Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Մելիքիչը՝ Ռոբերտ Քոչարյանով

Հունվար 12,2002 00:00

Խոսրով Մելիքիչը՝ Ռոբերտ Քոչարյանով Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ ընդհանրապես համերգներում ընդգրկված մշակույթի գործիչներին եւ համերգասրահներին Խոսրով Հարությունյանի ունեցած պարտքերի մասին բազմիցս գրվել է։ Արդեն անգամ առանձին-առանձին խոսակցություններ կան, թե Խ. Մելիքիչն ում ինչքան է պարտք։ Սակայն չի խոսվել, թերեւս, այն մասին, թե Խ. Հարությունյանն ում ինչպես է, այսպես ասած, «գցել», ում անունը տալով, որից հետո ոչ ոք չի համարձակվում բարձրաձայն ասել այդ մասին՝ վախենալով, թե վերեւներից իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն։ 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման համար ձեւավորված խմբին Խոսրով Մելիքիչը տեղավորել էր Հայֆիլհարմոնիայի փոքր համերգասրահի սենյակներից մեկում։ Խումբը գլխավորում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։ 2001թ. ապրիլ ամսից մինչեւ 2001թ. նոյեմբերի 1-ը, խումբը, ըստ հավաստի լուրերի, առավոտից մինչեւ ուշ գիշեր գտնվել է այնտեղ։ Վերջիններս այնտեղ սովորաբար, համերգասրահի աշխատակիցներից մեկի պնդմամբ, ուտել-խմելով են զբաղվել։ Անգամ «դեբոշներ» սարքել։ Խոսրով Հարությունյանը, ըստ մեր ունեցած տվյալների, դիմել է համերգասրահի տնօրինությանը՝ պնդելով իրեն անվճար տարածք տրամադրել, քանի որ դա «Ռոբերտ Քոչարյանի հրամանն է»։ Սակայն համերգասրահի տնօրեն Գագիկ Տեր-Ղազարյանը հերքեց այն՝ ասելով, որ Խոսրով Հարությունյանը նամակով դիմել է դեռեւս նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, որն էլ իրեն հանձնարարել է անվճար սենյակ հատկացնել նրանց։ Ի դեպ, Տեր-Ղազարյանը հերքեց նաեւ այնտեղ դեբոշներ լինելու մասին մեր ունեցած լուրը։ Մեր հարցին, թե ինչո՞ւ է համերգասրահում անվճար սենյակ հատկացվել իրենց, երբ մյուսներին նման հնարավորություններ տրվում են միայն բարձր վարձավճարներով, Տեր-Ղազարյանը պատասխանեց. «Քաղաքապետն էր խնդրել»։ Մեր հաջորդ հարցին, թե ով ցանկանա՝ կտրամադրե՞ք, վերջինս պատասխանեց. «Առանց քաղաքապետի հանձնարարության՝ ոչ»։ Պարզվեց, որ բացի վարձավճարից, խումբը չի վճարել նաեւ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված գումարը։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի պատճառաբանությամբ իրենք այնտեղ միայն ցերեկներն են եղել եւ նույնիսկ սենյակը լուսավորելու անհրաժեշտություն չի եղել։ Ըստ Գ. Գեւորգյանի, այն ամիսներին, որ իրենք գտնվել են այնտեղ, եղանակը տաք է եղել, եւ սենյակը ջեռուցելու կարիք էլ չեն ունեցել։ Գեւորգ Գեւորգյանին չհավատալու որեւէ հիմք չունենք։ Շատ հնարավոր է, որ սենյակը լուսավորելու անհրաժեշտության դեպքում էլ նրանք հրաժարվել են վառել լույսը՝ խնայելով ոչ միայն համերգասրահի էլեկտրաէներգիան, անգամ իրենց՝ 1700-ամյա քրիստոնեություն ունեցող պետության։ Ջեռուցում նույնպես կարող է մարդկանց պետք չի եղել։ Հոկտեմբեր ամսին նրանք կարող էին դիմանալ ու չմրսել, ինչքան էլ որ ամառ-ձմեռ համերգասրահի սենյակներում ցուրտ է։ Բայց թե համակարգիչներն ինչքան էլեկտրաէներգիա են խլում, դա արդեն նրանց չի մտահոգել։ Այդ բոլոր ծախսերի դիմաց, միեւնույն է, վճարելու էր համերգասրահի տնօրինությունը։ Համերգասրահի տնօրեն Գագիկ Տեր-Ղազարյանի խոսքերով, դա այնքան էլ մեծ գումար չի եւ բացի այդ, ինչպես Տեր-Ղազարյանը վստահեցրեց. «Դա վճարում է քաղաքապետարանը»։ Իսկ քաղաքապետարան ասելով, նա նկատի ուներ պետբյուջեից իրենց հատկացվող գումարները, որից իրենք նաեւ կվճարեին այդ գրասենյակի ծախսած էլեկտրաէներգիայի վարձը։ Իհարկե, սա չափազանց բարի ու մեծ գործ է, որին թերեւս շատերը պետք է հետեւեն։ Բայց ինչո՞ւ նույն մոտեցումը նրանք չեն ցուցաբերում նաեւ մյուսների հանդեպ, երբ նրանց բավականացնում է, դեռ մի բան էլ ավելի են բյուջեով հատկացված գումարները։ Մարդիկ չգիտեն՝ ում լավություն անեն այդ գումարներով, ում էլեկտրաէներգիայի վարձը վճարեն… Բայց այստեղ ամենակարեւոր գործոնն այն է, որ դիմողը պետք է անպայմանորեն վկայակոչի կշիռ ունեցող որեւէ պաշտոնյայի։ Ինչպես Խոսրով Մելիքիչը։ Իսկ նա դա շատ լավ գիտի ու միշտ ամենավերեւներից է բռնացնում։ Ռոբերտ Քոչարյանից։ Ահա թե ինչեր կարող է անել Ռոբերտ Քոչարյան անունը։ Մյուսներն էլ կարող են տալ այդ անունը։ Հո Ռոբերտ Քոչարյանը չգիտի, թե ով որտեղ իր անունը տվեց։ Կարեւորը, որ այդ ժամանակ բոլոր փակ դռները կբացվեն։ Անգամ այդ դեպքում բյուջեն ոչ թե քչությունից է ճեղքվածք ստանում, այլ մեծությունից… Իսկ մենք համոզվեցինք, թե մեր մշակութային կենտրոնների բյուջեները որչա՜փ մեծ են։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել