Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱԿՎՈՂ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ.

Մարտ 02,2002 00:00

ԵՐԵՎԱԿՎՈՂ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ. Ստեփան Դեմիրճյան Այս հոդվածը ժամանակագրական առումով պետք է հաջորդեր «Ռոբերտ Քոչարյան. նախագահական դիմանկարի լուսաստվերը» հրապարակմանը: Մտայնությունը թափանցիկ ակնարկը չէ, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը: Ստեփան Դեմիրճյանի հետ ծանոթության ողջ ընթացքում միայն մեկ անգամ՝ 2000-ին եմ հարցրել իր՝ հնարավոր նախագահ լինելու մասին, եւ պատասխանը մեջբերված է այս հոդվածում: Հետագայում երբեւէ այլեւս անդրադարձ չի եղել այդ թեմային: Առանձնապես չեմ էլ հավատում, թե մինչեւ նախագահական ընտրարշավի պաշտոնական մեկնարկը Դեմիրճյանը նախագահության մասին բարձրաձայն արտահայտվի: Այս հոդվածը գրելու շարժառիթն այլ էր: Էմանուիլ Կանտը կյանքում հակադրում էր երկու աշխարհներ, որոնցից մեկը «գոյություն ունի», մյուսին «պատշաճ է գոյություն ունենալ»: Քոչարյանի մասին գրել՝ նշանակում էր գրել գոյություն ունեցող աշխարհի մասին: Մինչդեռ մարդը եւ հասարակությունները գոյատեւում են՝ ձգտելով աշխարհին, որին «պատշաճ է գոյություն ունենալ»: Ահա այդ նկատառումով է հաջորդ հոդվածը գրվում Ստեփան Դեմիրճյանի մասին: Նա համապատասխանում է նախագահական կերպարին՝ «պատշաճ է լինել» չափանիշներով: Խառնվածք, իսկ գուցե՝ բնավորություն Չեմ կարող ասել, թե որքանով է արդարացված իմ կողմից այս հոդվածը գրելը, քանի որ ինքս ամենեւին էլ չեմ պատկանում մարդկանց թվին, ովքեր մտածում են ինչպես Ստեփան Դեմիրճյանը: Ես մտածում եմ՝ ինչպես մեծամասնությունը, իսկ Դեմիրճյանը մտածում է այնպես՝ ինչպես, երեւի թե, միայն ինքը: Գուցե, որովհետեւ, ինչպես անգլիացիներն են ասում՝ «Throne runs in his blood» («Նրա արյան մեջ գահ կա»): Իր՝ ճշմարտացի լինելու մեջ համոզվում ես հետահայաց: Առաջին՝ մեծամասնության համար այդպես էլ չհասկացված, քայլը, որ կատարեց Ստեփան Դեմիրճյանը ՀԺԿ նախագահի պաշտոնակատար դառնալուց հետո, 2000-ի ապրիլին ԱԺ պատգամավորության թափուր մնացած թիվ 5 ընտրատարածքում իր թեկնածությունը չառաջադրելն էր: Խորհրդարանի ներկա կազմի վարքագիծը այլ ածականով չես բնութագրի՝ քան «հեղհեղուկ»: Ներկա պատգամավորները խորհրդարանում են հայտնվել բացառապես հետեւորդ լինելով, եւ «զրոներ» են, որոնց հավաքականություն դարձնող-չդարձնող պայմանը առջեւից կանգնող «մեկն» է: Որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի նախաքննության անիվը ետ չպտտվեր եւ ավարտվեր այսօրվա՝ Նաիրի Հունանյանի՝ դատարանում շաղ տրվող լկտիություններով, հարկավոր էր ստեղծել Քոչարյանի սահմանադրական իշխանության իրական հակակշիռ, ինչպիսին կարող էր լինել միայն վարչապետ-ԱԺ խոսնակ տանդեմը: Կառավարությունում 2000-ին այդքանը չգիտակցեցին: Դեմիրճյանն էլ, գուցե միտումնավոր թողեց, որ ժամանակը հետեւանքները երեւան հանի: Մինչդեռ կան կարծողներ, որ եթե Դեմիրճյանը 2000172ի ապրիլին չառաջադրվեց պատգամավորության թեկնածու, այժմ էլ նախագահության թեկնածու չի առաջադրվի։ Տրամաբանությունն այն է, թե Դեմիրճյանը խուսափում է բախումից կամ պայքարից։ Դա թյուր կարծիք է: Թերեւս, ուղղակի Ստեփան Դեմիրճյանի կերպարը սկսվում է այն գիտակցությունից, որ ինքն է անկյունաքարը։ Մյուսները կարող են իր շուրջը լինել, իրեն հզորացնել կամ տկարացնել, բայց երբեք՝ փոխարինել։ Նա բավականաչափ բարեկրթություն եւ բարյացակամություն ունի համագործակցելու եւ իրեն ցույց տրվող աջակցությունը գնահատելու համար: Բայց այնքան, քանի դեռ գործընկերները չեն կարծել, թե կարող են իրեն շրջանցել։ Դեմիրճյանը դա չի հանդուրժում։ Նույնքան էլ հատկանշական է, որ բաժանումից հետո դույզն-ինչ հիշաչարություն չես նշմարի նրա արտահայտություններում կամ գործողություններում: Նույն 2000-ի մայիսին դարձյալ Դեմիրճյանն է դեմ եղել «Միասնության» կողմից վարչապետի թեկնածություն առաջադրելուն: Թե հանրապետականները ի՞նչ շահեցին Անդրանիկ Մարգարյանի առաջադրումով, բացի «դավաճանի» խարանից, դժվար է ասել, բայց Դեմիրճյանի անհանդուրժողականությունը դավաճանության հանդեպ եւս մեկ անգամ ընդգծվեց: 2001-ի հունիսին էլ խորհրդարանում ՀԺԿ-ականների առնետավազքի մասին Դեմիրճյանի գնահատականն էր, թե «Ճնշումները արդարացում չեն: Արվածը ամենասովորական դավաճանություն էր: Դավաճանություն էր նաեւ հիշատակի հանդեպ, եւ վերջ: Բայց կուսակցության համար դրական նշանակություն ունեցավ, որովհետեւ եղավ ինքնամաքրման ընթացք»: «Վերջին քայլը» մրցակցությունում Չգիտեմ՝ Դեմիրճյանը սովորություն ունի՞ շախմատ խաղալու, թե՞ ոչ, բայց խաղալու դեպքում իր նախասիրած քայլը պիտի որ լինի «պատի» իրավիճակ ստեղծելը: Որովհետեւ կյանքում հակառակորդների հետ նա այդպես է վարվում: Դեմիրճյանը ոչ թե կներքաշվի ինչ-որ խաղի կանոնների մեջ ու կդիմադրի, այլ մի վերջին քայլով անիմաստ կդարձնի հակառակորդի խաղն էլ, դրա կանոններն էլ։ Երբ 2000-ին ՀԺԿ անդամները դեմ քվեարկեցին ԲԷՑ172երի սեփականաշնորհման օրինագծին, կառավարությունը հիստերիայի մեջ էր ընկել, թե ՀԺԿ172ն սաբոտաժի է ենթարկում «Միասնության» ծրագրերի իրականացումը, իրենք այլեւս չեն կարող միասին ճանապարհ անցնել, բաժանումն անխուսափելի է, եւ, չգիտես ինչու, անվերջ կրկնում էին ՀԺԿ անդամների՝ «Միասնություն» դաշինքից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Ստեփան Դեմիրճյանի պատասխանը մի ֆրազ էր. «ՀԺԿ172ն ստեղծել է «Միասնություն» դաշինքը եւ հետեւում է ընտրություններում իր հռչակած ուղեգծին։ Ովքեր շեղվել են այդ գծից եւ չեն ցանկանում ՀԺԿ-ի հետ լինել, կարող են հեռանալ»: Այլ կերպ ասած՝ դուրս եկեք ինքներդ։ Հասկանալիորեն անելանելիությունից հանրապետականների աղմկարարությունը մարեց։ Կամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց 44.048 աշխատատեղ բացելու եւ տնտեսության մեջ 9,8% աճ արձանագրելու իր դարակազմիկ հաջողության մասին, բոլոր ընդդիմադիրների իմպուլսիվ պատասխանը թվեր, փաստեր, տոկոսներ մեջբերելն էր՝ ցույց տալու համար, թե ինչ կեղծիք է մատուցվում ժողովրդին։ Քոչարյանն էլ իր հերթին ուրիշ ցուցակներ ու թղթաբանություն էր վկայակոչում, եւ ընդհանուր առմամբ ստացվեց միանգամայն իրար արժանի կողմերի բանավեճ։ Դեմիրճյանը, անշուշտ, չէր վիճաբանի, նա միայն հայտարարեց. «Եթե տնտեսության մեջ կա աճ, դրանում կյանքը պետք է համոզի, ոչ թե թվերը: Տնտեսական աճը ի վերջո պետք է բերեր ժողովրդի ապրելակերպի բարելավման։ Յուրաքանչյուրը կարող է տեսնել՝ բարելավվե՞լ է, արդյոք, իր կյանքը»։ Այնտեղ, ուր մտքի գործունեության դաշտ է, Դեմիրճյանի նախասիրությունը, թերեւս, ոչ թե հակառակորդին հավասարվելն ու նրա դեմ միավորներ հավաքելն է, այլ խորաթափանցությամբ կամ հեռատեսությամբ անելանելիություն պարտադրելը: Քոչարյանն ու ողջ պետական քարոզչամեքենան քանի՞ հայաստանցու կկարողանան համոզել, թե իր կյանքը բարելավվել է։ Եթե միամտաբար ձեռնամուխ էլ լինեն նման առաքելության, կնմանվեն Կամսարի հայտնի քրոնիկոնի հերոսին, որը համոզում էր թերթ կարդալ՝ տեղեկանալու համար, թե որքան երջանիկ է սեփական կյանքը։ Բարոյական ընկալումները Այն, որ հակառակորդին պետք է «ակն ընդ ական» պատասխանել, լոկ պլեբեյական համոզմունք չես համարի։ Մեծ ցանկության դեպքում նույնիսկ կարելի է «Հին կտակարանում» գտնել հատվածը, ուր այդ բառերն են եւ փոքր-ինչ սոփեստություն թույլ տալով՝ իբրեւ աստվածաշնչյան պատվիրան ներկայացնել։ Մինչդեռ, բարոյականության պոստուլատները այլ պահվածքի են պարտավորեցնում։ 2001172ին էր, մի հարցազրույցում Դեմիրճյանին հարցրել էին. «Քոչարյանն ասում է, որ ինքը «Հոկտեմբերի 27»172ի գործով դեռ իր ասելիքը կասի։ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում»։ Թվում էր, պատասխանը լինելու էր. «Մենք էլ կասենք», բայց՝ ոչ: Ավելի ուշ ինչ172որ առիթ էր, եւ հիշեցրի՝ հազիվ Քոչարյանին իր ոճով պատասխանելու առիթ էր ստեղծվել, չէիք պատասխանել, փոխարենը՝ Թող ասի: Ծիծաղեց. «Չէ, դա ինչ172որ տղայական պահվածք կստացվեր։ Ես ավելի ճիշտ վարվեցի, եթե ասելիք ունի՝ թող ասի»։ Նույնիսկ ակամա զուգահեռներ են հառնում. օրինակ՝ ինչպե՞ս վարվեց Քոչարյանը, երբ Եռյակը հայտարարություն էր ընդունել նախագահին պաշտոնանկելու գործընթաց սկսելու մասին։ Քոչարյանը, հավատարիմ իր էությանը, չհապաղեց հայտարարել, որ ի հեճուկս ընդդիմության ոչ միայն վաղաժամկետ չի հեռանա, այլեւ երկրորդ անգամ կառաջադրվի։ Համեմատեք՝ եթե համեմատության եզրեր կգտնեք։ Մեկ ուրիշ անգամ էլ, Կարեն Սերոբիչի հետ կապված արարողության ժամանակ, Քոչարյանը կարծես թե չէր այցելել Պանթեոն։ Դեմիրճյանից ճշտում էի՝ իսկ նախագահը եկե՞լ էր։ «Չէր եկել, եւ, կարծում եմ, դա հասկանալի է։ Նախորդ անգամ դժվարությամբ կարողացանք բազմությանը զսպել ու բացականչությունները սաստել։ Գար՝ նույն տեսարանին նորից ականատես լինելո՞ւ»: «Մի արա ուրիշին այն՝ ինչ չես ուզի, որ քեզ անեն». բարոյագիտության այս պոստուլատը գիտեն բոլորը։ Բայց քանի՞սն են կյանքում այն վարքագիծ դարձրել։ Ստեփան Դեմիրճյանը եզակիներից է։ Նախագահության մասին 2000172ի ապրիլին ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել172չառաջադրվելու ժամանակներն էին, ինչ172որ խոսակցության ժամանակ Դեմիրճյանին ասացի. «Կարեն Սերոբիչի մահվանից հետո ակամա հասարակության հայացքը ուղղվելու է Ձեզ, այլ հարց է՝ Դուք ցանկանո՞ւմ եք նախագահ լինել, թե՞ ոչ, կամ ինչպիսի՞ նախագահ կլինեք8230»։ Ընդհատեց. «Ես դա գիտեմ, բայց հիմա վաղ է նախագահության մասին խոսել»: Դա միակ անգամն է, երբ Ստեփան Դեմիրճյանին հարցրել եմ նախագահության մասին: Վստահաբար, եթե նույնիսկ այժմ էլ հարցնեմ, այլ պատասխան չի հնչի: Հետեւաբար՝ հազիվ թե իմաստ ունի: Հայաստանում արտահերթ կամ հերթական նախագահական ընտրարշավը շուտով պաշտոնապես կմեկնարկի, եւ այն ժամանակ Դեմիրճյանի ծրագրերը, քայլերը, մոտեցումները կդառնան հասարակական քննարկման առարկա։ Թե ո՞վ կլինի Հայաստանի նախագահ՝ կընտրի Հայաստանի ժողովուրդը։ Քոչարյանն էլ մեծ ծառայություն մատուցած կլինի այս երկրին, եթե կարողանա դիմադրել ճնշումներ գործադրելու կամ կեղծիքներ կատարելու գայթակղությանը։ Իսկ այս հոդվածի նպատակը անթիվ անգամ իմ շրջապատից լսած դատողություններին պատասխանելն էր, թե Ստեփան Դեմիրճյանը այլ նախադրյալ ու արժանիք չունի նախագահության հավակնելու՝ քան Կարեն Սերոբիչի որդին լինելու հանգամանքը։ Երբ Կարեն Սերոբիչը 98172ին առաջադրվեց նախագահության թեկնածու, շատերը թերեւս չէին սպասում ֆուրորին, որին ականատես եղան։ Նրանք՝ չցանկանալով կամ չկարողանալով բացատրել այդ ֆուրորի երեւույթը, ինքնախաբեության բանաձեւ գտան, թե մարդկանց մեջ բարեկեցիկ ժամանակների կարոտախտը խոսեց։ Մինչդեռ, եթե խորհրդային ժամանակների մեկ այլ ղեկավար իջնի ասպարեզ, նույնպիսի ֆուրոր կանի՞։ Հազիվ թե: Եվ այժմ էլ պետք չէ նույն ինքնախաբեությամբ տարվել, թե Ստեփան Դեմիրճյանին ասպարեզ իջեցնողն ազգանունն է։ Այլ հարց, որ նա ավելի քան արժանի է այդ ազգանվանը: Բայց ինչ ազգանուն էլ կրեր, այդ մարդու հաստատունությունը, միտքը եւ բարոյականությունը նրան անհամեմատելի են դարձրել ներկա քաղաքական դաշտում ցանկացած այլ գործչի հետ։ Ո՞վ գիտե, գուցե նույն պատճառով, որը մեջբերված էր այս հոդվածի սկզբում. «Throne runs in his blood»։ Մինչ ասպարեզում գտնվող մյուս քաղաքական գործիչները գրեթե ամբողջ կյանքն են վատնել իշխանության աստիճանավանդակին հասնելու եւ այնտեղ վայրիվերելու համար, Ստեփան Դեմիրճյանը ապրել է: Մասամբ էլ՝ իշխանության մեջ՝ դա չդարձնելով ոչ տենչանքի առարկա, ոչ էլ ինքնարժեւորման պայման: Ահա թե ինչու Դեմիրճյանն իր մասին, երեւի թե, կարող է կրկնել Չապլինի բառերը. «Ես հրեշտակ չեմ եղել, բայց ապրել եմ՝ փորձելով որքան հնարավոր է մարդ լինել»: Թերեւս փորձել է… որովհետեւ, հաջողվել է: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել