Լրահոս
Օրվա լրահոսը

վահրամ մարտիրոսյան

Փետրվար 02,2002 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում աթոռակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: Վերջինիս Ժոսլին որդին եւ դուստրը` միանձնուհի Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը, նույնպես փախստականների թվում են: Թագավորը, որի ռազմարշավի նպատակը մեկ տարի առաջ գերված կոմսի ազատագրումն էր, գերի է ընկնել: Թշնամուց մազապուրծ Եվմորֆիա թագուհին նույնպես Բեհեսնի է ժամանում: Շուտով թուրքերը գրավում են Խառան կարեւոր բերդաքաղաքը: Լուր է հասնում, որ Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոս Ռուբինյանն էլ Սիս բերդաքաղաքն է խլել խաչակիրներից, որոնց Լեւոնի ցույց տված աջակցելությունից նա դժգոհ էր. դրանով կրտսեր եղբայրը խախտել էր միասին ամիրայի հետ կնքած պայմանը: Թորոսը նաեւ Ժոսլին Տղային, որն իր քրոջորդին է, հրապուրում է Կիլիկիա` խոստանալով գումար տրամադրել հոր փրկագնման համար: Մի խնջույքից հետո տեր Մատթեոսն ու միանձնուհի Ստեֆանին կենակցում են: Քահանային, որը հոգեկան ճգնաժամի մեջ է եւ նույնիսկ Լեւոն իշխանի կանչով չի գնում պալատ, մի քանի բեհեսնեցի երիտասարդ հայտնում են, որ մտադիր են թաքուն ներթափանցել ամիրայի նստավայր Խարբերդ եւ ազատել թագավորին ու մյուս գերիներին: Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: 63. պահապանները խարդավանալից ժպտում էին դարպասը բացելիս, երբ ես նորից ուշ էի վերադարձել հավաքչությունիցս: Պատճառն Աստծուն էր հայտնի: Կամ միգուցե այն էր, որ դարպասամիջանցքի ներքին դռների մոտ Ստեֆանի դը Կուրտընեն էր սպասում` կրծքին մի հայերեն Ավետարան սեղմած: Չնայած որ ոչ հեռու կուպրե ջահ էր վառվում, ձեւացրի, թե չեմ նկատել: Նա քայլեց ետեւիցս` շշուկով, հետո ավելի բարձր ձայնելով` «Տեր Մատե՛: Տեր Մատե՛»: Հետո պարզապես` Մատե, որից սիրտս կրծքիս մեջ փլվեց` կանգնեցի: Նա մոտեցավ` խնդրելու, որ օգնեմ իրեն: Հայրը Խարբերդից գաղտնի նամակ էր ուղարկել զավակներին, որը հայերեն էր, իսկ Ժոսլին Տղան, որ կարդում էր մեր լեզվով, արդեն այստեղ չէր: «Եթե ի սեր ինձ դժվարանում ես, գոնե Եդեսիայի թագավորի սիրույն արա»` եզրափակեց նա: Ասում էին, որ կոմս Ժոսլինն ավելի շատ էր հոգ տանում եդեսացիների մասին, քան իր նախորդները` երկու Բալդուինները, որ Երուսաղեմի թագավոր դարձան, եւ հատկապես նրանց քեռորդի Ռիչարդ Սալերնացին, որի դեմ բողոքեցին թե՛ Երիցանիների Խորհուրդը, թե՛ բնակիչները, երբ 1104 թվականին նրա անխոհեմության պատճառով թուրքերը մտան Ուռհայի դարպասներից ներս, չորս հարյուր հիսուն հոգի սպանեցին եւ, գլուխները մաշկահան անելով, հեռացան: Բայց, կոմսի դուստրը, հորը թագավոր հորջորջելով՝ բերանացի ընդունվածի նման, մոլորվում էր` կարծելով, թե ես որեւէ բան կկատարեի Ժոսլինի «սիրույն», երբ չէի մոռացել նրա գազանային բնավորությունը, որից իբր հրաժարվել էր վերջին տարիներին: Անշուշտ, չնչին մի ծառայություն մատուցելն էլ չէի մերժելու, միայն տարակուսեցի, որ նամակը հայերեն է, որով կոմսը խոսում էր, բայց գրել-կարդալ չգիտեր: Ստեֆանին պարզաբանեց, որ, ըստ նամակաբերի, հայ բանտապահները հոր ասածները մի ազգակից քահանայի են հաղորդել, որը եւ գրառել է: Տանը հնարավոր չէր կարդալ` բոլորն արդեն ճրագները մարած – պառկած կլինեին, միանձնուհու սենյակում էլ այդ ժամին չէինք կարող երկուսով առանձնանալ: Նա առաջարկեց գնալ թագուհու ապարանք, որտեղ հասնելով` Մարգարիտ դը Գրենիեի ննջարան մտանք: Կոմսուհին այնտեղ չէր, մի ֆրանկ սպասուհի էր սենյակը հավաքում, որը մեզ տեսնելով` խոնարհվեց ու հեռացավ: Նստեցինք փոքր, բարձր զարդասեղանի շուրջ, դիմաց-դիմաց: Միանձնուհին ինձ մեկնեց ձեռքի Ավետարանը, որն անշուք կազմով գիրք էր: Հարցրեցի, թե ինչու՞ է տալիս: Պատասխանեց` կարդալու համար, որովհետեւ դա է որ կա նամակը: Խարբերդցի քահանան մագաղաթ չէ՞ր ունեցել, թե՞ այսպես ավելի անվտանգ էր եղել կոմսի ուղերձն ամրոցից դուրս բերելը` այն շարադրել էր Կտակարանի լուսանցքներում: Ժոսլին դը Կուրտընեն տեղեկացնում էր, որ Բալակ ամիրան շատ փոքր` երկու հարյուր հիսուն հոգանոց կայազոր է թողել իր մայրաքաղաքում: Նկարագրելով, թե զինվորներն ինչպես են ներսում տեղաբաշխված, կոմսը ենթադրում էր, որ եթե մի քանի հարյուր հոգի, ծպտված, ներթափանցեն Բալակի երկիրը եւ կուտակվեն Խարբերդի դիմաց, հաջողությամբ կգրոհեն ամրոցը: Ֆրանկները չէին անցնի թուրքերի պահակակետերը` տեղացիներից խիստ տարբերվելով արտաքնապես, բայց կոմսության հայերը կկարողանային: Նրանց գործը կհեշտացներ նաեւ այն, որ հայերն ամբողջ թաղամասեր են զբաղեցնում քաղաքում, իսկ միջնաբերդում էլ ցերեկը ծառայում էին: Դրվատելով մեր ազգը` որպես քաջ, նվիրված ու հավատացյալ, կոմսն իր երեխաներին հրահանգում էր հիսունական ոսկի խոստանալ արշավի մասնակիցներին, քանի որ հայերը չեն խանդավառվի մի ձեռնարկով, որտեղ փողի շահ չունեն: Նրա ծրագիրը պետք է պատմվեր թագուհուն, եթե դեռ Բեհեսնիում էր, եթե` ոչ, ապա` Լեւոն Ռուբինյանին: Կոմսը շեշտում էր, որ ամեն ինչ արվի հույժ ծածուկ, որպեսզի թուրքերի լրտեսները հանկարծ հոտը չառնեն: – Խարբերդի աշտարակները բարձր են, իրարից ընդամենը կես նետընկեց հեռու: Քանի՞ զինվոր պետք է աննկատ մոտենա, որ ուժները պատի պաշարել,- բարձրաձայն կշռադատեցի ես: Ստեֆանին ասաց, որ դա իր ըմբռնողությունից վեր է, բայց հոր ցանկությունը կկատարի ամեն գնով: Ես հետաքրքրվեցի, թե ինչ է մտադիր անել: Պատասխանեց, որ նախ կդիմի թագուհուն ու Լեւոնին, իսկ եթե նրանք չօժանդակեն, ինքն անձամբ կազմավորի գունդը: Ես մտածեցի, որ ճիշտ այսպես էլ սրանք մի օր հարյուր հազարներով վեր են կացել-եկել Արեւելք: – Միայն թե հարկավոր չէ իշխանի հետ ոսկու մասին խոսել, կվիրավորվի,- զգուշացրեցի: – Մարդիկ տարբեր են,- ուսերը թոթվեց նա:- Բոլորը չեն ուզում քեզ նման ծոմով ու պահքով ապրել, այլ` հացով ու թացով: Ճիշտ պահն էր միանձնուհուն պատմելու դարբնի որդու մասին, որն, առանց մի պղնձեդրամի ակնկալիքի, պատրաստվում էր ազատել Խարբերդի գերիներին: Բայց կոմսի եւ Դավիթի մտահղացումների զուգադիպելն ինձ երկմտանքի մեջ գցեց. աստվածահաճո մի ձեռնարկի՞ գործիք էի դառնում, թե՞ Տերը փորձում էր` արդյո՞ք կդիմանամ աշխարհիկ անցուդարձին խառնվելու գայթակղությանը: Ստեֆանին, որ սեղանի մյուս կողմից առաջ հակվել ու զննում էր ինձ, անսպասելիորեն ասաց. – Սրբապատկե՜ր: Դու իսկական սրբապատկեր ես: Մարմնովս սարսուռ անցավ: Համարյա` առաջին անգամվա նման, երբ վաղուց, Եդեսիայում նույն բառերը մի ֆրանկ… Քյոլնից եկած ալաման տիկնոջից էի լսել: Բայց տարիների ընթացքում գտել էի այդ համեմատության պատճառը: Նկարներում ֆրանկները սրբերին մորուքով էին ծաղկում, ինչպես որ հայ հոգեւորականներս էինք, մինչդեռ իրենք մեծ մասամբ մաքուր սափրվում էին: 64. ստեֆանին մեկնեց ձեռքերն ու երկու կողմից սեղմեց երեսիս: Եվ, դեմքն ինձ մոտեցնելով, նայեց աչքերիս մեջ: Ես համբուրեցի նրան: Ակնթարթ չանցած մեծ մահճակալին հայտնվեցինք, որի արծաթակար ծածկոցը սահեց – գետնին ընկավ մեր թավալվելուց: Մի անգամ մերձեցանք: Երբ, կողք կողքի մերկ փռված, ուշքի էինք գալիս, ես անհանգստացա, որ մարդ կգա: «Չի գա»,- պատասխանեց նա կարճ ու կտրուկ, ինչն իր մեղմ խոսելաձեւին այնքան անհարիր էր, որ ակամա զսպեցի հարցս, թե` որտեղի՞ց գիտե: Երկրորդ անգամ մերձեցանալուց հետո ինձ թեթեւ սրտխառնուք պատեց: Պինդ սեղմելով կոպերս ու ատամներս` փորձում էի տհաճ զգացումը խեղդել: Բայց շուտով նրան գումարվեց որովայնիս ցածում մզմզացող սարսափը, դժվարացա տարբերել՝ ապագայի հանդե՞պ, թե՞ ընդհանրապես կյանքի: Սթափվեցի նրանից, որ ինչ-որ բան խտտում էր քիթս: Աչքերս բացելով` տեսա կավե մի հին տիկնիկ, որի մազերի փոխարեն ոչ թե թելեր, այլ ծղոտ էր կպցրած, որը փշրվել էր մինչեւ արմատները: – Մատե՛, ծանոթացիր Մարիի, Մարի Բոն-բեկի հետ: Մարի Բոն-բեկ, սա Մատթեոսն է, իմ Մատեն: Նա բարձին` մեր միջեւ դրեց տիկնիկը, որը գեղջկուհու էր նմանեցրած: – Իսկ գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում` Մարի Բոն-բեկ: – Մարին Մարիամն է,- ասացի ես,- «բոն»-ը` «բարի»-ն, «բեկ»-ն, ինձ ծանոթ չէ: – «Բեկ»ը կտուցն է, բայց «Մարի բոն-բեկ» ասում են շատ խոսող աղջիկներին: Իմ անունն էին երեխա ժամանակս «բոն-բեկ» դրել, որովհետեւ քչախոս էի, ես էլ տիկնիկիս էի ձեռք առնում: Դուք ինչպե՞ս կասեք դրան հայերեն: – Շաղակրատ,- պատասխանեցի ես, բայց նա ծռմռեց դեմքը:- Ռամկորեն` չաչանակ: Նա գլուխն աշխույժ թափ տվեց` համաձայնելով: Ես էլ ցանկացա իրեն զվարճացնել եւ, հիշելով, թե ինչ հետաքրքրությամբ էր լսում հորս արած պատմությունները, ջանացի մտաբերել իմ իմացած հարյուրավոր հազվագյուտ դեպքերից մեկը, բայց զարմանալիորեն գլուխս միայն ներբողական ճառեր էին գալիս: Չգիտեի նաեւ այն զրույցներ, որ վերջերս տարածվում էին ֆրանկների մեջ. աղքատ ասպետը սիրում է նշանավոր իշխանադստեր կամ տիկնոջ, բայց չկարողանալով նրա հետ միավորվել, թափառում է եւ սխրանքներ կատարում: Հետո որոշեցի, որ ավելի կարեւոր խոսելիք ունենք, եւ տիկնիկը տեղափոխեցի միանձնուհու մյուս կողմը: Նա, թեւս բռնելով, շրջվեց-կիսապառկեց ինձ վրա: Թուքս կուլ տալով, որ որձկոցը հաղթահարեմ, հարցրեցի. – Հիմա մենք պետք է ամուսնանա՞նք, Ստեֆանի: Առաջին անգամ անունը տալիս չկցեցի «քույրը»: – Ո՛վ ասաց,- զարմացավ նա:- Ես ուխտյալ միանձնուհի եմ: Հենց որ հայրս ազատագրվի, կվերադառնամ Գալիլեա` իմ մենաստանը: Ես, որ օրեր շարունակ ինձ պատեպատ էի խփում, որպեսզի մենք իրար չհանդիպենք, ուրախանալու փոխարեն շփոթվեցի. – Եվ դու հանգիստ կթողնես-կգնաս Բեհեսնիից: – «Պեհեսնի»,- իմ արտասանությունը ծաղրեց նա:- «Պալագ»: «Պալտուին»:- Կարճ ընդհատումներով ծիծաղեց.- Դու «Բարոնի» տեղն ասում ես «պարոն»: «Պարոն տը Կուրդընե»: «Բրինձ»: Անտիոքի պրինցին ասում եք` «բրինձ»: Նա քրքջաց: – Մեր նախնիները Շիրակի թագավորությունից են, դեռ Անիում են այդպես, ուրիշ հայերի արտասանությունից տարբեր խոսել: – Իսկ թուրք Կումուշտեկին ամիրային կոչում եք Գոմեշտիկին: Ես համբերեցի, մինչեւ նա հանդարտվի, եւ նախատեցի, թե նմանակումը պատշաճ չէ, երբ ես լուրջ հարց էի տվել: – Իսկ եթե ես մնայի Բեհեսնիում, դու ամուսնանալու՞ էիր ինձ հետ, Մատե՛: Ի՞նչ պատասխանեի դրան: Մենք վեր կացանք ու հագնվեցինք: Սրտխառնոցս, նորից իրեն զգացնել տալով, ինձ ստիպում էր լռել, բայց հարցրի. – Քեզ երեւի Ժոֆրուա Վանակա՞նն է դուր գալիս: – Ժոֆրուա Վանակա՞նը: Ի՞նձ: Ի՞նչ ունի դուր գալու: – Հաղթանդամ է, խիզախ, անչափ հավատացյալ,- թվարկեցի ես: – Ավելորդ է նույնիսկ, որ խոսենք այդ մասին, Մատե՛: Չնայած նրա նեղսրտելուն, ինձ տանջող մի հարց էլ պետք է փարատեի. – Ճշմարիտն ասա. դու ուխտավոր Ջերալդին վաղու՞ց էիր ճանաչում: Ստեֆանին հոգոց հանեց, հետո տխուր ժպտաց. – Առաջին անգամ այս տարի եմ տեսել, թագավորի վրանում: – Նրա ահավոր գաղտնիքը… քեզ հետ է՞ր կապված: – Նա Անգլիայից ուրիշ մեղք քավելու համար էր ուխտագնացությունը սկսել: Բայց ինձ ստույգ հայտնի է նրա տառապանքների պատճառը… Հիշու՞մ ես խնջույքի օրը ժոնգլյորները Տրիստանի, նրա հորեղբայր Մարկի եւ Իզոլդայի մասին ինչ ներկայացում խաղացին: Ջերալդն այդ Տրիստանն է: Արդեն անթիվ երգեր կան այդ դժբախտ ընտանիքի մասին: Ուրեմն, Ջերալդն էլ չէր եղել այն տղամարդը, որ կուսությունից զրկել էր Ստեֆանիին: Բայց թե ինչու՞ միանգամից համարեցի, որ ուխտավորը մինչեւ վերջ հավատարիմ էր մնալու իր Իզոլդային: Առանց հատուկ մտերմության նա Ստեֆանիին ինչպե՞ս կվստահեր մի գաղտնիք, որը քահանայի՛ս խուսափեց խոստովանել: Միայն թե բարձրաձայն այլեւս այդ նյութին չանդրադարձա, քանի որ Ստեֆանիի ամեն մի առարկություն ինձ էր ավելի խճճելու երկու ֆրանկների հարաբերություններում: Մարգարիտ դը Գրենիեի ննջարանից միասին դուրս եկանք: Միանձնուհին մահճակալը չհարդարեց, նույնիսկ առագաստը վրա չբերեց, որպեսզի քողարկեր ավերված անկողինը: 65. – բոլորս էլ միս ու արյունից ենք. մեղքն էլ է մարդու համար, տեր հայր: Մի սայթաքումը չի ջնջի տարիների բարեբարոյությունը: Հնարավոր է նույնիսկ, որ կրոնավորը, մեղքի էությունը ճանաչելով, ավելի հեշտ օգնի մեղավորներին իրենց հոգին մաքրել: Այսպես սկսեց իր խոսքը Լեւոնը, երբ թիկնազորի պետ Թովմասը եկավ իմ ետեւից եւ խցիս մեջ անդրդվելիորեն սպասեց այնքան, մինչեւ ես գրեցի նախադասությունը, որը վերջացնելով՝ խոստացել էի գալ պալատ: Ես գերադասեցի իշխանին չհարցնել, թե ինչի առթիվ էր խրատաբանությունը, ինքս էլ որեւէ կերպ չարդարացա իր կանչին չարձագանքելուս համար, որպեսզի ավելորդ անգամ չկեղծեի: Նա շարունակեց, թե երկուստեք անպատվաբեր է, որ Լեւոն Ռուբինյանը Մատթեոս Ուռհայեցուն մեղադրի պարտականություններում թերանալու համար, բայց հարկադրված է հիշեցնել. կարգը պահանջում է քահանայից տարին երկու անգամ կույս աղջիկներին եկեղեցում ժողովել եւ խրատել ու ուսուցանել՝ հրաժարվել սատանայական արարքներից, իսկ նրանց, որ ծածուկ չարիք են գործել, ի հայտ բերել ու կրթել աստվածապաշտության ոգով: Մինչդեռ հունիսն էր վերջանում, իսկ ես այդպիսի հավաք չէի անցկացրել, եւ արդյոք դրա հետեւանքը չէ՞, որ Բեատրիսը նետաձգություն է պարապում, նույնիսկ որսի գնում Լուսինյան ասպետի հետ: Ես նկատեցի, որ բազմիցս մատնացույց եմ արել չարիքի արմատը. իշխանն օրիորդին խրախուսել է տիրապետել զենքին, ինչը սուրբ եկեղեցին կանանց չի արտոնում: Իշխանը սովորականի պես հակաճառեց, թե այդ արգելքը տեղին էր Հայաստանի համար, որը մեր երկիրն էր, եւ բոլորս հայ էինք: Իսկ այս երկրորդ Բաբելոնում, ուր ապրում ենք ասորիների, հույների ու ֆրանկների հետ խառը, մեր կանայք էլ պետք է զենք կրելու ունակ լինեն, երբ կարիք ծագի: – Ինչ վերաբերում է Լուսինյան ասպետին, բարձր տոհմից է սերում` հետաքրքրվել եմ: Նրանց մասին առասպել կա, թե թագավոր են օծվելու,- հայտնեցի ես: – Թա-գա-վոր, թա-գա-վոր…- վանկատեց Լեւոնը.- թագավորները շատանում են:- Բայց Ամորին նրանց կրտսեր ճյուղից է: Հետո անսպասելիորեն հարցրեց.- Իսկ դու Սահակ Պարթեւի տեսիլքին ծանո՞թ ես. ճի՞շտ է, որ նա կանխագուշակել է, թե Արշակունյաց թագավորությունը կվերականգնվի: Ասացի, որ սուրբ կաթողիկոսը տեսել է քառակուսի կտրված մագաղաթ` սկսվող ճարտար գրչի սքանչելի ոսկեգեղմ տողերով, որոնց եղծյալ, ջնջված գրեր են հետեւել, ապա` դարձյալ «ոսկենախշ տառերով» գրված մեկուկես տող: Աստծո հրեշտակը սուրբ Սահակին մեկնել է, որ վերջին մեկուկես տողը նշանակում է` «անապատի պիղծի երեւալուն մոտ դարձյալ պետք է թագավոր ելնի Արշակունյաց տոհմից, եւ պիտի նորոգվի հայրապետության աթոռը սուրբ Գրիգորի շառավղի կողմից»: Այդ բոլորը շարադրել է Ղազար Փարպեցի մատենագիրը: «Անապատի պիղծի»` սատանայի երեւալն էլ, վարդապետների կարծիքով, աշխարհի վերջն էր, որին բոլորս էինք պատրաստվում: – Կայսեր բանագնաց Վալենտին Արշակունին համարյա նույն բանն էր ասում, միայն թե սատանայի երեւալը համարում էր 1030 թվականը, երբ նա արձակվել է Քրիստոսի դրած հազարամյա կապանքներից,- խոժոռվեց իշխանը:- Ակնարկում էր, որ եթե Բեատրիսին կին առնի, իր գլխավորությամբ Կիլիկիան թագավորություն հռչակելու հեռանկար կծագի: – Բայց դուստրդ դեռ Վասիլ Տղայի նշանածն է,- զարմացա ես: – Կարելի է արդեն ասել, որ նշանածը չէ,- պատասխանեց նա եւ ցույց տվեց ինձ մի գոհարահուռ մատանի: 66. կայսրը շնորհանկ էր արել վասիլ տղային: Նա տնային կալանքի տակ սպասում էր ավելի խիստ դատավճռի: Եվ ահա որոշել էր հարսնացուին ազատել իր զրկանքներն ու պարսավանքը կիսելուց, երբ չէր կարողացել նրան մասնակից դարձնել իր հաջողության ու փառքի վայելքներին: Լեւոնը չմանրամասնեց նրա շնորհազրկման հանգամանքները, բայց մի հատված կարդաց Վասիլի նամակից, որից ես ամեն ինչ պետք է հասկանայի. «Պահպանիր քո երկիրը՝ թեկուզեւ փոքրիկ ու չնչին, քանզի նախընտրելի է քեզ կայսեր ինքնիշխան բարեկամը լինել, քան` ստրուկն ու հպատակը: Դու կայսեր եւ բոլորի մոտ այնքան հարգանք, պատիվ, գովք ու փառք կվայելես, քանի դու, երեխաներդ ու նրանց երեխաները երկրիդ տերն եք: Եթե զրկվես քո երկրից, տապալվես իշխանությունիցդ, ճիշտ է սկզբնական շրջանում պիտի վայելես կայսրի սերը, բայց քիչ անց նա քեզ կարհամարհի, բանի տեղ չի դնի, եւ այն ժամանակ պիտի հանոզվես, որ ստրուկ ես եւ ոչ` բարեկամ: Այն ժամանակ քո ստորադրյալն անգամ քեզ համար սարսափելի կդառնա. եթե նրան նեղացնես, կգնա կայսեր մոտ եւ քեզ կամբաստանի, թե իբր նրա դեմ դավ ես նյութում, որ ուզում ես փախուստի դիմել եւ գնալ քո առաջվա երկիրը, երբ նման բան մտքովդ անգամ չէր անցել: Դրա վրա քո նկատմամբ ահեղ դատաստան պիտի տեսնեն, դատապարտեն որպես նենգ ու չարադավ ստրուկի: Դու ճշմարտությունը պիտի ասես, բայց քեզ չպիտի հավատան, քո վաղեմի ստորադրյալ ստրուկի սուտը ճշմարտություն կհամարվի, նա կայսեր պատիվներին կարժանանա, իսկ դու պիտի պապանձվես, ոչինչ չկարողանաս պատասխանել: Կայսեր կողմից քո կուրացման մասին վճիռ պիտի արձակվի, գուցեեւ նա կասի. «Իմ թագավորությունը խղճում է քեզ» եւ զրկելով քեզ ունեցվածքիցդ, պիտի աքսոր ուղարկի կամ բանտ նետի: Եվ այն ժամանակ միայն պիտի հիշես այդ փոքրիկ երկրիդ եւ իշխանությանդ մասին, այն մասին, թե ինչպես ազատ լինելով, հոժարակամ ստրուկ դարձար, ինչպես դու, արդար դատաստան տեսնողդ ու պատժողդ, այժմ անիրավ կերպով դատապարտվում ես ու պատժվում: Բացառված չէ, որ կայսրն իմանա, որ քո դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, սակայն քեզ շնորհածը ետ առնելու եւ իր խոստացածը չկատարելու համար անտես կանի արդարությունը, այդ պատճառով քեզ համար շատ ավելի լավ է` մնաս սեփական երկրում»: – Գրել է, թե սա իր խոսքերը չեն, այլ` հայազգի Կատակալոն Կեկավմենոսի, որը կուրապաղատի պատիվ է ստացել Կոմնենոսներից առաջինին` Իսահակին, Փրկչի 1057 թվականին բյուզանդական գահ բարձրացնելու համար: Բայց երեւի թե զգուշացել է, որ նամակն ուրիշի ձեռքն ընկնելուց,- ավելացրեց Լեւոնը:- Տարօրինակն այն է, որ Արշակունի ասպետն է այդքան արագ իմացել, որ իրերի վիճակը փոխվել է: Ես հետաքրքրվեցի, թե ինչ դեր է նա վերապահում իշխանաց իշխան Թորոսին, երբ ուզում է Կիլիկիան իր թագավորությունը հռչակել: Ըստ Լեւոնի, Արշակունին նրան ասել է, թե նախ Թորոսն ինքը համաձայն է կայսեր հպատակը մնալ, ապա նաեւ ծագումը թույլ չի տա, որ ուրիշ թագավորներ երկիրը ճանաչեն: Բայց ամենակարեւորը` որեւէ Ռուբինյանի չեն ենթարկվի մյուս հայ աշխարհատերերը` թոռներն այն հիսուն այրերի, որ մեր թագավորությունների վերանալուց հետո, ամեն տեղ թուրքերի դեմ կռվելով ու ջարդ տալով, եկել ու բերդեր են գրավել Մանազկերտի պարտությունից հետո հույների լքած տարածքներում: Փորձը ցույց էր տվել, որ նրանք ավելի շուտ օտարներին կփոխանցեին իրենց հողերը, ինչպես որ Միքայելը Կարկառը հանձնեց Բալդուինին, Աբլղարիբը Սերուջի դարպասները բացեց թագավորի եղբորորդի Գալերանի զորագնդի առաջ` մխիթարվելով իր դստերը կոմսին կնության տալով: Իսկ առանց Սասունի Մամիկոնյանների ու Լամբրոնի տեր Օշինի` Հեթումի որդու աջակցության, Կիլիկիան ո՛չ դեպի Հայաստան կարող է ծավալվել, ո՛չ դեպի միջերկրածովյան նավահանգիստներ, առանց որոնց անկարելի է հզոր պետություն ստեղծել: Արշակունին Լեւոնին խոստացել էր վեստիթորի, այսինքն` թագադրի բարձրագույն աստիճան եւ սպարապետություն` որպես հաղթող զորավարի, Օշինը պետք է կոչվեր կանտիթոր, այն է` զինակիր` միաժամանակ կատարելով թագավորի գանձապետի ու կնիքապահի պաշտոնը: Իշխանը որեւէ վերաբերմունք ցույց չէր տվել առաջարկությանը, բայց մտահոգված էր, թե որքանով էր այն կայսեր հետ համաձայնեցված: Դավադրությո՞ւն էր սա Թորոսի դեմ, թե՞ իրեն փորձում էին, նա կարծում էր, որ, համենայն դեպս, պետք էր զգուշացնել եղբորը, եւ ինձ պատվիրեց նամակ գրել: Հետո հարցրեց «Ժամանակագրությանս» լրացումների մասին. մինչեւ սեպտեմբերի տասնութը երեք ամիս էր մնացել, իսկ ինքն արդեն լուր ուղարկել է Դրազարկի առաջնորդ Կիրակոս Գիտնական-Վարդապետին, որ Խաչվերաց տոնի առթիվ վանքի գրադարանը նվեր կստանա մատյանս: 67. ես հայտարարեցի, որ չնչին բան է մնացել անելու, որպեսզի մի քանի օր էլ ժամանակ շահեմ: Լեւոնը պահանջեց Դերենիկ ազատին եւ նրան հրամայեց Կարմիր վանքից գրիչ կանչել, ընտիր մագաղաթ ու մելան հատկացնել, որ արտագրությունը սկսի: – Մեծ իշխան, ուշացրել ենք,- ասաց սենեկապետը,- «Ժամանակագրության» երկու գրքերը չափից դուրս ծավալուն են, որ հնարավոր լինի ընդօրինակումը Խաչվերացին հասցնել: Գուցե քեզ հատուկ իմաստնությամբ վճռես հետաձգել նվերդ մինչեւ հաջո՞րդ տաղավար տոնը: Լեւոնը հարցական ինձ նայեց: – Սարգիս գրիչը մեկ օրում արտագրում է յոթ հարյուր տառ պարունակող ութ էջ: Իմ մատյանի երկու գիրքը նա հիսուն օրում կավարտի: Մանավանդ որ եղեգնի մեջ դնում է խեցեղեն գնդիկ եւ, մեկ անգամ թանաք առնելով, գրում է ինը հարյուր եւ ավելի տառ: – Բայց չպետք է մոռանալ, որ գրիչը ժամեր է սպասելու մինչեւ մելանը չորանա եւ կարողանա շրջել էջը,- չնահանջեց սենեկապետը: – Նա կարող է երկու մատյանը միաժամանակ սկսել երկու տետրակներով,- բացատրեցի ես:- Մեկը գրել-դնել մի կողմ չորանալու, այդ ընթացքում մյուսը գրել: – Բայց մեծ իշխանին չի բավարարի հարկավ, որ գրիչները սոսկ գեղեցկագրեն մատյանը, այն պետք է նաեւ գլխագրել, ծաղկել ու ոսկել: Ինչպես նաեւ կազմել, որը շաբաթներ է տեւում: – Եթե Գրիգոր նկարչին էլ Սարգիսի հետ կանչեք եւ գանձարանից տրամադրեք ներկերի ու ոսկեփոշու համար հարկավոր գումարը, նա արտագրված տետրակներն անմիջապես կծաղկի: – Մեծ իշխան,- հանկարծ ծղրտաց Դերենիկը,- գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ է մոտ երկու հարյուր հիսուն ոսկի, իսկ մենք պատերազմի շեմին ենք եւ ավելի կարեւոր ծախսեր ունենք: Դու հեծյալ ազատին վճարում ես ամիսը մեկ ոսկի ռոճիկ, ուրեմն մատյանի ընդօրինակման փողով կարելի է հարյուր հոգանոց ջոկատի երկու ամսվա ռոճիկը հոգալ: Իշխանն ինքը փորձեց Դերենիկին սաստել, բայց ես նրան կանխեցի, թեեւ՝ ներքինու նման ձայնս անպատշաճորեն չբարձրացնելով, այլ մրմնջալով. – Եթե պատմիչները չգրառեին մեր նախնյաց գործերը, Դերենի՛կ ազատ, ի՞նչ կիմանայիր դու Արծրունիների տոհմի մասին, որպեսզի հետեւես նրանց փառքին, եթե, անշուշտ ի զորու ես: Եթե չորս սուրբ ավետարանիչները Աստծո կենարար խոսքը գրի չառնեին, որը գրիչների ընդօրինակմամբ հասել է մեզ, ինչպե՞ս կիմանայինք փրկության ճանապարհը: Իշխանը վեր կացավ տեղից եւ քայլ արեց դեպի սենեկապետը, որը նույնպես իսկույն ոտքի կանգնեց: – Դերենի՛կ,- գոչեց Լեւոնը,- ասվա՞ծ է, չէ՞` «Աստծունը` Աստծուն»: Ինչու՞ ես ջուր ծեծում, երբ ես արդեն խոստացել եմ մատյանը Ռուբինյանների տոհմական Դրազարկին… – Վանք, որ հռչակավոր է նրանով, որ ոչ մեկը սեփական ոչինչ չունի, ամեն բան ընդհանուր տանն է պատկանում, վանք, ուր գիշեր-ցերեկ պասերով պաշտամունք է կատարվում,- ասացի ես: – Իսկ դու ամեն լուման այնքան դժվար ես տալիս գրչությանը, կարծես… սեփական մսիցդ ես կտրում: Սենեկապետը գլուխ տվեց եւ` «Հրամա՛նքդ» քրթմնջալով, դուրս եկավ: «Ձեր հրամա՛նքը: Շատ եւ երկար տարինե՛ր», իր վանդակից ճղճղաց խայտաճամուկ թութակը: Շարունակելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել