Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ-ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉՈՒՆԻ

Հունիս 20,2002 00:00

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ-ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉՈՒՆԻ Նույնիսկ եթե հանվի 22 հոդվածի 4-րդ կետը, գնացքն արդեն գնացել է Կանոնակարգ-օրենքի գլխավոր մասնագետ, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի տեղեկացմամբ՝ ԱԺ գործող կանոնակարգ-օրենքի նախագծի մշակումը «Միասնություն» խմբակցությունը ձեռնարկել է դեռեւս 1999 թվականին։ Ավելի ուշ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ նրա կողմից ստեղծված աշխատանքային խմբում շուրջ երեք տարի ընթացել են քննարկումներ, որոնց մասնակցել են ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ՍԴ, ԱԺ բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները։ Արվել եւ քննարկվել են հազարից ավելի առաջարկներ, 600-ը՝ առաջին, իսկ 373-ը՝ երկրորդ անգամ պաշտոնապես ներառվել են օրենքի նախագծի ամփոփաթերթիկներում։ Որքան էլ այսօր զարմանալի է թվում, քննարկումների երեք տարիների ընթացքում 22 հոդվածի 4-րդ կետի վերաբերյալ որեւէ բացասական արձագանք չի եղել։ Այժմ, երբ խորհրդարանական մեծամասնությունը ձեռք ու ոտք ընկած շտապում է կանոնակարգում փոփոխություն կատարել, թերեւս գործում է «հայի վերջին խելքը» ասացվածքը։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կանոնակարգ-օրենքը այն եզակի օրենքներից է, որն ընդունվել է ձայների ջախջախիչ մեծամասնությամբ՝ 5 անգամ, ընդ որում՝ երկու անգամ ամբողջությամբ, որպես օրենք, իսկ մեկ անգամ մերժվել է, քանի որ ԱԺ-ն՝ չընդունելով ՀՀ նախագահի առարկությունները եւ առաջարկությունները, չկարողացավ վետոն հաղթահարել։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ. «22 հոդվածի 4-րդ կետում սահմանված դրույթն արդեն իսկ եղել է 2000թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ կողմից ընդունված եւ 2001թ. հունվարի 17-ին ՀՀ նախագահի կողմից վերադարձված կանոնակարգ-օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետում, որի վերաբերյալ ՀՀ նախագահը որեւէ առաջարկություն կամ առարկություն չի արել»։ Ավելացնենք, որ նախագահի միակ առարկությունը հետեւյալն է եղել. «Ժամանակավոր հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե տվյալ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, եթե տվյալ փաստի առթիվ քրգործը հարուցվում է հանձնաժողովի ստեղծումից հետո, ապա ժամանակավոր հանձնաժողովը լուծարվում է»։ Նախագահի այս առաջարկությունը մերժվել է, քանի որ հակասել է Սահմանադրության 62 հոդվածի 3-րդ մասին։ Ավելի ուշ ՀՀ նախագահն իր առաջարկությունը հանել է քննարկումներից։ Այս ամենից հետո պարզապես աննախանձելի վիճակում հայտնված խորհրդարանական մեծամասնությունը ստիպված է լինելու անհնարինը ակնհայտ դարձնել եւ փորձելու է իր իսկ ընդունած կանոնակարգից հանել մի կետ, որը փորձանք է դառնում նախագահի գլխին։ Վիկտոր Դալլաքյանի դիտարկմամբ՝ «չի կարելի 22 հոդվածի 4-րդ կետը հանել, որովհետեւ դա շատ տրամաբանական կետ է։ Ընդհանրապես պատգամավորին ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշման նախագիծ ներկայացնելու հնարավորությունից զրկելը համարում եմ կոպիտ սխալ։ Ու պատահական չի, որ այս հոդվածի վերաբերյալ որեւէ առարկություն բացարձակապես չի եղել»։ Այդուհանդերձ, պրն Դալլաքյանը հարկ համարեց ասել նաեւ, որ «ցանկացած պատգամավոր կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ կանոնակարգային դրույթներ փոխելու եւ ցանկացած օրենքի դրույթ փոխելու առաջարկով։ Դա նրա իրավունքն է։ Այսօրվա վիճակով նման օրենսդրական նախաձեռնություն չկա, մեր հանձնաժողովը գլխադասային է կանոնակարգի հետ կապված, ես որեւէ նման օրենսդրական նախաձեռնություն չեմ ստացել։ Բայց, եթե նման նախաձեռնություն լինի էլ, դա այս բանավեճի հետ որեւէ կապ չունի։ Կանոնակարգը հետադարձ ուժ չունի, բանավեճն արդեն սկսվել է, եւ եթե 22-ի 4-ը հանենք, բանավեճը դրանից չի փոխվի»։ Նույն կանոնակարգն ուրիշ որոգայթներ եւս ունի, եւ դրանցից մեկն էլ այն է, որ ըստ օրենքի՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության վերաբերյալ որոշման նախագիծ կարող է ներկայացնել նույնիսկ մեկ պատգամավոր (Սահմանադրության 57 եւ ԱԺ կանոնակարգի 48 հոդվածների համաձայն), որը միանգամայն տրամաբանական մոտեցում է։ Խորհրդարանական մեծամասնությունն այսօր, իրար անցնելու փոխարեն, ճիշտ կաներ՝ ժամանակին տառաճանաչություն հանդես բերեր եւ ուշադիր, հասկանալով կարդար նախագիծը։ Ըստ ամենայնի, մեծամասնությունը շարունակում է «չկարդալ» կանոնակարգը, քանի որ անցած հերթական եռօրյայի ընթացքում նույնիսկ առաջարկ արվեց՝ դիմել ՍԴ, պարզելու՝ կանոնակարգը տալի՞ս է հնարավորություն հարցն առանց քննարկման օրակարգ մտցնել։ Այս թեմայի շուրջ մեր զրույցում Վիկտոր Դալլաքյանը, մեր հարցին պատասխանելուց առաջ, հարկ համարեց կարդալ Սահմանադրության 100 հոդվածը, որում մասնավորապես նշված է. «ՍԴ-ն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում. օրենքների, ԱԺ որոշումների, ՀՀ նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը»։ Հարցը մանրամասնելով, պրն Դալլաքյանը նշեց. «Այսինքն, ՍԴ-ն կարող է քննել միայն ԱԺ որոշման սահմանադրականության խնդիրը, ոչ թե՝ կանոնակարգում այդ կետը կարո՞ղ էր ընդգրկվել, թե՞ ոչ»։ Եզրակացությունը միանշանակ էր՝ ՍԴ դիմելու որեւէ խնդիր այս պարագայում չկա։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ՝ «խնդիրը դնելու տեսանկյունից ընդդիմությունը թերեւս հաջողության հասավ եւ, ըստ էության, ընդդիմության կարծիքով, հարցը կախված է մնացել։ Այս տեսանկյունից ընդդիմությունը, կարելի է ասել, որ հաջողության հասավ։ Մյուս կողմից՝ կարեւորագույն նախագծեր կային եւ փաստորեն ԱԺ բնականոն գործունեությունն ընդհատվեց։ Սա էլ համարում եմ բացասական երեւույթ։ Բայց դրանից հետո ԶԼ որոշ միջոցների հրապարակումներ եմ կարդացել, որոնք ինձ համար շատ ցավալի են։ Տարբեր երկրներում պատգամավորները տարբեր կերպ են արձագանքում իրենց իրավունքների խախտմանը, բայց ինձ համար անթույլատրելի է, որ իրենց մտավորական համարող որոշ մարդիկ սկսեցին շատ կտրուկ եւ մտավորականին ոչ բնորոշ արտահայտություններ անել թավայի պոչերի եւ մնացած բաների մասին։ Ես դա գնահատում եմ մոտավորապես այնպես, ինչպես այդ մարդկանց նկատմամբ նախորդ իշխանությունները վերաբերմունք էին ցույց տալիս։ Այսինքն, այս ատելության մթնոլորտը՝ տարբեր ժամանակների, չի կարելի դարձնել պրակտիկա։ Սա էլ ամենաբացասականն է։ Ես չեմ էլ ասի, որ իրենք մտավորական են, որովհետեւ ես մեծ կասկած ունեմ՝ նրանք եթե նման գաղափարներ ունեն, կարո՞ղ են մտավորական կոչվել, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ ցանկացած մտավորական պետք է ընդդիմություն լինի ցանկացած իշխանության։ Ինձ համար դա մտավորականի ամենակարեւոր չափանիշն է, եթե ոչ՝ հիմնականը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել