Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ չենք զգում

Փետրվար 02,2002 00:00

Մենք էլ չենք զգում Անկախ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության վերջերս հաճախակի փոփոխվող պետերի ով լինելուց եւ այդ բաժնի աշխատանքային պայմաններից, բոլոր պետերն էլ պնդում էին, որ ոլորտով հետաքրքրվող մամուլի ներկայացուցիչների համար ծով տեղեկատվություն են ապահովելու։ Ավաղ, առայժմ անգամ առվի հետք չի նշմարվում, որը եւ որոշ լրագրողների ստիպում է գրավոր անհանգստացնել նորանշանակ նախարարին։ Նման մի առիթով օրերս լրատվական ծառայություն հրավիրվեցի։ Այն հարցին, թե ինչ լրատվության պահանջի մասին է խոսքը, նշեցի՝ ցանկացած։ Հենց տեղում պարզվեց, որ այդքան ընդգրկուն պահանջը բավարարել հնարավոր է նախարարության ընդլայնված կոլեգիայի աշխատանքն անցկացնելուց հետո։ Թե ինչու է ամենապարզ տեղեկատվություն ստանալը կապվում նման ծավալուն միջոցառման հետ, ավելի քան տարօրինակ է։ Երբ, ասենք, խոսքը վերաբերում է Վրաստան էլէներգիայի առաքման նպաստավոր փաստին, այն տրվում է անմիջապես։ Իսկ երբ խնդրվում է որեւէ լուր այդ էլեկտրական հոսանքը արտադրող կայանների աշխատանքի ցուցանիշների վերաբերյալ, առաջարկվում է սպասել։ Մամուլի աշխատողի ու ընթերցողի մի տեսակը սպասելը անհասկանալի երեւույթ է համարում։ Նա հարկեր է վճարում, դրանով պետական պաշտոնյաներ է վարձում, որպեսզի հանրությունն անհրաժեշտ տեղեկատվություն ստանա։ Մինչ այն ունենալը փորձենք ասելիքը կառուցել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համադրման օգնությամբ։ 2000-ի նոյեմբերին, երբ Մեծամորի ԱԷԿ-ը չէր աշխատում, Իրանից իրականացվել է 108 մլն կվտ/ժամի ներհոսք, որը ժամային առումով կազմում է 150 մվտ։ Դեկտեմբերին, երբ ԱԷԿ-ն աշխատում էր ողջ հզորությամբ, ներկրումը կազմել է 65,3 մլն կվտ/ժամ (91 մվտ)։ Տարօրինակ չէ՞ ատոմակայանի ամենազորության շուրջ խոսակցությունների պարագայում եւ հենց նման հարցեր չստեղծելու նպատակով չէ՞ արդյոք տեղեկատվական խոչընդոտ մոգոնվում։ Չհարցնենք, թե այսօր իրականացվող 130 մվտ արտահանումը մասամբ կամ հիմնականում Իրանից ներկրվողը չէ արդյոք։ Չէ՞ որ համանման գործընթացներ արձանագրվում են տնտեսության այլ ոլորտներում եւս, երբ, ասենք, ցորենի արտահանում է հիշատակվում։ Հունվարի 17-ին տրվեց նախարարության 2001թ. 11 ամիսների գործունեության արդյունքները. դրանք մի շարք առումներով աննպաստ են զարգացում ակնկալող երկրի համար։ Մասնավորապես սեփական էներգակիր համարվող ջրային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է ամբողջ 270 մլն կվտ/ժամով։ Նոյեմբերին ԱԷԿ-ի 6-ամյա վերաշահագործումից հետո էլ մասնագետների խոստացած 2,85 մլրդ կվտ/ժամ էլարտադրությունը չի իրականանում, հազիվ կազմելով 2 մլրդ կվտ/ժամ, որի 200 մլն կվտ/ժամը ծախսում է հենց կայանը։ Ըստ ՀՀ նախագահի մեկնաբանության, փոփոխություններ հանրության լայն շրջանակները զգալ չեն կարող։ Ցավոք, արձանագրվածը չեն զգում անգամ լրագրողական նեղ շրջանակները, ուր մնաց՝ ընթերցող-ընտրողները։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել