Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները մեկ տարի է՝ փորձ են անում ստեղծել

Դեկտեմբեր 12,2001 00:00

ՆՈՒՅՆ ՄԵԽԻՆ ԽՓԵԼՈՒՑ ԱՌԱՋ Սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները մեկ տարի է՝ փորձ են անում ստեղծել, այսպես կոչված, հովանոց կազմակերպություն, որը կհամակարգի բոլորի աշխատանքը։ Այդ փորձերից մեկը Սոցիալական լիգան էր։ Թեեւ ոչ ոք չի հայտարարել, որ այն այլեւս գոյություն չունի, սակայն իրականում այն չի գործում։ 2000-ի աշնանը ստեղծված Լիգան ընդունեց հռչակագիր, կնքվեց համագործակցության պայմանագիր, ընտրվեց խորհուրդ, ընտրվեցին համանախագահներ՝ սոցապ նախարարությունից եւ ՀԿ-ներից։ Վերջիններս ցանկանում էին, որ այդ կառույցը լինի ինքնուրույն՝ սոցապ նախարարության ենթակայությունից դուրս։ Սակայն «Հայ օգնության միության» ներկայացուցիչ Նելլի Բաղդասարյանի պնդմամբ, այդ հարցում «պետական մարմինները թելադրել էին փորձում։ ՀԿ-ները, ի պատիվ իրենց, չդարձան նախարարության խամաճիկները»։ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԵԻՀԱ) նախաձեռնած «Սոցիալական բնագավառում գործող ՀԿ-ների եւ հովանոց կազմակերպությունների զարգացման հեռանկարները Հայաստանում» սեմինարի մասնակիցները հաստատակամ էին ստեղծելու այդպիսի մի գործուն կառույց։ Այդ որոշմանը դրդող պատճառներից է այն, որ առանձին-առանձին իրենք թեեւ իրականացնում են իրենց ֆունկցիաները, սակայն վճռական պահերի անհրաժեշտ է միասին լինել։ «Ուժը ո՞րն է,- սեմինարի ժամանակ այս հարցադրումը կատարեց հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» միության նախագահ Լեւոն Ներսիսյանը եւ ինքն էլ պատասխանեց,- որ իրար հետ նույն մեխին են խփում»։ Նույն մեխին խփելուն անցնելուց առաջ սեմինարի մասնակիցները քննարկում էին Լիգայի չկայացման տարբեր պատճառները՝ նույն սխալները չկրկնելու համար։ Դրանցից մեկն, ըստ ԵԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի, «անձերի սինդրոմն է», որը վճռորոշ է Հայաստանի համար։ «Համանախագահների ինստիտուտը Հայաստանում չի գործի»,- իր հերթին փաստարկեց «Աստղիկ» միության նախագահը։ «Շատերը Սոցիալական լիգային նայում են իբրեւ այնպիսի կառույցի, որին միջազգային դոնորները մեծ գումարներ կտան, սակայն այն պետք է համակարգող լինի»,- գտնում է Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։ Այս իմաստով վերջինս դրական է գնահատում այն, որ Լիգային մասնակցեն արդեն կայացած, իրենց գտած ՀԿ-ները։ Համագործակցություն հասկացության բառարանային բացատրությունը նույնիսկ, ըստ «Մուղնի» առողջության կենտրոնի տնօրեն Մովսես Սարգսյանի, չի օգնի, եթե բարոյական կոդեքս չկա. այսինքն, եթե մեկը մյուսից ծրագիր, գաղափար գողանալու ախորժակ ունի։ Ընդհանրապես, ՀԿ-ների վարկը գցելու, նրանց գործունեության մասին թյուր պատկերացումներ տալու հանգամանքը իրենց՝ ներկաներին էլ շատ լավ ծանոթ է։ Եվ նրանք չվախեցան ասելու այն, ինչի մեջ մամուլը եւ հասարակությունը հաճախ մեղադրում են անխտիր բոլոր ՀԿ-ներին։ Դրանք գրանտի համար ստեղծվող ՀԿ-ներ են, որոնք, ըստ հայտարարված ծրագրերի, կարող են հաճախ փոխել իրենց գործունեության նպատակն ու խնդիրները եւ արագ «մարել»՝ գրանտի գումարի սպառմանը զուգահեռ։ Մինչդեռ, ըստ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի խորհրդատու Գայանե Թովմասյանի՝ «Հասարակական կազմակերպություններն ավելի մոտ են հասարակությանը», իսկ դրանց միջոցով աշխատանքները շատ ավելի էժան կնստեն կառավարությանը։ Իսկ վերջինս, ինչպես նաեւ դոնոր կազմակերպությունները, չեն ուզում աշխատել մի հոգու հետ (այսինքն՝ մեկ ՀԿ-ի), այլ՝ մի քանիսի ձայնը ներկայացնողի, կոալիցիայի հետ։ «Թեկուզեւ անհաջող՝ Լիգայի ստեղծումը ցույց է տալիս, որ համագործակցելու ցանկությունը կա, մնում է գտնել մեխանիզմը»։ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, որպես առանց նախագահության կոալիցիայի օրինակ բերեց իրավաբանական ՀԿ-ների՝ վերջերս կայացած կոալիցիան, որի գերագույն մարմինը եռամսյա հավաքն է։ Ըստ Լ. Ներսիսյանի, Լիգայի չկայացման պատճառներից մեկն էլ այն էր, որ անդամ-կազմակերպությունները իրար չէին ճանաչում։ Կ. Զադոյանը հայտնեց, որ այս բացը շտկելու ու նաեւ լայն հասարակությանը, ԶԼՄ-ներին ու կառավարությանը ՀԿ-ներին ներկայացնելու համար առաջիկայում կկազմակերպվի ՀԿ-ների տոնավաճառ, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված է։ Թե ինչու է իրավաբանական ՀԿ-ն զբաղվում սոցիալականների կոալիցիայով, պարզաբանեց պրն Զադոյանը։ ԵԻՀԱ-ի կանոնադրական նպատակներից է ՀՀ-ում բնակչության անապահով խավերի իրավունքների պաշտպանությունը՝ անապահով խավերին անվճար իրավաբանական ծառայություն լինի, խորհրդատվություն, թե փաստաթղթերի կազմում, երբեմն նաեւ իրավունքների պաշտպանություն դատարանում։ Երեւանում եւ մարզերում գործող 7 գրասենյակներից յուրաքանչյուրն ամսական անվճար իրավաբանական ծառայություն է մատուցում 200 շահառուի։ Իսկ հավաքի ավարտին բոլոր ներկաները ստորագրեցին համագործակցության փաստաթուղթ, որով չի ստեղծվում ակնկալվող հովանոց կազմակերպությունը, սակայն դա առաջին քայլն է այդ ճանապարհին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել