Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵԶ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ Վլադիմիր Վլադիմիրովիչը համաշխարհային քաղաքական թատերաբեմում եթե խմբավար չէ, վստահաբար գոնե առաջին ջութակ է։ Սեպտեմբերի 11-ից հետո միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր դարձավ մեծապես շնորհիվ Պուտինի բարյացակամության եւ վճռականության։ Սակայն Պուտինը կարեւոր դերակատարություն ունի միջազգային խաղաղության պահպանման գործում նաեւ մեկ այլ, ակամա իրեն վիճակված որոշման առիթով։ Խոսքը հակահրթիռային պաշտպանության խորհրդա-ամերիկյան պայմանագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալու հետեւանքով առաջացող անվստահության մթնոլորտը խորացնելու կամ, ընդհակառակը, մեղմելու մասին է։ Որոշում, որ պետք է կայացնի ՌԴ նախագահը, եւ որը կկանխորոշի գլոբալ քաղաքականությունը առաջիկա տարիներին։ Ռուս ռազմագետները եւ քաղաքագետները արդեն հայտարարել են, որ հակահրթիռային պաշտպանության պայմանագրի դե ֆակտո դադարումը առանձնակի նշանակություն չունի, քանի որ 1972թ. ի վեր թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ նրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը եւ թե՛ Միացյալ Նահանգները այնքան հրթիռային արսենալ են կուտակել, որ պաշտպանական միջոցառումները ի զորու չեն դրանց գործադրման հետեւանքները չեզոքացնելու։ Պարզապես, քանի դեռ գործում էր պայմանագիրը, կողմերից յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն էր կրում մյուսի համար սպառնալիք չստեղծել, քանի որ շղթայական ռեակցիայով սպառնալիքը ծնունդ էր տալու հակադարձ սպառնալիքի, իսկ միջուկային մարտագլխիկներից պաշտպանվել տիեզերքում, մթնոլորտում, ցամաքի վրա կան ջրում, ինքն իրավասու չէր։ Միացյալ Նահանգները դադարեցնելով 1972-ի պայմանագրի գործողությունը, հավատացնում են, թե իրենք սպառազինվելու եւ պաշտպանվելու են միջազգային ահաբեկիչներից։ Սակայն դժվար է հավատալ, թե կամիկաձեների միջոցով այնքան արդյունավետ գործող ահաբեկչությունը երբեւէ հրթիռներ կգործադրի, որ դեռ պաշտպանության խնդիր էլ առաջ գա։ Ինչեւէ, ՌԴ նախագահը դեռ ամիսներ առաջ հարցադրումը կատարել էր ողջ սրությամբ։ «ՆԱՏՕ-ն ռազմական կառո՞ւյց է։ Այո։ Այն առաջանո՞ւմ է դեպի Ռուսաստանի սահմանները։ Այո։ Ինչո՞ւ»։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զգուշանալու Արեւմուտքից։ Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից Վաշինգթոնի դուրս գալը զգուշավորությունը դարձնում է անհրաժեշտություն։ Մինչդեռ, շարքային ռուսաստանցիներին օդուժն ու հրթիռները առանձնապես չեն մտահոգում։ Նրանք ունեն ուրախալի ձեռքբերումներ՝ ինչպես կենսամակարդակի աճն է, կենսաթոշակների բարձրացումը, ունեն խնդիրներ՝ ինչպես Չեչնիայում երկարաձգվող պարտիզանական պատերազմը եւ անհնազանդություն ցուցաբերող օլիգարխները։ Սակայն թվարկած խնդիրներն էլ ՌԴ նախագահը կարծես հաջողությամբ լուծում է։ Եվ ամենեւին էլ ոչ նրա համար, որ երկարաձգի իր նախագահության ժամկետը։ Դեկտեմբերի 12-ին, Սահմանադրության օրվա առթիվ իր ելույթում նախագահը հայտարարեց, որ հիմնական օրենքի որեւէ հիմնարար կարգավորում, ներառյալ պաշտոնավարության ժամկետները, չեն վերանայվի։ Վլադիմիր Վլադիմիրովիչը պատրաստվում է պաշտոնավարել մինչեւ 2004թ., լավագույն դեպքում՝ մինչեւ 2008թ.։ Սակայն՝ ոչ ավելին։ Չինացիներն են ասում, թե լավագույնը կարճատեւ հանդիպումներն են։ Ի տարբերություն ոմանց, ՌԴ նախագահին, թերեւս, պաշտոնավարության սահմանված ժամկետը բավարար է թվում հասարակական կյանքը կարգավորելու, տնտեսությունը բարելավելու, միջազգային հարաբերությունները ջերմացնելու, պատմության մեջ անուն եւ գործ թողնելու համար։ Մի ավելորդ անգամ դրանում կարելի էր համոզվել Մոսկվայի մետրոպոլիտենի 163-րդ կանգառի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողության առթիվ նախագահի եւ մետրոպոլիտենում հայտնված մոսկվացիների երկխոսության գրեթե սիրողական նկարահանումներից, որ հեռասփռեցին ռուսական հեռուստաընկերությունները։ Ոչ ոք, նույնիսկ մեծահասակ ուղեւորներից, չէր դժգոհում ու խնդիրներ առաջ չէր քաշում։ Գրեթե բոլորը բարեմաղթություններով էին ուղեկցում նախագահին։ Նրանք միայն հաջողություններ, առողջություն ու արեւշատություն էին մաղթում։ Երեւի անցյալ երկու տարիները ռուսաստանցիներին համոզել են, որ Մարիինյան թատրոնում պատվիրակություն հյուրընկալող, կործանիչով Չեչնիա ժամանող ու Բունդեստագում գերմաներեն խոսող նախագահը ընդունակ է լուծելու ամենաբարդ խնդիրները։ Միայն թե նա լինի նախագահ։ Եվ առանձնակի կասկածներ էլ չկան, որ ժողովրդի սերն ու բարյացակամությունը վայելող, աշխարհին իր հանդեպ հարգանք պարտադրող եւ հակառակորդներին իր ուժի առջեւ խոնարհվել ստիպող այդ մարդը կմեծարվի իբրեւ ՌԴ նախագահ նաեւ պաշտոնավարության երկրորդ ժամկետում։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել