Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վիճպետծառայության նախորդ ղեկավարը մի առիթով հայտարարեց. վիճպետծառայությունը գիտի ամեն ինչ, եթե տվ

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՀԱՎԱՏԱԼ… ՎԻՃՊԵՏԿՈՄԻՆ ՀՀ վիճպետծառայության նախորդ ղեկավարը մի առիթով հայտարարեց. վիճպետծառայությունը գիտի ամեն ինչ, եթե տվյալներն են ճիշտ։ Ոչինչ չասող այս պատասխանը ոչնչացնող գնահատականի արժանացավ. մարդն առաջին դեմքերի մեջ չկա։ Հայ հանրությունը սպասում է երկրի զարգացման մասին նախագահական գնահատականներին։ Իսկ թե ինչքանով է պատմությունը դասեր տալիս, դիտարկենք որոշ թվերի ծանոթանալով։ Տնտեսության տարեկան 6-10% աճի հիշատակումները շատերի մեղմ քմծիծաղն են հարուցում։ Իսկ ահա Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյան համարձակություն ունեցավ նշել, որ այդ աճը բոլորովին էլ չի երեւում երկրում աղքատության նվազեցման գործընթացում։ Դե եթե աճ կա, այն ինչ-որ տեղ պետք է երեւա։ Խնդրեմ, հավատացեք. Հայաստանում 1997-98թթ. 1.500000-ական կգ բուսական յուղ է արտադրվել։ Փորձեք Հայաստանում գեթ մեկ ընտանիք գտնել, որն այդ տարիներին գոնե 0,5 լիտր հայաստանյան արտադրության ձեթ է օգտագործել։ Ինչ բույսից է քամվել այդ հեղուկը եւ արդյո՞ք այն օգտագործվել է հատուկ նպատակներով, հատուկ հաստատություններով։ Գտանք. այն կարող էր ստացվել 1997-ին Հայաստանի դաշտերում աճեցված եգիպտացորենի աննախադեպ բերքից։ Միայն հատիկի տեսքով հեկտարից 46,7 ցենտներ ցուցանիշին կնախանձեն անգամ ամերիկյան ֆերմերները։ Ավանդաբար եգիպտացորեն մշակող եւ դրանից ճադի կոչվող հաց թխող վրացիների մոտ այն կազմել է 27,3 ցենտներ։ Նման վիճակագրությունից հետո բոլորովին տարօրինակ չի թվա, եթե նշենք 1 հայաստանաբնակի 1998թ. սպառած ձուկ-ձկնամթերքի քանակը. 600 գրամ։ Եթե դրա կեսը պահածոյացված համարենք, ստացվում է, որ մեզանից յուրաքանչյուրը ողջ տարվա ընթացքում կերել է ընդամենը 1 սիգ։ Մեկնաբանությունն, իրոք, ավելորդ է։ Իսկ թե իրականում ինչ է կատարվել երկրում վերջին 3-4 տարիներին, մասամբ ներկայացվում է աղյուսակում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Հ.Գ. Ասելիքս ավարտել էի, երբ «Առավոտում» կարդացի ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հարցազրույցը։ Նշվել էր, որ քաղաքակիրթ երկրներում հարկերի հավաքագրումը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 25-30%-ը, երբ ՀՀ-ում այն 14,5% է։ Իտալիայում, Իսրայելում եւ Գերմանիայում այս ցուցանիշը 50-60% է, Կանադայում եւ Ֆրանսիայում՝ 17-20%, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում՝ 4-6%։ Ամբողջ հարցն այն է, թե մեկ բնակչի հաշվով ինչ է իրենից ներկայացնում երկրի ՀՆԱ-ն։ Քաղաքակիրթ երկրներում այն անցնում է $20.000-ը, զարգացող երկրներում՝ $2-3.000-ը, ՀՀ-ում՝ $500-ը։ Ստացվում է, որ զարգացող երկրների 4-6%-ը եւ մեր 14,5%-ը նույն թիվն են կազմում՝ բյուջետային $80-100։ Հարցը ՀՆԱ-ի ծավալի մեջ է. մեր բնակչությունն ունեցող երկրներից Իռլանդիայում այն $67 մլրդ է, Նոր Զելանդիայում՝ 36 մլրդ դոլար, Լիտվայում՝ $17 մլրդ, Լիբանանում՝ $16 մլրդ, ՀՀ-ում՝ $2 մլրդ։ Մեկնաբանությունները՝ ՀՀ տնտեսագիտական մտքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել