Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԴԱ, ՆԱՅԻՐ, ԻՄ ԺԻՐ ՄԱՆՈՒԿ

Մարտ 05,2002 00:00

ԿԱՐԴԱ, ՆԱՅԻՐ, ԻՄ ԺԻՐ ՄԱՆՈՒԿ «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի նախագծի երեւան գալը, ինչպես պարզվեց, իր հետ նաեւ դրական երեւույթներ բերեց։ Առաջինը. գրեթե բոլոր ԶԼՄ-ները՝ անկախ տիպից եւ ուղղվածությունից, վերջապես համախմբվեցին։ Մեզ համար ավելի անսպասելի էր երկրորդ հարակից երեւույթը. նույնիսկ քաղաքական-պետական գործիչները փաստեցին, որ անկախության տասնամյակում եթե ինչ-որ ինստիտուտ կայացել է, դա ԶԼՄ-ներն են։ Էլ չենք ասում, որ վերջիններից էլ համախմբվեցին՝ ի պաշտպանություն ԶԼՄ-ների։ Այդ «ի պաշտպանություն» ասվածը ավելի շուտ ոչ թե ԶԼՄ-ների, այլ մարդկանց՝ տեղեկացված լինելու իրավունքի օգտին է, քանի որ կառավարության ներկայացրած օրինագծի ընդունման դեպքում մեծ հաշվով ոտնահարվելու է հենց այդ իրավունքը։ Պատահականություն է, թե ոչ, սակայն այս օրերին տարածվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնարարությամբ ԻնտերՄեդիա կազմակերպության կազմած «Երիտասարդությունը եւ ԶԼՄ-ները. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա, ԱՊՀ եւ Բալթյան երկրներ» զեկույցը։ Զեկույցը բխում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայից, որը մեծ տեղ է հատկացնում երեխայի տեղեկացվածությանը։ Մասնավորապես 17-րդ հոդվածում նշվում է ԶԼՄ-ների կարեւորությունը այն ինֆորմացիայի տարածման հարցում, որը կարող է նպաստել երեխայի բարեկեցությանը՝ բառի լայն իմաստով։ Հենց այս դրույթից ելնելով էլ զեկույցի հեղինակները դիտարկել են 15-24 տարեկանների (երբեմն էլ 10-15 եւ 25-ից բարձր) ազդեցությունը ԶԼՄ-ների ձեւավորման վրա եւ հակառակը, թե ինչ չափով են ԶԼՄ-ները նպաստել այդ երկրներում հասարակության վերափոխմանը։ Զեկույցի հավելվածում զետեղված աղյուսակները Հայաստանի համար բավական տխուր պատկեր են ուրվագծում՝ մեր իրականությունից ծնված հուսահատությանը տոկոսային արտահայտություն տալով։ Ինչպես եւ սպասելի էր, 15-24 տարեկանները ամենաքիչն են վստահում կառավարությանը՝ 18% (Ադրբեջանում՝ 43%)։ Մեզ այդ հարցում «գերազանցում» են Ուկրաինան՝ 14% եւ Մոլդովան՝ 9%։ ԶԼՄ-ներ ասվածը շատ ուրիշ երկրների նման մեզ մոտ սահմանափակվում է հիմնականում պետական հեռուստատեսությամբ։ Համենայնդեպս, մեր երիտասարդների 77%-ը ամեն օր այդտեղից է ինֆորմացիա ստանում, 23%-ը ռադիոյից եւ «մի ամբողջ» 3%՝ թերթերից։ Իսկ ընդհանուր առմամբ մեր ջահելները շաբաթական 24 ժամ են անցկացնում հեռուստացույցի առաջ՝ ճիշտ իրենց ռուսաստանցի հասակակիցների չափ։ Ինտերնետի օգտագործման ցուցանիշներով Հայաստանը գերազանցում է միայն Ալբանիային, որտեղ 15-24 տարեկանների 1,5%-ն է ինտերնետից օգտվում։ Մեզ մոտ այդ թիվը 3% է, իսկ 25 տարեկանից բարձրերի համար՝ 2%։ Ընդ որում, ամենօրյա օգտագործողների թիվը մեզ մոտ զրո է։ Համեմատության համար բերենք աղյուսակի ամենաբարձր թիվը՝ 25% (Բուլղարիա, Ռումինիա), իսկ Ադրբեջանում մեր 3%-ի դիմաց նրանց 13%-ն է։ Նույն տխուր պատկերն է համակարգչից օգտվելու հարցում. Ռուսաստանի եւ Ուկրաինայի 56-57%-ի դիմաց Ադրբեջանում համակարգիչ օգտագործում է 15-24 տարեկանների 23%-ը, 25-ից բարձրերի՝ 7%-ը, Հայաստանում՝ համապատասխանաբար, 7%-ը եւ 2%-ը։ Բոլոր վերը նշված երկրներում երիտասարդները զվարճալի հեռուստահաղորդումները գերադասում են քաղաքական-տեղեկատվական, մարզական եւ կրթական հաղորդումներից։ Ուրեմն եւ զարմանալի չէ, որ ռադիոյի պարագայում ավելի շատ լսում են մասնավորները (հիմնականում՝ երաժշտական), քան պետականը։ Ուրիշ երկրներում թերթեր հիմնականում կարդում են տղաները, իսկ մեզ մոտ թերթերի ամենօրյա ընթերցանության առաջատարն աղջիկներն են (երեւի բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողներից)՝ 4%, իսկ տղաները՝ 0%, Ադրբեջանում համապատասխանաբար՝ 2% եւ 1%։ Երկու ամենաուրախ հարցերի ուսումնասիրությունը ներկայացնում ենք վերջում. դրանց պատասխաններն այնքան տխուր են Հայաստանի համար։ Ահա թե 15-24 տարեկանների որ տոկոսն է հույսով նայում ապագային՝ 48%, 25-ից բարձր՝ 30% (Ադրբեջանում՝ 58% եւ 47%)։ Սա դեռ ոչինչ։ Աղյուսակում միանգամից աչք է ծակում հայ երիտասարդների տված պատասխանը. «Դուք ձեզ ավելի ու ավելի անպաշտպան զգո՞ւմ եք աշխարհում կատարվող իրադարձություններին բախվելով» հարցին։ Ե՛վ 15-24, ե՛ւ 25-ից բարձր տարեկանների 47%-ը այո է պատասխանել, դրանով ապահովելով այս աղյուսակում Հայաստանի առաջատար դիրքը (Ադրբեջանում՝ 13% եւ 22%)։ Հուսահատության առումով մեզ մի քիչ զիջում են ռումինացի եւ վրաց երիտասարդները՝ 42%։ Այս ֆոնին մեր իշխանությունները երեւի լավ էլ անում են՝ ԶԼՄ-ների «կոկորդը բռնող» օրինագիծ են առաջ քաշում. ինչքան քիչ կարդան մեր երիտասարդները թերթ ու ամսագիր, քիչ նայեն ոչ զվարճալի հեռուստահաղորդումներ, այնքան անտեղյակ կլինեն մեր կառավարության քաջագործություններից եւ ուղիղ համեմատական կաճի նրանց վստահությունն առ մեր կառավարություն եւ իրենց պայծառ ապագան։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել