Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ

Դեկտեմբեր 18,2001 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՌԿԱԾ ՏԵՂԻՑ ԴԵՌ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑԵԼ Նախորդ դատական նիստը անցավ գերլարված մթնոլորտում։ «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Կարեն Հունանյանը բացարկ հայտնելու փորձ արեց դատավոր Սամվել Ուզունյանին, անհարգալից վերաբերմունք ցույց տալով դատավարության մասնակիցների նկատմամբ՝ հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին։ Դատաքննությանը հետեւողները հարցնում էին. ինչո՞ւ են փաստաբանները եւ մեղադրողները շարունակում իրենց հարցերը տալ, եթե ամբաստանյալը չի պատասխանում դրանց։ Ս. Ուզունյանը տվել էր պատասխանը. ամբաստանյալն իրավունք ունի չպատասխանել, դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հարցեր տալ։ Եվ ոչ ոք չի կարող նրանց զրկել իրենց իրավունքներից։ Ի դեպ, ուշացած էր դատավորի խստացումը՝ տվյալ դեպքում ամբաստանյալ Կ. Հունանյանի հարցում։ Նա կոչ արեց. «Եկեք ինքներս պատանդ չհանդիսանանք ամբաստանյալին, որը զանազան միջոցներով, զանազան հնարքներով փորձում է դատավարության բնականոն ընթացքը խաթարել»։ Դատավորը «հիշեցրեց» ամբաստանյալին. «Մոռացել եք, որ ինքներդ ամբաստանյալ եք եւ ամբաստանվում եք քրօրի ամենածանր հոդվածներով»։ Սակայն մի՞թե դատավորը մինչ այդ չէր լսում, թե ինչպես էր ամբաստանյալ Կ. Հունանյանը ճաղավանդակի ետեւից սպառնում մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին՝ «Հաագայում ենք հանդիպելու» ասելով։ Թերեւս, քրեական գործ հարուցելու նախադեպ ստեղծվեց նաեւ մի քանի նիստ առաջ, երբ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը ցինիկ հայհոյանքով «զրուցում» էր արդեն դահլիճում նստած տուժողի հարազատներից մեկի հետ։ Արդյունքո՞ւմ։ Մենք ունեցանք դեկտեմբերի 14-ի միջադեպը. Դեմիրճյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն իր ձեռքի ժամացույցը շպրտեց ամբաստանյալ Կարեն Հունանյանի վրա, երբ վերջինս հանդիմանեց, թե «կեղեքիչի» ես պաշտպանում։ Երեկ դատական նիստը սկսվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանի հայտարարությամբ։ «Պետք է փաստենք, որ մենք գտնվում ենք ապացույցների հետազոտման սկզբնական փուլում։ Միգուցե գործի ծանրությունը, բարդությունը, ինչու չէ, նաեւ այլ հանգամանքներ ավելորդ լարվածություն են ստեղծում, որը նաեւ հասկանալի է։ Դատավարության մասնակիցների նյարդերը երեւի թե տեղի են տալիս, որն արտահայտվում է ամենաթույլատրելի ձեւերով։ Կոչ անելով զսպվածության՝ պետք է նշեմ, որ զոհերի հարազատներն ամենապարկեշտ խոհեմությամբ են տանում իրենց վիշտը։ Եվ ոչ միայն նրանք։ Ժողովուրդը, հասարակությունը, որը հետեւում է դատավարությանը։ Եվ նրանք չեն հանդուրժի դատաքննության՝ նման ձեւեր ստանալը, կարելի է ասել ձախողելը։ Միտումը, չգիտես ինչու, երեւում է վերջին նիստերում։ Ես որպես նախագահող հայտարարում եմ. հավատարիմ եմ օրենքին։ Կոչ եմ անում ղեկավարվել օրենքով։ Արտոնություններ դատավարության մասնակիցներից որեւէ մեկի համար չեն լինելու։ Նախազգուշացնում եմ, որ դատարանը ձեռք կառնի ամենախիստ միջոցները, որպեսզի կանխի նման գործողությունները»։ Դատավորը մի ուշագրավ միտք էլ հայտնեց. «Ես դա կարող եմ դիտել ոչ թե անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, այլ՝ գործողություններ ուղղված ընդդեմ արդարադատության կայացմանը» (ինչպես գիտեք, միջազգային իրավունքի տեսակետից վերջին միտքը կարող է ուշագրավ զարգացումների տեղիք տալ. դատավորի արդարադատությունն իրականացնելու ճանապարհին ծագած խոչընդոտների քննության առումով)։ Բավարարվելով սույն հայտարարությամբ, կողմերը փորձեցին հարցաքննությունը շարունակել։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն անիմաստ համարեց հարցերը շարունակելը։ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Տիգրան Ջանոյանի եւ Օլեգ Յունոշեւի հարցերը նույնպես մնացին անպատասխան։ Ամբաստանյալ Կ. Հունանյանը խռովկանի տեսք էր ընդունել եւ հրաժարվում էր փաստաբանների հարցերին պատասխանել։ Վերջիններս էլ տակտիկական նկատառումներից ելնելով՝ ճիշտ ժամանակին դադարեցրին հարցաքննությունը։ Հնչածը վերաբերում էր Եվպատորիայի նրա գործունեությանը, քննչական փորձարարությանն ու տեսաերիզին։ Ի դեպ, նախորդ նիստին դատարան էին հրավիրվել 1999թ. «Հոկտեմբերի 27-ի» գործով տուժած պատգամավորները։ Նրանք, ինչպես գիտեք, 91-ն են եւ հարցեր պիտի տային ամբաստանյալ Կ. Հունանյանին։ Սակայն չժամանեցին, ինչպես չեն ժամանել եւ նախորդ դատական նիստերին (դիտորդների գնահատմամբ, ԱԺ պատգամավորները դեռ պառկած տեղից չեն բարձրացել)։ Մինչդեռ այս նույն պատգամավորներից շատերն էին «իրենց ձեռքերով» գրել, օրինակ. «Կարեն Հունանյանը կանգնած էր Ն. Հունանյանի թիկունքում, զենքը ձեռքին ուշադիր հետեւում էր դահլիճին։ Հանցախմբում իր դերը կարծես թե երկրորդն էր Ն. Հունանյանից հետո»։ Կամ՝ «Առաջին պահին դա անակնկալ էր եւ անհասկանալի էր, թե ինչ էին ուզում անել։ Միակ հասկանալին այն էր, որ հստակ եկել էին սպանելու վարչապետին», «Թե ինչ պահանջներ ունեին նրանք՝ չէին ասում, միայն պահանջում էին ուղիղ եթեր», «Խոսել եմ Դերենիկի հետ, երբ կանգնած էր կառավարության մուտքի դռան մոտ, Միրոյանի դիակի կողքին, հարցրի, թե Վազգենին էիք ուզում խփել՝ ինչո՞ւ այստեղ եկաք, պատասխանեց, թե նման հարցեր իմ գործը չեն, ինձ ասել են կրակի, կրակել եմ, իմ գործը կրակելն է։ Արդեն հաց կար, նա մի կտոր կերավ, ես առաջարկեցի, որ էլի ուտի, հրաժարվեց, ասելով, թե քունը կտանի, եթե շատ ուտի, երկու գիշեր չի քնել»… Տուժողները չկային։ Նիստն այդ պատճառով ընդհատվեց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել