Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔ

Հունիս 08,2002 00:00

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔ Քաղաքագետի հայացք միասնական ուղղագրության խնդրին Ուղղագրության երկփեղկվածությունը արդեն ութսուն տարի է, ինչ բաժանման լրացուցիչ գործոն է դարձել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Եթե այդ խնդիրը հաղթահարենք, ապա մենք կարող ենք ասել, որ իրոք միաբան գործելու ընդունակ ազգ ենք, հակառակ դեպքում՝ դժվար թե։ Իրոք, մեր ուղղագրության փոփոխելը ոչ մի արտաքին ուժի շահերին չի դիպչում, այս խնդիրը միայն մերն է: Մինչ այժմ այս հարցը հիմնականում քննարկել են մասնագետ լեզվաբանները, առ այն, թե որքանո՞վ էր արդարացված դասական ուղղագրությունից հրաժարվելը 1922թ.: Ես կփորձեմ հարցը վերլուծել որպես հասարակական-քաղաքական խնդիր, քանի որ միասնական ուղղագրության հաստատումը հենց քաղաքական խնդիր է, որը պետք է լուծեն քաղաքական գործիչները: Եվ այսպես. Հայաստանը եւ Սփյուռքի մի ստվար մասը, որը գտնվում է նախկին ԽՍՀՄ տարածքում (այսպես կոչված՝ «ներքին Սփյուռքը»), կիրառում են նոր ուղղագրությունը, իսկ «արտաքին Սփյուռքը» ու նաեւ Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ են մնացել «դասական» ուղղագրությանը: Երկու համակարգերի միջեւ «փոխզիջումը» անիմաստ է՝ դա կնշանակեր ստեղծել մի երրորդ ուղղագրություն: Այսինքն, պետք է որոշել. կամ բոլորս անցնում ենք դասականին, կամ՝ նորին («ու» տառի հայտնի խնդիրը սրա հետ կապ չունի եւ պետք է լուծվի ամեն պարագայում): Նոր ուղղագրության կողմնակիցների կռվանը, բնականաբար, նրա դյուրինությունն է, իսկ դասականի կողմնակիցները պնդում են, թե հրաժարվելով այդ ուղղագրությունից, մենք խզել ենք կապը մեր դասական մշակույթի հետ։ Չթաքցնելով, որ ես նոր ուղղագրության կողմնակիցներից եմ, կփորձեմ ստորեւ պատճառաբանել հնին վերադարձի անհնարինությունը ոչ թե իմ անձնական նախասիրության, այլ իրավիճակի վերլուծության հիման վրա: Ընդսմին ելնում եմ այն դրույթից, որ 1922-40 թթ. ընդունված ուղղագրությունը հայ մշակութի համար նույնպիսի արժեք է, որքան եւ դասականը, եւ ոչ թե թյուրիմացություն կամ բնականոն ընթացքից խոտորում, ինչպես հաճախ ներկայացնում են դասականի կողմնակիցները: Մշակութային անդրադարձ Պարույր Սեւակն ասում էր. հայերեն կատարյալ գիտենալու համար մարդ պետք է գիտենա չորս լեզու՝ գրաբար, միջին հայերեն, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն: Ակնհայտ հետեւություն՝ ներկա հայերենն ու գրաբարը տարբեր լեզուներ են (ինչպես, ասենք, լատիներենն ու նրանից ծագած իտալերենը) եւ, հետեւաբար, պարտադիր չէ, որ միեւնույն ուղղագրությամբ գրվեն: Այն, որ դասական ուղղագրությունն խրթին է եւ անհամապատասխան հայերենի ներկա երկու տարբերակներին, օրախնդիր էր դարձել դեռեւս 20-րդ դարի սկզբին, ու այդ բարեփոխման հեղինակը ամենեւին էլ անցյալն ուրացող չարագործ բոլշեւիկ չէր (հաճախ 1922թ. բարեփոխումը բնորոշում են որպես «բոլշեւիկյան դավ»), այլ հին եւ միջնադարյան հայ գրականության առ այսօր խոշորագույն մասնագետը՝ Մանուկ Աբեղյանը: Այսպիսով, դասական ուղղագրության վերադառնալու կողմնակիցները ըստ էության ձգտում են, որպեսզի բոլոր հայերը հնարավորին չափ կատարյալ գիտենան հայերենը, այսինքն՝ իմանան ոչ միայն աշխարհաբարը, այլեւ գրաբարը: Ողջունելի մղում է, բայց ցավոք՝ անիրականանալի շքեղություն: Թո՛ղ դասական ուղղագրության կողմնակիցները դիմեն իտալացիներին, առաջարկով՝ ձեր հռոմեական փառապանծ անցյալի հետ կապերը վերականգնելու համար անցեք լատիներենի ուղղագրությանը։ Կամ համոզեք գերմանացիներին՝ վերականգնել նախալյութերյան ուղղագրությունը, իսկ ռուսներին՝ մինչեւ 1918թ. ուղղագրությունը: Նման առաջարկն առնվազն տարակուսանք կհարուցի, ի պատասխան կբացատրեն, որ այսօրվա գործնական ուղղագրությունը ամենեւին չի խանգարում հին մշակույթին տեղյակ լինելուն։ Իրոք, վստահ չեմ, թե ես ավելի վատ կարող եմ հասկանալ Նարեկացուն, քան նա, ով գրում է աշխարհաբարը գրաբարի ուղղագրությամբ։ Գրագիտության վնասները Ուղղագրական ամեն բարեփոխում գրագրետ մարդու համար ցավոտ է: Հայտնի է գերմանական մի թերթի օրինակը, որը որոշեց պարզել, թե հնարավո՞ր է, արդյոք, հրաժարվել գերմաներենի ուղղագրության անտրամաբանական կանոնից, ըստ որի բոլոր գոյականները սկսվում են մեծատառերով: Նա սկսեց օրական մի հոդված տպագրել, որում գոյականները գրվում էին փոքրատառերով, սակայն վրդովված ընթերցողների բողոքները շուտով վերջ տվեցին այդ «հետազոտությանը»: Այս տեսանկյունից դիտելով, 1922թ. ուղղագրական բարեփոխումը (նույնիսկ եթե այն համարենք ճակատագրական սխալ) անցկացվեց խիստ հարմար մի ժամանակ, երբ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը անգրագետ էր։ Մարդկանց վերակրթելու կարիք գրեթե չզգացվեց. նրանց մեծ մասը պարզապես սկսեց գրել ու կարդալ նոր ուղղագրությամբ։ Այսօր իրավիճակն այլ է, եւ ինչպես ամեն մի գրագիտության բարձր աստիճան ունեցող երկրում, Հայաստանում ուղղագրական բարեփոխման փորձը կարժանանա հասարակական դիմադրության։ Անշուշտ այդպիսի դիմադրություն կլինի նաեւ «հեռավոր» Սփյուռքում, բայց, համարձակվում եմ պնդել՝ ավելի քիչ։ Պատճառն անկհայտ է. Սփյուռքը, թող վիրավորական չհնչի՝ պակաս «գրագետ» է հայերենի հարցում, քան Հայաստանը։ Իրոք, Հայաստանում հայերենը սովորում են նրա բոլոր քաղաքացիները, Սփյուռքում՝ միայն նրանք, ովքեր ցանկանում են (ցավոք, այդպիսիք փոքրամասնություն են)։ Հայաստանում դպրոցներն իսկական հայկական են, այսինքն, այստեղ հայերեն են դասավանդվում բոլոր առարկաները։ Սփյուռքի հայկական դպրոցների մեծ մասում մայրենիով դասավանդվում են միայն լեզու, պատմություն եւ հարակից առարկաներ։ Հայաստանում գրավոր հայերենը ակտիվ լեզու է: Հայաստանի բնակիչները հայերեն են գրում իրենց առօրյա գրագրության մեծ մասը՝ սկսած գործարար պայմանագրերից, բանկային չեկերից ու դատական հայցերից, վերջացրած նամակներով ու պատերի վրա մանուկների արած խզբզանքներով: Սփյուռքահայերի մեծ մասը, եթե գիտի էլ հայերեն գրել եւ կարդալ, ապա գրավոր հայերենը գործածում է իր աշխատանքային գործունեությունից դուրս, պարզ ասած՝ իր հաճույքի համար: Միով բանիվ՝ Հայաստանում հայերենը պետական լեզու է, Սփյուռքում՝ ոչ: Այդ պատճառով, Հայաստանում ավելի հաճախ են հայերեն գրում, քան Սփյուռքում, իսկ ուղղագրության փոփոխությունը ավելի ցավոտ է գրողի, քան կարդացողի համար: Այստեղից ակնհայտորեն բխում է, որ Հայաստանում ուղղագրական բարեփոխում իրականացնելը շատ ավելի բարդ կլինի, քան Սփյուռքում: Այդպես կլիներ, նույնիսկ այն դեպքում, եթե նոր ուղղագրությունն ավելի բարդ լիներ, քան դասականը, իսկ քանի որ իրականում հակառակն է, ապա դժվարությունը կեռապատկվի։ Տեխնիկական բարդություններ Եթե նունիսկ համաձայնենք, թե 1922թ. ուղղագրական բարեփոխումը ճակատագրական սխալ էր, ապա հակառակ քայլն այսօր անելը Հայաստանում կլինի ծանրագույն գործնական խնդիր։ Հայաստանում պետական լեզվի ուղղագրության փոփոխումը պետք է կատարվի միանգամից, պետական մակարդակով, երկրում չի կարող գործել մեկից ավելի ուղղագրություն: Դա նշանակում է, որ երկրի բոլոր քաղաքացիները, մասնավորապես՝ բոլոր պաշտոնյաները (նախագահից մինչեւ վերջին ոստիկանը) միանգամից պետք է ընդունեն, որ իրենք անգրագետ են եւ սկսեն սովորել իրենց համար խորթ ուղղագրություն։ Ո՞ր պահից կարելի կլինի համարել, որ արդեն երկիրը պատրաստ է նոր ուղղագրության անցնելու՝ չի կարող կանխատեսել ոչ ոք։ Մինչդեռ «հեռավոր» Սփյուռքում բարեփոխումը կարելի է անել աստիճանաբար, նոր ուղղագրությունը արմատավորել տարիների ընթացքում։ Այնտեղ միանգամայն թույլատրելի է երկու ուղղագրությունների զուգահեռ գործածությունը. ինչը, ի դեպ, արդեն իսկ կա՝ Հայաստանից վերջերս գաղթած շատերը գործածում են նոր ուղղագրությունը, կան նույնիսկ այդպիսի թերթեր։ Հոգեբանական խոչընդոտներ Հայաստանում դասական ուղղագրությունը վերահաստատելու փորձը դեմ կառնի նաեւ ոչ պակաս լուրջ հոգեբանական խոչընդոտների։ Սփյուռքահայության զգալի մասը, առնվազն նրանք, ում ակտիվ լեզուն անգլերենը կամ ֆրանսերենն է, բնական է համարում այն, որ բառի գրության եւ արտասանության միջեւ միանշանակ կապ չկա: Օրինակ՝ անգլախոսը սովոր է, որ զրուցակցի համար նոր բառ արտասանելուց հետո նա բերում է այսպես կոչված spelling-ը՝ բառը հեգում է տառ առ տառ: Մինչդեռ նոր ուղղագրությունով գրող հայը ոչ մի spelling-ի կարիք չունի, նա 100-ից 99-ի դեպքում անսխալ որոշում է, թե նոր բառն ինչպես պետք է գրվի: Այդ պատճառով կարելի է կանխատեսել հետեւյալ տեսարանը։ Հայաստանի հայը, երբ լսում է ֆրանսիական Մարսել քաղաքի անունը, առանց մտածելու գրում է «Մարսել», քանի որ ըստ հստակ կանոնի. բառամիջի «է» հնչյունը գրվում է «ե» տառով: Դասականի կողմնակիցները նրան ասում են՝ որպեսզի քո կապը քո նախնիների բարձր մշակույթի հետ չխզվի, դու այսուհետեւ պետք է հիշես, որ այս բառը պետք է գրել «Մարսէլ»: Հայաստանցին, բնականաբար, կընդվզի՝ ո՞ր մեղքիս համար ես պետք է գլուխս ծանրաբեռնեմ: Ու ի՞նչ կապ ունի Մարսել քաղաքը Մեսրոպ Մաշտոցի հետ: Քաղաքական հիմնախնդիր Դառնանք ամենածանր խնդրին՝ քաղաքականին։ Ուղղագրական բարեփոխումը Հայաստանում կարող է իրականացվել միայն նրա քաղաքական ղեկավարության որոշմամբ, ու անպայման՝ հանրաքվեով: Ակնհայտորեն, վերը հիշված դժվարություններին կավելանան նորերը, որոնք անմիջապես կդառնան քաղաքական շահարկումների առարկա։ Օրինակ, դժվար չէ կանխատեսել հետեւյալը։ Բարեփոխումը, ի թիվս այլ բարդությունների, նաեւ խիստ թանկ հաճույք է. պետք է վերակրթել նախ ուսուցիչներին, հետո՝ երկրի ամբողջ բնակչությանը, պետք է պատրաստել հսկայական ծավալով նոր գրականություն, նոր ճանապարհային տախտակներ, նոր կնիքներ… Ի՞նչ միջոցներով, երբ Հայաստանն իր պաշտոնյաներին չի կարողանում արժանավայել աշխատավարձ տալ։ Ասում են, թե Սփյուռքի ինչ-որ բարերարներ պատրաստ են միջոցներ հատկացնելու նորից հին ուղղագրությանն անցնելու գործին: Բայց ակնհայտ է, որ հենց այդ մասին մեկը ծպտուն հանի, Հայաստանում փոթորիկ կբարձրանա. «Ի՞նչ է, մենք ուրիշ տեղ չունե՞նք փող ծախսելու։ Մարդիկ սոված են ու տկլոր, երկրից փախչում են, իսկ դուք ուղղագրությունը բարդացնելու համար փող եք վատնում»։ Միայն քաղաքական ինքնասպանության ձգտող ղեկավարը կարող է նման գործ նախաձեռնել։ Չմոռանանք մեր դառն իրականության մի կողմը եւս, հայերը շարունակում են հեռանալ Հայաստանից: Հեռանում են, իհարկե, ապրուստ հայթայթելու, բայց շատերի համար Հայաստանը լքելը դարձել է մարմաջի նման մի բան, նրանք հնարում են եղած ու չեղած ամեն մի պատրվակ դիմացինին եւ իրենք իրենց համոզելու, որ Հայաստանն «ապրելու տեղ չէ»։ Կասկած չունեմ, ուղղագրության ենթադրյալ փոփոխությունը նման տրամադրություններին նոր թափ կհաղորդի: Կասեն՝ «Հայաստանը միակ երկիրն է, որն իր քաղաքացիների կյանքը բարդացնում է ուղղագրության բարդացման միջոցով: Ապրելու երկիր չի»: Ու սրան արդեն չենք կարողանա առարկել, իսկապես կլինի միակ այդպիսի երկիրն աշխարհում: Պետք է հարգեն պետությունը Վերջին փաստարկը, ըստ հերթականության, բայց ոչ՝ կարեւորության: Վերը հիշեցի, որ բոլշեւիկների օրոք միայն հայերենը չէ, որ ուղղագրական բարեփոխման է ենթարկվել: Հայերենից չորս տարի առաջ՝ 1918թ. բոլշեւիկյան կառավարությունը պարզեցրեց նաեւ ռուսերենի ուղղագրությունը, ընդ որում, ավելի արմատական ձեւով: Ճիշտ հայերի նման ռուս Սփյուռքը ընդվզեց: Սակայն չանցավ մեկ տասնամյակ, եւ ռուս Սփյուռքը համակերպվեց նոր ուղղագրությանը, նույնն արեց նաեւ ռուս եկեղեցին: Ռուս Սփյուռքը, որ հաստատ պակաս ներհակ չէր բոլշեւիկներին, քան սփյուքահայերը, այնուամենայնիվ իրեն իրավունք չվերապահեց հակառակվելու այն ժամանակվա ռուսական պետության որոշմանը: Ավա՜ղ, հայ Սփյուռքը պակաս հարգանք տածեց այն ժամանակվա հայոց պետության նկատմամբ: Ու ամենից ցավալին այն է, որ նույն կերպ վարվեց եւ Հայաստանյայց եկեղեցին: Ահա արդյունքը՝ մինչ այժմ չկա հայաստանցի հայի համար հարազատ ուղղագրությամբ հրատարակված Սուրբ Գիրք, նույնիսկ նորագույն արեւելահայ թարգմանությունը տպագրվել է հայաստանցու համար օտարոտի դասական ուղղագրությամբ, ասես նպատակ դնելով՝ պահպանել շարքային հայաստանցու եւ եկեղեցու միջեւ եղած անջրպետը: Քարոզչական ռազմավարության նման տարրական սխալից միանգամայն զերծ են այն օտար աղանդները, որոնց տարածմամբ այնքան անհանգստանում ենք. նրանց մտքով չի անցնում Հայաստան բերել դասական ուղղագրությամբ գրված գրականություն: Ի դեպ, հետ եմ վերցնում հոդվածի սկզբում ասածս՝ կա առնվազն այս մեկ արտաքին ուժը՝ աղանդները, որը շահագրգիռ է, որ մեր ուղղագրությունը մնա երկփեղկված: Քաղաքական վերլուծաբանի տեսակետից ակնհայտ է՝ ճակատագրական սխալ գործել է ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ Սփյուռքն ու եկեղեցին: Այն պարզ պատճառով, որ այս հարցում պետության հետ վիճելն անտեղի է: Վիճել կարելի է մինչեւ փոփոխությունը, բայց եթե պետությունն արդեն քայլն արել է, նշանակում է՝ նա այլեւս միշտ իրավացի է: Այնպես որ, կոչ եմ անում հեռավոր Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ մեր եկեղեցու հայրերին: Սկսեք աշխարհաբարը գրել այն ուղղագրությամբ, որն արդեն մարդկային չորս սերունդ՝ 80 տարի, կիրառվում է Հայաստան պետությունում: Դա ոչ միայն հարգանքի անհրաժեշտ տուրք կլինի Հայաստան պետությանը, այլեւ այնպիսի մի օգնություն, որը ոչ մի դրամական համարժեքով չի չափվի: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հ.Գ. Հոդվածի անգլերեն տարբերակը տեղադրված է www.armeniadiaspora.com էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. GG says:

    Հիանալի հոդված է՝ գրված իրատեսական մոտեցումով:

Պատասխանել