Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԳԵԶԱՐԴԸ ԱՌԵԼ Է, ԱՐՏԱՇԱՏԸ՝ ԳՐԱՎ ԴՐԵԼ, ԿԱՌՆԻ… ԵՐԵՎԱՆԸ»

Փետրվար 02,2002 00:00

«ԱՅԳԵԶԱՐԴԸ ԱՌԵԼ Է, ԱՐՏԱՇԱՏԸ՝ ԳՐԱՎ ԴՐԵԼ, ԿԱՌՆԻ… ԵՐԵՎԱՆԸ» Գյուղում բոլորը նրան Նանիկ են ասում։ Նրա իսկական անունը, ՀՀ անկախությունից հետո, Ռադիկ է»։ Իր բիզնեսն սկսեց, երբ նրա հայրենակիցները աղքատության եզրին էին ու ՀՀ առաջին նախագահը դիմեց նրանց, որ բարեկամից, հարեւանից պարտք վերցնեն, գոյատեւեն, մինչեւ Հայաստանը ոտքի կանգնի։ Նախագահի հայտարարությունը Նանիկը «ըմբռնումով» ընդունեց։ Գյուղում շատ բարեկամներ, հարեւաններ ունի, ով էլ չէր ճանաչում, ճանաչեց։ Նա ոչ ոքի խնդրանքը չէր մերժում. ում ինչքան գումար հարկավոր էր, տալիս էր «պարտքով», բայց 15 տոկոս հավելագրումով։ Տոկոսավճարման ուշացման դեպքում վերցնում էր սեփականաշնորհած հողը, տան զարդեղենը, ավտոմեքենան, տրակտորը, միայն ատոմային ռումբ ձեռքը չէր ընկնում, որ պայթեցներ հողակից հարեւան Սասնիկ Հակոբյանի հողատարածքը, որ իբր իր 400 քմ հողն է գողացել։ Գյուղում շատերն էին անհանգստանում Սասնիկի համար, որ Նանիկը «քաշում» է նրան։ Ասում են, որ նա մի համեստ, անշառ մարդ է։ Անհրաժեշտություն առաջացավ ստուգել փաստերը։ Նախկին գյուղապետ Մարգարիտ Պողոսյանի, որին որպես քրեական հանցագործ դատապարտեցին, թողած հանգուցավոր կծիկները բացելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Ինչ ձեւի գործարք ասեք, որ չի կատարել ու թողել է, որ պատասխանը տա իրեն փոխարինողը։ Փաստերը ստուգելու համար հանդիպեցի Սասնիկի նախկին հողակից հարեւանին՝ Սիլվա Մուրադխանյանին։ Ըստ նրա տված գրավոր տեղեկությունների. ամուսնու մոր սեփականաշնորհված հողը 2200 քմ է։ Մինչ սեփականաշնորհումը իր ընտանիքին պատկանող 1000 քմ տնամերձը վաճառել են հարեւան Ռաշիդին։ Սեփականաշնորհման ժամանակ նրանց ընտանիքին հատկացվեց 2 բաժին հող՝ 7000 քմ, որից պետք է հանվեր տնամերձի չափը։ Քանի որ նրանք այն վաճառել էին եւ այդ մասին տեղյակ էր գյուղապետը, օրինական կարգով նրանց հատկացրին 6000 քմ հող։ Ռադիկ Սարգսյանից Սիլվան վերցրել էր ընդամենը 150 ԱՄՆ դոլար։ Երբ այդ գումարի տոկոսը հասել էր 500-ի, «բանկիրը» նրանից վերցրել է 5-6 հարյուր ԱՄՆ դոլար արժողությամբ ագրեգատը (մրգի սառնարանը), թույլ չի տվել այն վաճառելու, գումարած դրան պահանջել է ամուսնու մոր եւ իր սեփականաշնորհված հողը, որի համար արդեն ստորագրություն էր վերցրել։ Առուվաճառք ձեւակերպելիս Ռադիկի Էդիկ եղբայրը, որն այդ ժամանակ աշխատում էր գյուղապետարանում, փաստաթղթեր ներկայացրեց (9100 քմ) եւ համոզեցին Սիլվային, որ ստորագրի, քանի որ իր հողը այդքան է։ Այսպես նոտարում ձեւակերպվեց առուվաճառքը։ Սիլվան վկայեց նաեւ, որ Սասնիկ Հակոբյանը չի խախտել իրենց հողատարածքների սահմանը ոչ սեփականաշնորհումից հետո, ոչ էլ ներկայումս։ Իր հողսահմանի խնձորենիները ինքն է տնկել, որ մինչեւ օրս կա, կա նաեւ իրենց այգու սնուցման տարածքը։ Նա հաստատեց նաեւ, որ հողատարածքների միջին տարածքը, սահմանը խախտել է Ռադիկը. յուրացրել Սասնիկի 1,40 քմ այգու սնման մակերեսը եւ օգտագործում է որպես վարելահող։ Նոր գյուղապետ Արթուր Մանուկյանը ներկայացրեց իմ պահանջած բոլոր մատյաններն ու փաստաթղթերը։ Պարզվեց, որ նախկին գյուղապետը Սիլվայի ընտանիքի եւ սկեսուրի առանձին ծխերը միացրել է։ Գործարքը կատարել է առանց կողմերի դիմումների, չափահաս անձերի համաձայնագրերի, համայնքի՝ ավագանու նիստի որոշման։ Թե ինչ էր թաքնված այդ գործարքի տակ եւ, արդյո՞ք դա կապ ուներ նրանց 8200 քմ սեփականաշնորհված հողը 9100 քմ դարձնելու հետ, չկարողացանք պարզել։ Փաստը մնում է փաստ, որ ե՛ւ Սիլվայի ընտանիքը, ե՛ւ 1998 թ. առուվաճառքից հետո էլ, ըստ հարկադրման թերթիկի, հողահարկը վճարվել է 8200 քմ-ի համար։ Ծանոթացանք նաեւ համայնքի այն որոշմանը, որով Սասնիկ Հակոբյանի սեփականաշնորհված հողատարածքում 100 քմ ավելի հողը օրինական կարգով, անհատույց տրվել է նրան։ Առայժմ չենք հրապարակի այն 100-1000 քմ ավել հողերի մասին, որ զբաղեցնում են Ռադիկ Մարգարյանը, մայրն ու եղբայրները։ Մարզի կադաստրային վարչությունում մենք ծանոթացանք նաեւ մի կարեւոր փաստաթղթի։ Դա Ռադիկ Մարգարյանի համաձայնագիրն է, ըստ որի՝ «համաձայն է հողը գնել պակասով»։ Համաձայնագիրը հաստատել է նախկին գյուղապետ Մարգարիտ Պողոսյանը… Մարզի առաջին ատյանի դատարանը լսեց Ռադիկ Մարգարյանի հայցը ընդդեմ Սասնիկ Հակոբյանի 400 քմ հողի պահանջի մասին։ Թյուրիմացության մեջ գցելով դատավորին՝ իր օգտին որոշված վճիռ վերցրեց։ Ու երբ իմացավ, որ Սասնիկը բողոք է ներկայացրել ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարան, ինքն էլ հակընդդեմ բողոք ներկայացրեց։ Հետո գլուխ գովելով պարծեցավ, որ Այգեզարդը առել է, Արտաշատը գրավ դրել, կառնի նաեւ Երեւանը… Բողոքը լսվեց ՀՀ վերաքննիչ դատարանում (զեկուցող դատավոր՝ Վ. Ավանեսյան, կազմով փորձված դատավոր՝ Գ. Մատինյան, նախագահող՝ Ն. Հովսեփյան)։ Նանիկը չգիտեր, որ նախագահողը նաեւ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է, չգիտեր, որ այս մարդկանց ոչ առնել կարող է, ոչ էլ գրավ դնել։ Դատարանը գտավ, որ Սասնիկ Հակոբյանի սեփականության իրավունքի վկայականը սեփականության իրավունքը հաստատող օրինական փաստաթուղթ է եւ վճռեց. մերժել Ռադիկ Մարգարյանի հայցը ընդդեմ Սասնիկ Հակոբյանի՝ 400 քմ հողամասից վտարելու մասին։ Ռադիկ Մարգարյանը գլուխ էր գովում, թե կհաղթի հաջորդ փուլում։ Զարմանալի մի բողոք ստացավ ՀՀ վճռաբեկ դատարանը։ Ռադիկ Մարգարյանը գրում է, որ ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարանի 01.11.2001 թ. արձակած վճիռը հեղինակազրկել է դատարանի դերն ու նշանակությունը։ Նա պահանջում էր բեկանել այն եւ սպառնում «թույլ չտալ դիմելու այլ ճանապարհների»։ Վճռաբեկ դատարանում Ռադիկ Մարգարյանը Սասնիկ Հակոբյանից պահանջեց 400 քմ հողը կամ արժեքը։ Զարմանալի պահանջ է, չէ՞, սեփականատիրոջը վաճառել սեփական հողը։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը հունվարի 25-ին ասաց իր վերջին խոսքը՝ վճիռը. ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը թողեց ուժի մեջ։ Արձակված երկու արդար վճիռները Այգեզարդ գյուղի բնակիչներին համոզեցին, որ իրենց Նանիկը ո՛չ գյուղը կարող է առնել, Արտաշատը գրավ դնել, ո՛չ էլ… Իսկ տոկոսախաղում, ա՛յ, չեմպիոն, անպայման կդառնա։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել