Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական

Դեկտեմբեր 15,2001 00:00

Աֆղանական փասիանս Քաղաքական համաձայնությունը Աֆղանստանում կարծես թե արդեն կայացել էր՝ կազմավորվել էր անցումային կառավարություն, որում 18 նախարարական պաշտոններ տնօրինում էր Հյուսիսային ալյանսը, իսկ 12-ը պատկանում էր պուշտունների ներկայացուցիչներին։ Կառավարությունը, որին ըստ նախնական պայմանավորվածության, ս.թ. դեկտեմբերի 22-ին նախագահ Ռաբանին հանձնելու է իշխանության ղեկը, գլխավորում է պուշտունների առաջնորդ Համիդ Կարզայը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում մնաց Ալյանսի ներկայացուցիչ, գեներալ Կասիմ Ֆախիմը։ Արտգործնախարարի եւ ներքին գործոց նախարարի պաշտոնները նույնպես Ալյանսի ձեռքին են։ Անցումային կառավարությունը իշխելու է կես տարի, որից հետո Ավագների խորհուրդը (Ջիրգան) կընտրի կառավարություն մեկուկես տարով՝ մինչեւ համաժողովրդական ընտրությունների կայացումը։ Սույն համաձայնությունից դժգոհ են մնացել ուզբեկ գեներալ Դուստումը եւ էթնիկ փոքրամասնություններից մեկը՝ խազարեյկիները։ Մեկնաբանների մեծ մասը պնդում էր, որ դա այնքան էլ կարեւոր չէ, քանզի լեզու են գտել երկու հիմնական ուժերը՝ Հյուսիսային ալյանսը եւ երկրի բնակչության 40%-ը կազմող պուշտունները։ Սակայն համաձայնության կայացումը հարթ չէր ընթանում։ Սկզբնական տարբերակով Բոննում Ալյանսին առաջարկվում էր կառավարության կազմի միայն մեկ քառորդը, ինչն իրավացիորեն մերժվեց նախագահ Ռաբանիի կողմից։ Կստացվեր, որ «մավրը արել է իր գործը՝ մավրը կարող է գնալ»։ Թվում է, թե ամերիկացիները պուշտունների միջոցով փորձում էին նորից վերմակն իրենց կողմը քաշել։ Մյուս կողմից, Կանդահարի շուրջ մարտերը ցույց տվեցին, որ այդ համաձայնությունը խիստ պայմանական է՝ պարզվեց, օրինակ, որ պուշտունների զինված ջոկատները չեն ենթարկվում գեներալ Ֆախինին եւ սեպարատ բանակցություններ են վարում Կանդահարում ու Տորա-Բորայում թալիբների հետ վերջինների հանձնման պայմանների մասին։ Կասկած է առաջանում, որ այդ բանակցությունների շնորհիվ թալիբների ջոկատների մի մասը կարող է դուրս գալ շրջափակումից, ինչը հղի է հետագա պարտիզանական գործողություններով։ Փաստորեն, առկա է ուժերի հետեւյալ դասավորությունը՝ Հյուսիսային ալյանսը եւ նրա հետեւում կանգնած Ռուսաստանը, պուշտունները եւ նրանց սատարող ԱՄՆ-ն ու Պակիստանը, գեներալ Դուստումը, որը գերադասում է «խորհրդակցել» Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ։ Ակնհայտ է, որ այդ ուժերը կարող են միասնական թիմ դառնալ, եթե «հիմնական խաղացողները» մի կողմ դնեն սեփական քաղաքական շահերը, փոխհամաձայնեցված ավարտեն պատերազմը եւ լրջորեն սկսեն զբաղվել երկրի տնտեսության վերականգնումով։ Հակառակ դեպքում՝ երկրով մեկ ցրված թալիբների մնացորդները կփորձեն անկայունության նոր ալիք բարձրացնել։ Այս տեսակետից անհանգստացնող է նախագահ Ռաբանիի՝ դեկտեմբերի 12-ին արտահայտած անակնկալ պահանջը՝ վերանայել Բոննում համաձայնեցված անցումային կառավարության կազմը մինչ իշխանության հանձնումը Համիդ Կարզային։ Արդեն 13-ին Քաբուլում տեղի ունեցավ Ռաբանիի եւ Կարզայի հանդիպումը, որից հետո հայտարարվեց, որ բոլոր անհամաձայնությունները հաղթահարված են։ Թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը՝ ցույց կտա ապագան։ Իսկ ԱՄՆ-ում նույն օրը վերջապես ցուցադրվեց մի տեսաերիզ, որից ակնհայտ է դառնում բեն Լադենի մասնակցությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը։ Համարյա միաժամանակ Պենտագոնը հայտարարեց, որ բեն Լադենը շրջապատված է Տորա-Բորայում եւ այլեւս փախչելու հնարավորություն չունի։ Կուզեինք հավատալ, քանզի բեն Լադենի կալանավորումը վերջնական բեկում կմտցներ հակաահաբեկչական պատերազմում եւ կարագացներ կայունության հաստատումը Աֆղանստանում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել