Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՍ՝ ԲԱՐԻ՜-ԲԱՐԻ՜

Հունվար 18,2002 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՍ՝ ԲԱՐԻ՜-ԲԱՐԻ՜ Կառավարության երեկվա նիստի լուսաբանմանը եկած լրագրողներին քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը խորհուրդ տվեց մի քիչ «շտապել, թե չէ՝ կմրսենք»։ «Ա-ա՜, ջեռուցում ա՞լ չունիք, ա՛դ ալ կգրենք»՝ անեկդոտի ոգով արձագանքեցինք լրագրողներս։ Մեզ փոխանցեցին նաեւ վարչապետի հորդորը նախարարներին՝ «Ոչ մի սահմանափակում լրագրողների համար»։ Տրվեց անգամ հարց՝ «Ո՞ր նախարարին կուզեիք…» (ենթադրաբար՝ տեսնել եւ հարցեր ուղղել-Ա.Գ.)։ «Հայկական ժամանակը» «ուզեց», բնականաբար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ «ՀԺ»-ի ցանկությունը չկատարվեց. անցնենք նիստի օրակարգին։ Երեկվա նիստում քննարկված հարցերից կառավարությունը հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող համարել էր երկուսը, որոնք ներկայացրած նախարարները եւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահն էլ ճեպազրույցի գլխավոր գործող անձինք էին։ Երեկ կառավարությունը մի քանի անգամ իր բարությունն է ի ցույց դրել՝ դրսեւորելով, ինչպես նախարարներն էին ասում, «բարի կամքի արտահայտություններ»։ Մասնավորապես, կառավարությունը վերցրել ու պարզեցրել է «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքով եւ մի շարք կարգերով նախատեսված՝ շինարարություն կատարելու համար թույլտվություն ստանալու բարդ ընթացակարգը, որը «առաջ էր բերում եւ ժամանակային, եւ ֆինանսական լուրջ ծախսեր, որպեսզի քաղաքացին կամ ինվեստորը ստանար շինարարության թույլտվություն համապատասխան համայնքապետերից»։ Դա, ըստ քաղաքաշինության նախարար պրն Լոքյանի, հատկապես սուր է Երեւանում, որտեղ «կա ինվեստորների հոսք, ինտենսիվ շինարարության խնդիրներ են դրվում»։ Ի դեպ, ինտենսիվ շինարարության մասին։ Կանաչապատ տարածքների հաշվին դրա իրականացման մասին լրագրողի հարցին պատասխանելիս պրն Լոքյանը՝ դավաճանելով հին, բարի դաշնակցական ավանդույթներին, «բացահայտվեց» իբրեւ «կանաչին շատ ավելի մոտ կանգնած մարդ, քան շինարար»։ Մի հանգամանք, որ զգոնության դրդեց նրա կողքին նստած բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին. «Քիչ առաջ լսեցի, որ բոլոր նախարարները կես դրույքով բնապահպանության նախարար են»։ Բնական ենք համարում այն, որ քաղաքաշինության նախարարը բնական է համարում մայրաքաղաքի զարգացումը, այդ թվում նաեւ երբեմն՝ կանաչապատ տարածքների հաշվին. «Երեւանը որ այսքան զարգացել է, տեղում կանա՞չ չի եղել»։ Որպես օրինակ բերելով անտառային զանգվածի տեղում Մարզահամերգային համալիրի կառուցումը։ Բնականը՝ բնական ենք համարում, բայց որ Երեւանն այսքան «զարգանալու», այսինքն՝ կառուցապատվելու տեղ չուներ, դա բնապահպաններն են ասում։ Ինչեւէ, Երեւանը եւ ոչ միայն, այսուհետեւ կարող է ավելի հեշտ կառուցապատվել. քաղաքացուն վերոնշյալ փոփոխությամբ ազատել են չինովնիկից (մեջբերում՝ համարյա ըստ Դ. Լոքյանի)։ Կառավարության բարի կամքը դրսեւորվել է նաեւ Մեղրիի հյուրանոցը անհատույց Մեղրիի համայնքին հանձնելու որոշմամբ, որը Մեղրիի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում է։ Մեր հարցին, թե ինչքան է նշանակալից այդ հյուրանոցը վերոնշյալ ծրագրում, պրն Լոքյանը պատասխանեց, որ այն ծրագրի ամենափոքր հարցերից մեկն էր, ուղղակի այն ընդգրկված է եղել երեկվա օրակարգում։ Մանավանդ որ, դրանով լուծվելու է 12 անօթեւան ընտանիքների հարցը։ Իսկ մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե Մեղրին զարգացնելը պետք է սկսել գործարանների վերաբացումից, նոր արտադրությունների հիմնումից, մարզի բնակչության թվի ավելացմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներից եւ այլն։ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հայտնեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերի եւ կենսածին տարրերի, ծանր մետաղների կամ դրանց միացությունների, այլ նյութերի ցանկը հաստատելու մասին» որոշումը, որը բխում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքից։ Բնապահպանության նախարարության կազմում նաեւ ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, որը ՀԲ-ի կողմից մշակված Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ծրագրի շրջանակներում էլ պետք է ստեղծվեր։ Այս մարմնի տարբերությունը մեկ այլ մարմնից՝ Ջրային տնտեսության պետական հանձնաժողովից, ըստ պրն Այվազյանի՝ այն է, որ վերջինս ջրօգտագործող է, իսկ նորաստեղծ գործակալությունը՝ ռեսուրսի տերը։ Պրն Այվազյանը հավաստիացրեց, որ թեեւ գործակալությունը ֆինանսավորվելու է բյուջեից, սակայն այն չի ծանրաբեռնի, այլ կօգտվի արդեն առկա ներքին ռեսուրսներից։ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ պատմության հուշարձան հանդիսացող եկեղեցիները անհատույց սեփականության իրավունքով կառավարությունն իր բարի կամքով փոխանցում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Կառավարության բարի կամքի դրսեւորումները ներկայացնելիս բանախոսները չէին մոռանում հատկապես շեշտել վարչապետի դրական դերակատարությունը դրանցում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել