Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բխում տնտեսվարողի շահերից

Հունվար 12,2002 00:00

Չի բխում տնտեսվարողի շահերից Հարկային վերջին «բարեփոխումները» չարիք կդառնան մեր երկրի տնտեսության համար: 2002թ. դիզելային վառելիքի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվում է լրացուցիչ 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճար՝ անկախ վճարողների տնտեսական գործունեության արդյունքից եւ մաքսային արժեքից, որում դիզելային վառելիքի ԱԱՀ հաշվարկային մեծությունը ընդհանուր գումարի մեջ ընդունվում է 68,7%։ Սկզբնական շրջանում ներկրվող վառելիքից հնարավոր է հարկել գումարներ, սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ վառելիքի գնի բարձրացմամբ կնվազի պահանջարկը, քանի որ իրացումը հիմնականում պետք է կատարվի գյուղատնտեսական աշխատանքների կատարման ուղղությամբ, իսկ գյուղացին գնելու հնարավորություն չի ունենալու եւ, ստիպված, զրկվելով հողի մեքենայացված աշխատանքների ծառայություններից, կանցնի մշակման նախնադարյան եղանակին՝ բահ, բրիչ եւ գութան, իսկ որպես տրանսպորտային միջոց կընտրի ձին, էշը, եզը, սայլը եւ ֆուրգոնը։ Ի՞նչ կշահեն դրանից պետական բյուջեն եւ գյուղատնտեսությունը։ Նախագահ Ռ. Քոչարյանը ամենուր հայտարարում է, որ աջակցում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը՝ խրախուսելով վարկերի եւ օգնության տրամադրումը, սակայն հարկային բարեփոխումների փաթեթով խոչընդոտում է ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Ցանկացած նոր ձեռնարկվող գործունեության համար պահանջվում է պետական ամենամյա տուրք՝ լիցենզիա (կամ թույլտվություն) ստանալու համար։ Տնտեսվարողների մի մասը, հնարավորություն չունենալով մուծել լիցենզիայի համար նախատեսված ամենամյա տուրքը, ստիպված կլինի դադարեցնել գործունեությունը։ ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 20-ի նիստում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար 20 մլն դրամ օգնություն է հատկացվել, մինչդեռ «հարկային բարեփոխումների» փաթեթում յուրաքանչյուր լիցենզիայի ստացման համար ամենամյա տուրքի չափը, օրինակ, դեղերի արտադրման համար, 200 հազար դրամ է, դեղատնային գործունեության համար՝ տարեկան 50 հազար դրամ։ Այնպես որ, կառավարությունը շա՜տ մեծ ուշադրություն է դարձնում եւ շա՜տ «շահագրգիռ» է լիցենզիայի անվան տակ ավելի մեծ «տուրքեր» սահմանելու գործում։ Ինչպես, օրինակ, վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի համար բազային տուրքի չափը 25 մլն դրամ է, որը 5 միլիոնով գերազանցում է ձեռնարկատիրության զարգացման համար տրամադրված գումարին։ Հսկիչ դրամարկղային մեքենաները արտասահմանյան զարգացած երկրներում տեղադրվում են տնտեսվարողների ցանկությամբ՝ աշխատողներին հսկելու եւ գողությունը կանխելու նպատակով։ Իսկ մեր երկրում կառավարությունն է ստիպում տեղադրել, ելնելով նեղ անհատական շահերից՝ ՀԴՄ ներկրողների, հարկային գործակալների եւ այդ բնագավառի հետ առնչություն ունեցող պետական այրերի։ Առաջին անգամ խախտումի դեպքում տուգանքի չափը 150 հազար դրամ է, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում 300 հազար դրամ, պարզ է, որ տնտեսվարողին ձեռնտու է առաջարկել կաշառք, քան տուգանվելու դեպքում այդպիսի գումարներ մուծել պետբյուջե։ 1999թ. ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լ. Բարխուդարյանը հայտարարեց, որ բյուջեի թերակատարման պատճառ հանդիսացան ՀԴՄ-ների տեղադրումը եւ ծխախոտի ու բենզինի նկատմամբ սահմանված ակցիզային հարկը։ Սակայն այս փորձը բավարար չեղավ կառավարությանը եւ 2000թ. դեղորայքի վրա դրվեց ԱԱՀ, որը գումար չբերեց բյուջե, այլ ունեցավ բացասական հետեւանքներ՝ դեղերը թանկացան, մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրվեց կեղծ դեղորայք, թանկացման պատճառով հիվանդները ի վիճակի չեղան գնելու, ինչի հետեւանքով ավելի սրվեց հիվանդների վիճակը, ավելացավ մահացության թիվը։ Գոյություն ունի եւ գործում է հաստատագրված վճարների մասին օրենքը, ինչո՞ւ չեն ամբողջությամբ անցնում հարկման այդ եղանակին, ո՞վ եւ ի՞նչն է խանգարում դրան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաստատագրված վճարով աշխատող հարկատուները, ըստ ելակետային տվյալների, բարեխղճորեն կատարում են իրենց ամսական բոլոր տիպի մուծումները։ Արդյոք իմաստ ունի՞ նրանց ստիպել կատարելու բազմաթիվ գրանցումներ ու լրացումներ, ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ, նշանակել դրանց ներկայացման համար ժամկետներ, իսկ խախտման դեպքում՝ ենթարկել մեծ չափերի տույժ ու տուգանքների։ Հարկատուների կողմից մուծված ամսական գումարները նստում են հարկային հաշվի վրա եւ պարզ երեւում է մուծվածը եւ չմուծվածը։ Ավելի նպատակահարմար կլիներ, որ հարկային տեսուչները կողմնորոշվեին անհատական քարտերով, դրանց հիման վրա կատարեին գրանցումներ՝ հարկատուներին հնարավորություն տալով զբաղվելու իրենց գործունեությամբ։ Օրենքի պահանջներով հարկատուները ստորադասվում են հարկային գործակալներին, որոնք սնվում են հարկատուի քրտինքով. ե՞րբ պետք է գիտակցեն այս փաստը, որ հարկատուն ավելի մեծ արժեք ու արժանապատվություն ունի, քան իրենք՝ տեսուչները։ Հաստատագրված վճարի հարկման եղանակին անցնելու դեպքում անհրաժեշտություն չի լինի պահել մեծաքանակ թվով հարկային տեսուչներ։ Կրճատվելով այդ համակարգից, նրանք կներգրավվեն ձեռնարկատիրական գործունեության մեջ եւ կդառնան պարտաճանաչ հարկատուներ։ ԱԺ ներկայացված «Հարկային բարեփոխումների» նախագիծը պատգամավորների գերակշռող մասին չի հետաքրքրել եւ քննարկմանը չեն էլ մասնակցել, նրանցից շատերին հետաքրքրում են իրենց անձնական եւ խմբակային նեղ շահերը։ «Հարկային բարեփոխումների» ծրագրին պատրաստ ենք մասնակցել եւ ներկայացնել տնտեսության բոլոր բնագավառներում հարկատուների ծավալած գործունեության համապատասխան «հարկային բարեփոխումների» փաթեթը։ ԳիԱրՔՄի սոցիալ-տնտեսական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031