Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿԻ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ

Փետրվար 13,2002 00:00

ՄԱՍՆԱԿԻ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ Դատախազությունը հաջողությամբ էլ շրջանցում է վկաների ցուցմունքները, երբ դրանք վերաբերում են գործող պաշտոնյաներին։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քննիչը չէ՞ր կարող շրջանցել Վազգեն Սարգսյանին վերաբերող ցուցմունքները, դրանք թողնելով անհետեւանք, ԱԺ պատգամավոր, իրավաբան Կիմ Բալայանը մամուլում ասել է. «Ինչպե՞ս կարող էր շրջանցել։ Եթե տվյալ անձը ցուցմունք է տվել որեւէ մեկի առնչությամբ, քննիչը պարտավոր է համակողմանի եւ օբյեկտիվ քննություն կատարել այդ ուղղությամբ։ Հակառակ դեպքում կստացվի, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «ծածկադմփոց է անում»։ Սակայն, նույն գործի նյութերում քիչ չեն անունները, որոնք քննիչը հաջողությամբ կա՛մ ընդհանրապես է շրջանցել, կա՛մ էլ այդ ուղղությամբ կատարված քննությունը երբեք չես անվանի համակողմանի եւ օբյեկտիվ։ Գլխավոր դատախազությունը հաջողությամբ սուսուփուս է անցել հատկապես գործող բարձրաստիճաններին վերաբերող վկայությունների կողքով։ Մի օրինակ արդեն նշել էինք՝ ՆԳ ներկայիս փոխնախարար, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Երիցյանի վերաբերյալ Դավիթ Վարդանյանի ցուցմունքն է։ Գլխավոր դատախազությունը հմտորեն շրջանցել է նաեւ ՆԳ ներկայիս նախարար Հայկ Հարությունյանին առնչվող վկայությունները։ Առիթ ունեցել ենք նշելու, որ նրա դերակատարության մասին հիշատակումներ կան, ասենք, «Գնդապետների գործի» առնչությամբ։ Այժմ հավելենք եւս մեկը՝ փախուստի դիմած կալանավոր Ռաֆայել Զորոյանի մահվան դրվագը։ 1994-ին դեռեւս ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանը, ըստ որոշ ցուցմունքների, առավել քան լավատեղյակ պիտի լինի կատարվածի մանրամասներին։ Սակայն մինչ այդ ցուցմունքները մեջբերելը՝ մի քանի բնութագրական մանրամասն «Խելառ» մականունով Ռաֆայել Զորոյանի մասին։ Քրեական գործի նյութերում կա մի տեղեկություն, թե նա եղել է «21-րդ դարն առանց նարկոմանիայի» ասոցիացիայի տնօրենը։ Նա 13 տարվա ազատազրկման էր դատապարտված մի քանի հանցագործությունների, մասնավորապես՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար։ Քննչական մեկուսարանում գտնվելով՝ դարձյալ սպանություն էր գործել։ Եվ անգամ 1994-ի նոյեմբերի 8-ի այն օրը, երբ էտապով տեղափոխվել էր Գորիսի բանտ, այլ կալանավորների կողմից ենթարկվել էր բռնությունների՝ ծեծելով անմեղ երեխա սպանելու համար (այս մասին 1994 թ. իր բացատրության մեջ վկայել է ե՛ւ Վրեժ (Սարիթաղցի) Ղազարյանը, ե՛ւ այլ կալանավորներ)։ Եվ ուղեկցող զինվորների հրամանատարը միայն արցունքաբեր գազ փչելու սպառնալիքով էր կարողացել կանխել «Խելառ Ռաֆոյի» նկատմամբ հաշվեհարդարը։ Հենց Ռաֆայել Զորոյանն էր փախուստի նախաձեռնողը, որի հետեւանքով սպանվել էր ոստիկանության մի աշխատակից, իսկ մյուսը վիրավորվել էր։ Իր հանցակիցների հետ միասին փորձել էր անցնել Ադրբեջանի տարածք։ 9 ժամ անցկացրել էին սարերում, քամոտ եւ շատ ցուրտ եղանակին՝ ձյան մեջ, թրջվել եւ խիստ ցրտահարվել էին։ Ի վերջո նրանք բռնվել էին, ընդսմին հետապնդման ժամանակ էլ էին զինված դիմադրություն ցույց տվել։ Այստեղ արդեն տեղն է մեջբերումներ կատարել որոշ ցուցմունքներից։ Ներկայումս արդեն արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը, որ 1994-ին ՆԳՆ Քրեական պատիժների իրականացման վարչության ռեժիմի եւ պահպանման ծառայության բաժնի պետն էր, 2001 թ. նոյեմբերի 23-ի իր ցուցմունքում նշել է, որ ուղղաթիռով Գորիս՝ դեպքի վայր էր ժամանել նաեւ ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Եվ ի՞նչ, ձեզ թվում է, թե ՆԳ նախարարը հարցաքննվե՞լ է այս դեպքի առնչությամբ, համակողմանի եւ անաչառ քննություն տարվե՞լ է նրա «ուղղությամբ» եւս, որ պարզվի, թե ինչ մասնակցություն է ունեցել կատարվածին։ Չէ՞ որ կան վկայություններ, որոնք ապացուցում են, թե փախուստի դիմաց կալանավորներին բռնելուց հետո ՆԳ համակարգի շատ աշխատակցներ են իրենց զայրույթն արտահայտել։ «Բոլորս էլ շատ էինք վրդովված, քանի որ սպանված էր երիտասարդ լեյտենանտ, իսկ մյուս ուղեկցողը ստացել էր հրազենային վնասվածք, հայտնի չէ՝ կապրե՞ր, թե՞ կմահանար»,- 2001 թ. նոյեմբերի 26-ի իր ցուցմունքում նշել է 1994-ին Սյունիքի մարզային ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Մուշեղ Խոյլունցը։ Մանրամասնած չէ՝ ինչպե՞ս են բոլորն արտահայտել այդ վրդովմունքը։ Թեեւ հայտնի է, թե անգամ ժողովրդավարական երկրների ոստիկանությունն ինչպես է արձագանքում հանցագործների կողմից իրենցից մեկի սպանությանը։ Սակայն վերադառնանք Հայկ Հարությունյանին. երբեւէ որեւէ մեկին քննիչները հարց չեն տվել, թե ինչ էր անում ՆԳ փոխնախարարը, երբ իր ներկայությամբ, ըստ նախաքննության վարկածի, նրա ենթակաները ծեծելով մահվան դուռը հասցրին Ռաֆայել Զորոյանին։ Եվ ոչ էլ Հայկ Հարությունյանն է հարցաքննվել։ Այլապես հայտնվելու էր ծուղակում, քանզի եթե հերքեր, որ Ռաֆայել Զորոյանին տանջամահ է արել Մուշեղ Սաղաթելյանը՝ բարդանալու էր վերջինիս դատելու քաղաքական պատվերի իրականացումը, իսկ եթե հաստատեր՝ ՆԳ ներկայիս նախարար Հարությունյանին իր իսկ ցուցմունքի համաձայն կարող էր առաջադրվել հանցագործության մասին իմանալ-չհայտնելու մեղադրանք (ի դեպ, ինչպես եւ՝ կատարվածի այլ ականատեսների)։ Այնպես որ, Գլխավոր դատախազությունն այս դեպքում էլ ուղղակի հեշտուհանգիստ շրջանցել է Հայկ Հարությունյանին վերաբերող ցուցմունքները, ինչը դե ուղղակի ո՛չ մի կերպ հնարավոր չէր Վազգեն Սարգսյանի պարագայում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել