Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊՈԼԻՍՈՒՄ

Մայիս 09,2002 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊՈԼԻՍՈՒՄ Հայ-թուրքական հարաբերությունները մեծ աշխարհի ծանրակշիռ ազդեցության ներքո պարզապես դատապարտված են վերանայման։ Թերեւս որպես քայլերից մեկը կարելի է դիտել վերջին շրջանում հայ եւ թուրք լրագրողների հանդիպումները։ Մայիսի 3-6-ը Ստամբուլում տեղի ունեցավ լրագրողների հերթական հանդիպումը, որի կազմակերպիչներն էին Անկարայի դիվանագիտական թղթակիցների միությունը (ղեկավար՝ «Թուրքիշ-դեյլի-նյուզ» թերթի աշխատակից Յուսուֆ Գանլի) եւ Երեւանի մամուլի ակումբը, հովանավորն էր Սորոսի հիմնադրամը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ԵՄԱ-ից՝ Աշոտ Գազազյանը, «Պրոմեթեւս» TV-ի ղեկավար Սամվել Մայրապետյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավար Արա Թադեւոսյանը, ՀԱՀ-ից՝ Տաթեւիկ Բաղդասարյանը, «Առավոտից»՝ Մարգարիտ Եսայանը։ Կլոր սեղանների մասնակից հայ եւ թուրք լրագրողները կարեւոր առաքելություն ունեին՝ միմյանց ճանաչելի դարձնելը։ Հասկանալի է, որ հայերին եւ թուրքերին հետաքրքրող թիվ մեկ՝ Ցեղասպանության ճանաչման հարցում հանդիպումից հետո էլ կողմերը շարունակեցին տարակարծիք լինել, բայց եւ նկատելի էր, որ հանդիպումն ու բանավեճերը (բառի դրական իմաստով) երկուստեք օգտակար եղան։ Սակայն, հասկանալի է նաեւ, որ Ցեղասպանության թեման թուրքերի համար դժվար պիտի լիներ շրջանցել։ Նրանք գտել էին իրենց հարմար տարբերակը, որը կարելի է մոտավորապես այսկերպ բնորոշել՝ եթե հայերն ուզում են Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ, հարկավոր է թուրքերի հետ խոսելիս չօգտագործել «ցեղասպանություն» (գենոցիդ) բառը։ Յուսուֆ Գանլին նույնիսկ փորձեց արդեն ծանոթ թուրքական շեշտադրումը հնչեցնել այն մասին, որ ոչ թե ցեղասպանություն է տեղի ունեցել, այլ քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում ոչ միայն հայեր են զոհվել, այլեւ՝ այլազգիներ։ Նա նույնիսկ ցավակցություն հայտնեց բոլոր զոհերի հարազատներին, ասելով, թե դա բոլորիս ապրած ողբերգությունն է, եւ չի կարելի մեղադրել թուրքերին, քանի որ երկրում քաղաքացիական պատերազմ էր։ Հայ լրագրողներն այս խոսքերին արժանի հակահարված տվեցին, որից հետո մեր թուրք գործընկերներն ավելի ուշադիր էին իրենց արտահայտություններում։ Թուրք ժողովրդավարության կենտրոնի նախագահ, պատգամավոր Բիլենտ Ագարճալն իր ելույթում հատուկ խոսեց Ստոկհոլմում ՀՀ ԱԳ փոխնախարար Ռ. Շուգարյանի՝ մեկ շաբաթ առաջ ունեցած ելույթի մասին, որտեղ ասվում էր, որ սեպտեմբերի 11-ից հետո Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կանգնած են նոր հնարավորությունների առջեւ։ Ասվել է նաեւ, թե մենք չպետք է մոռանանք անցյալը, բայց, միաժամանակ, պետք է քաջություն ունենանք առաջ նայել առանց նախապաշարումների՝ կառուցելով քաղաքակիրթ ապագա։ Այս ելույթը թուրք պատգամավորին բավականին ոգեւորել էր, թեպետ մենք հակված չենք մտածել, թե որեւէ հատուկ նորություն կար նրանում։ «Հյուրիեթ» թերթի աշխատակից Ֆերայի Թընչը շատ ավելի կարեւորեց Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները՝ ասելով, թե դրանք լուրջ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի վրա, եւ եթե ԱՄՆ-ը որոշի ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, ապա, միանշանակ, դա իր ազդեցությունը կթողնի Թուրքիայի եւ կովկասյան տարածաշրջանի վրա։ Ընդհանրապես, սեպտեմբերի 11-ից հետո փոփոխված աշխարհում հարաբերությունների լուրջ վերադասավորում է տեղի ունենում, որը, հնարավոր է, խիստ օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ Թուրք լրագրողները հանդիպումների ժամանակ չթաքցրին, որ հայ-թուրքական հաշտեցման հարցերը թուրքական մամուլը գրեթե չի շոշափում։ Ըստ իրենց՝ այդ հարցերն այսօր թուրք հասարակայնությանը ավելի պակաս են հետաքրքրում, քան, ասենք, տարածաշրջանի այլ, ավելի տաք կետերի խնդիրները։ Թուրք գործընկերները փորձում էին սա այնպես ներկայացնել, որ իբր թուրք հասարակությունը պատրաստ չէ նման հարցեր լսել։ Իրականում՝ դեմոկրատիա ասվածը Թուրքիայի համար խիստ անընկալելի է։ Պետական տեսակետը նրանք ներկայացնում են որպես սեփական կարծիք, եւ որեւէ փորձ չի արվում անընդունելին մերժելու համար։ Հայ-թուրքական հաշտեցման հարցերը կսկսեն հետաքրքրել թուրք հասարակությանը վստահաբար այն ժամանակ, երբ այդ հարցերը լրջորեն կհետաքրքրեն պետությանը։ Իսկ պետությունը ստիպված կլինի հետաքրքրվել այդ հարցերով բացառապես Միացյալ Նահանգների եղբայրական «խորհրդի» դեպքում։ Թուրքական «Դեյնա» թերթի աշխատակից, համալսարանի պրոֆեսոր Միհաթ Մելեն հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, իր դիտարկմամբ, երկկողմանի ձգտում կա տնտեսական եւ գործարար շփումների եւ ճիշտ կլինի պատմությունը չխառնել այս ամենին. «Եթե մենք, գտնվելով միեւնույն տարածաշրջանում, չփորձենք համագործակցել, ապա մեր երեխաները չեն ների մեզ»։ Թուրք հայտնի լրագրող Սամիս Կոխենը կարեւոր համարեց, որ թեպետ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիական հասարակության շրջանակներում փոխհարաբերություններ են ձեւավորվում. «Եթե կա լարվածություն, կարելի է այն վերացնել, եթե կա անվստահություն, նույնպես կարելի է վերացնել»։ Հայ եւ թուրք լրագրողների հանդիպումներին մասնակցում էր նաեւ «Նյու Յորք թայմս»-ի թղթակից Կելվին Սիմսը։ Նա որոշեց խորհուրդ տալ կողմերին, որ երկկողմանի շփումների, փոխհարաբերությունների նորմալացման համար՝ ճիշտ կլինի, որ հայերը եւ թուրքերը շեշտը դնեն միմյանց ընդհանրությունների եւ ոչ տարբերությունների վրա։ Սիմսի ասելով, մենք արդեն մոտ ենք հակամարտության կարգավորմանը։ Պրն Սիմսը չմասնավորեցրեց, թե դա ինչ է նշանակում, սակայն ընկալելով նրան որպես երրորդ, բայց խիստ կարեւոր կողմի ներկայացուցիչ, արժե ուշադիր լինել այս խոսքերին։ Հասկանալի է, որ երկու հարեւան երկրների պատմականորեն ծանրացած հարաբերությունները լրագրողական կլոր սեղաններով չէ, որ կարգավորվելու են, սակայն միանշանակ է, որ նման հանդիպումները եւ շփումները շատ ավելի օգտակար կարող են լինել, քան մեկմեկու մեջքով դառնալը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Ստամբուլ-Երեւան Հ. Գ. Հայ եւ թուրք լրագրողների հանդիպումները լուսաբանվել են տեղի հայկական եւ թուրքական լրատվամիջոցներում՝ բացառապես ինֆորմացիայի մակարդակով, առանց մեկնաբանությունների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել