիմնասյուներից, թերեւս կարեւորագույնն է, որը սակայն, փակ համակարգ լինելով՝ապահովագրված է հրապարակային քննարկումների ակտիվ նյութ լինելուց: Թե լրատվամիջոցները, թե պատգամավորները այս թեմային հազվադեպ են անդրադառնում՝ հենց իր փակ, ոչ թափանցիկ լինելու պատճառով: Կենտրոնական բանկի թեման քննարկման առարկա է դառնում, թերեւս միայն բյուջետային քննարկումների ժամանակ, երբ այս գերատեսչությունը տարեկան իր ծախսերի համար աստղաբաշխական թվեր է ներկայացնում: Ստացվում է, որ թե լրագրողները, թե նույնիսկ ամենաակտիվ ելույթներ ունեցող պատգամավորները չեն կարողանում ժողովրդին հասցնել պետության կարեւորագույն համակարգի իրական վիճակը: Արդյունքում, կամ ավելի ճիշտ այս ամենի հետեւանքով՝ ի տարբերություն ցանկացած երկրի՝ մեր Կենտրոնական բանկը հայտնվում է շահեկան վիճակում եւ դրա նախագահ Տիգրան Սարգսյանը պետության, ասել է թե, ժողովրդի ֆինանսական միջոցների հետ վարվում է այնպես, ինչպես սեփական պապենական ժառանգության հետ: ՄԱՆԵ ԳԱԼՈՅԱՆ Իսպանիա-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել