Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԵՐՄ ԲՐԻՏԱՆԱՑԻՆ

Սեպտեմբեր 07,2002 00:00

ՋԵՐՄ ԲՐԻՏԱՆԱՑԻՆ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը իր կենսախնդությամբ եւ անմիջականությամբ ինձ հաճելիորեն զարմացրեց: Չէ, ոչ թե այն պատճառով, որ այդքան լուրջ կազմակերպության ներկայացուցիչը չի կարող իրեն անկաշկանդ շփումներ թույլ տալ, այլ որ տարածված կարծիք կա, թե անգլիացիները սառը մարդիկ են: Առաջ ընկնելով էլ ասեմ, որ այնքան անկաշկանդ էր մեր զրույցի մթնոլորտը, որ ես անհարմարության զգացում չունեցա հենց պարոն Ռիվին հարցնել՝ արդյոք ի՞նքն է բացառություն, թե՞ անգլիացիների մասին մենք սխալ պատկերացում ունենք: «Ես վայլացի եմ, ես բրիտանացի չեմ: Իսկ նրանց միջեւ իսկապես կա խառնվածքների տարբերություն։ Չէ, իսկ իմ կարծիքով սխալ են նրանք, ովքեր մտածում են, թե բոլոր բրիտանացիները սառն են: Իմ կարծիքով, նրանք շատ պարզ, շփվող մարդիկ են եւ նրանց չի կարելի այդպես կոչել»,172 պատասխանեց Ռոյ Ռիվը։ Դիվանագիտությունը հաղթեց գիտությանը Ռոյ Ռիվի արմատները գալիս են Ուելսից; Պատերազմից հետո Ռոյի ծնողները տեղափոխվում են Լոնդոն, ուստի եւ նա «ձեւավորվում» է որպես կիսավայլացի, կիսալոնդոնցի: Լոնդոնում էլ ավարտում է Լոնդոն Սքուլ հայտնի համալսարանը եւ ստանում սովետոլոգի մասնագիտացում։ Համալսարանն ավարտելուց հետո Ռոյ Ռիվը աշխատանքի է անցնում արտգործնախարարությունում՝ մտածելով, որ այն կտեւի ընդամենը մի քանի տարի, սակայն ինչպես միշտ «մենք որոշում ենք, Աստված՝ տնօրինում»։ Ռոյ Ռիվի դիվանագիտական գործունեությունը ձգվեց շուրջ 30 տարի. «Շատ անսպասելի եղավ իմ մուտքը դիվանագիտություն: Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում իմ առաջին դասախոսը եղել է պրոֆեսոր Լեոնարդ Շափիրոն, որը խորհրդային համակարգի առաջնակարգ մասնագետ էր։ Նա էլ, ինչ172որ առումով, ինձ ներշնչեց շարունակել հենց խորհրդային համակարգի ուսումնասիրությունը։ Ես 5 տարի ուսումնառել եմ նրա մոտ եւ իմ նպատակն էր դառնալ ակադեմիկոս, այսինքն՝ խորանալ գիտության մեջ: Ես մինչեւ համալսարան ընդունվելը նաեւ լրագրող եմ աշխատել, դրա համար իմ մեջ պետք է այդ 2 մասնագիտությունների ինչ172որ սինթեզ լիներ: Բայց Անգլիայի արտգործնախարարությունը ինձ ավելի լավ առաջարկություն արեց»: Դիվանագիտական գործունեությունը պարոն Ռիվը սկսել է 1960172ական թվականներից՝ աշխատելով Մոսկվայում, այնուհետեւ աշխատանքի անցել Ժնեւում, մասնակցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության համաժողովի քննարկումների գործընթացին: Հետո դիվանագիտական աշխատանքն ընթանում է Հարավսլավիայով, Ռուսաստանով, Հյուսիսային Իռլանդիայով, Հարավային Աֆրիկայով, Ավստրալիայով, Ուկրաինայով՝ մինչեւ հասավ Հայաստան: Հիմա արդեն՝ 30 տարի անց, երբ հարցրի, թե չի՞ ափսոսում, արդյոք, որ գիտությամբ չի գնացել, պատասխանեց. «Ես 4 տարի առաջ, երբ Ուկրաինայում ավարտեցի դիվանագիտական առաքելությունս, որոշեցի դասախոս դառնալ, մանավանդ որ, Բրիտանիայի 2 համալսարանից առաջարկություն ունեի։ Բայց, ցավոք, ինձ ԱԳՆ-ում ասացին, որ ԵԱՀԿ-ում կա այս պաշտոնը եւ արդյո՞ք այն ինձ հետաքրքրում է։ Ու քանի որ ես շատ հետաքրքրված եմ ԵԱՀԿ-ով եւ անձամբ մասնակցել եմ այս կառույցի հիմնադրման աշխատանքներին՝ չէի կարող մերժել առաջարկը։ Բայց երբ աշխատանքս ավարտեմ այստեղ, ի վերջո կզբաղվեմ գիտական աշխատանքով»: Խորհրդային շրջանում նման հարցազրույց թույլ չէին տա Թեպետ Ռոյ Ռիվի դիվանագիտական ճանապարհը միայն այժմ հասավ Հայաստան, սակայն նա մեր երկրում առաջին անգամ եղել է 1968172ին: Ընդհանրապես, ԽՍՀՄ նախկին տարածքն ընդգրկող երկրներում պարոն Ռիվը պաշտոնավարել է շուրջ 14 տարի՝ աշխատելով խորհրդային եւ հետխորհրդային ժամանակներում: Բնականաբար, չէի կարող չհարցնել պարոն Ռիվին, թե ի՞նչ տարբերություններ է տեսնում այդ 2 շրջանի միջեւ։ «Պարզապես նախկին համակարգում այսպիսի հարցազրուց չէր կարող լինել։ Երբ խորհրդային տարիներին ես պաշտոնավարում էի Մոսկվայում, հասարակ մարդկանց մատչելիությունը մեր դեսպանատուն շատ սահմանափակ էր: (Ես որպես մարդ եմ այս մասին խոսում, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ): Փաստորեն, ոչ մի փոխհարաբերություն հասարակ մարդկանց հետ չկար, եթե չկար հատուկ մարմինների թույլտվությունը: Օրինակ, երբ ես առաջին անգամ այցելեցի Հայաստան՝ որպես դեսպանատան Կովկասի տարածաշրջանի պատասխանատու, ես պետք է եւս մեկի հետ այցելեի։ Երբ ես «Արմենիա» հյուրանոցից դուրս էի գալիս, անմիջապես մի քանի թիկնեղ, բարձրահասակ երիտասարդներ շրջապատում էին ինձ ու անընդհատ հետեւում: Ռեստորաններում անգամ մեզ հատուկ սեղաններ էին հատկացնում: Մեր գործունեությունն անընդհատ վերահսկողության տակ էր: Մոսկվայում մենք բնակվում էինք առանձնացված հատուկ թաղամասում, ուր միայն դիվանագիտական կորպուսն էր ապրում: Իսկ երբ մեքենայով դուրս էինք գալիս այդ թաղամասից, անմիջապես 2 մեքենա հետեւում էր մեզ: Հիմա ես ապրում եմ Մաշտոցի պողոտայում, շփվում եմ ում հետ ցանկանում եմ։ Ես այստեղ լավ ծանոթներ, ընկերներ ունեմ։ Իսկապես տարբեր ժամանակներ են»,172 ասաց պրն Ռիվը։ Ռեգբի մենք չենք խաղում, նարդի՝ ինքը Տարօրինակ, թե օրինաչափ զուգադիպությամբ, իմ բոլոր դիվանագետ զրուցակիցները կարծում են, թե իրենց դիվանագիտական գործունեությունը, գործելաոճը, անցած ուղին շատ է տարբերվում մյուսներից։ Ռոյ Ռիվն էլ այս առումով բացառություն չեղավ։ Տարբեր երկրների ազգային սովորույթները հաղթահարելու մի յուրօրինակ ձեւ է գտել պարոն Ռիվը. «Ցանկացած պետություն, ուր ես գնում եմ, պետք է խաղամ իրենց ազգային մարզաձեւը։ Իհարկե, երբ ավելի երիտասարդ էի: Օրինակ, Մոսկվայում մենք ստեղծեցինք ռեգբիի մեր ակումբը եւ խաղում էինք տեղի ավիացիոն172հետազոտական ինչ172որ կենտրոնի թիմի հետ։ Ցավոք, հենց առաջին սեզոնից հետո այդ գաղափարը տապալվեց, որովհետեւ իշխանություններն այն կարծիքին էին, թե արտասահմանցիները չպետք է խաղան տեղացիների հետ: Ժնեւում ռեգբիի չեմպիոնատներում ես ներկայացնում էի Շվեյցարիայի թիմը, քանի որ իրենք չունեին շվեյցարացի ռեգբի խաղացողներ: Իսկ երբ ես մի քիչ ծերացա (պարոն Ռիվին ճանաչող յուրաքանչյուր ոք կհամաձայնի ինձ հետ, որ «ծերացա» արտահայտությունը իր հետ կապ չունի- Լ.Մ.), արդեն Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Իռլանդիայում հանդես էի գալիս որպես մրցավար: Երբ ես արդեն Ուկրաինայում էի, համագործակցում էի ռեգբիի ֆեդերացիայի հետ, որպեսզի նրանք վերականգնվեն: Պրոբլեմ ունեմ Երեւանում, որովհետեւ ռեգբի այստեղ չեն խաղում, իսկ սպորտային իմ մյուս նախասիրությունը՝ ջրասուզումը, այստեղ չկա։ Փաստորեն, այստեղ կարող եմ հետեւել միայն ֆուտբոլային խաղերին։ Ես դեռ պետք է գտնեմ այն գաղափարը կամ միջոցը, որով կկարողանամ Հայաստանում լիարժեքորեն շփվել հասարակության հետ»: – Մեծամիտ չթվա, բայց ես կարող եմ առաջարկել այդ գաղափարը՝ կարելի է նարդի խաղալ; – Ես, ցավոք, չեմ հասկանում այդ խաղը։ Երեւի ժամերով նայել եմ, բայց չեմ հասկացել այդ խաղը: Իմ ռեֆլեքսները երեւի հիմա շատ թույլ են, ես չեմ հասցնում հետեւել այդ քայլերին եւ արագ հաշվարկներ անել, ինչպես դա անում են այստեղ: – Շատ ինքնատիպ էր Ձեր պատասխանը մարդկային փոխհարաբերությունների կայացման առումով։ Դրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում այդ փոխհարաբերությունները դեռ չեն կայացել; – Չէ, չէ: Ես իսկապես հայ ընկերների շատ մեծ շրջանակ ունեմ: Սխալ կլինի ասել, որ չկա շփում, այլ՝ հակառակը: Ես պարզապես չեմ գտել այն մարզաձեւը, որի միջոցով կարողանամ Հայաստանին ավելի մոտ լինել: – Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիք ունեք հասարակ հայ մարդու մասին. ինչպիսի՞ն էր այն մինչեւ Հայաստան գալը եւ ինչպիսի՞ն է հիմա։ – Դժվար հարց է: Ես մինչ այստեղ գալը չունեի որեւէ սպասելիք, որովհետեւ դեռ կոնկրետ հայ մարդու չէի հանդիպել: Որպես հայ մարդուն բնորոշող գիծ, ասեմ, որ նա շատ ավելի զարգացած եւ տեղեկացված է ողջ աշխարհից։ Իրենց ինտելեկտուալ կարողություններով հայերին կարելի է համեմատել բալթյան երկրների ժողովուրդների հետ։ Դիվանագետը նաեւ խոհարար է Ռոյ Ռիվը ոչ միայն ճանաչված դիվանագետ է միջազգային քաղաքականությունում, այլեւ հայտնի գնորդ՝ Երեւանի շուկաներում եւ սուպեր-մարկետներում։ Նա ոչ միայն անձամբ է մթերքներ գնում, այլ անձամբ էլ երբեմն կերակուրներ պատրաստում: Ընդհանրապես նախընտրում է հնդկական խոհանոցը, իսկ հայկական խոհանոցից գնահատում է այն հանգամանքը, որ կերակուրը շատ առողջարար է ու թարմ. «Դրա համար էլ Հայաստանում շատ եմ ուտում եւ հենց հայկականը»: Դիվանագիտությամբ եւ խոհարարությամբ զբաղվելուց զատ, Ռոյ Ռիվը սիրում է նաեւ մեքենա վարել: Ինձ համար, անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչպես է խիստ կանոնավոր բրիտանացին կարողանում «գլուխ հանել» մեր անկարգ երթեւեկությունից. «Ես, անշուշտ, հետեւում եմ անվտանգ երթեւեկության կանոններին, բայց հայերն այդ առումով ունիկալ են։ 16 տարեկան էի, երբ սկսեցի մոտոցիկլ վարել։ Իսկ երբ մոտոցիկլ ես վարում, էլ երբեք չես կարողանում հրաժարվել այդ հաճույքից: Ինձ համար ամենամեծ դժվարությունը ստեղծում են մթնեցրած ապակիներով «Նիվաները», որոնցից ամեն կերպ փորձում եմ խուսափել»: Աղջիկը մեծ դերասան դառնալու ակնկալիք ունի Հայաստանում Ռոյ Ռիվը ապրում է առանց ընտանիքի: Կինը՝ Ջիլը, ուղեկցել է ամուսնուն բոլոր գործուղումների ընթացքում։ Միայն Ուկրաինայում պաշտոնավարության կեսից վերադարձել է Անգլիա եւ զբաղվել սեփական բիզնեսով՝ ստեղծելով խորհրդատվական ընկերություն: Ռոյ Ռիվի 2 աղջիկներից մեկը հիմա Լոնդոնում ավարտում է դոկտորանտուրան, իսկ տարեվերջին կտեղափոխվի ԱՄՆ՝ մշտական բնակության, որտեղ կզբաղվի գիտությամբ: Փոքր դուստրը ամուսնացած է, ապրում է Անգլիայում, դերասանուհի է եւ «հայտնի դառնալու ակնկալիքներ ունի։ Քանի որ երկուսն էլ ապահովված չեն, ֆինանսական առումով, ուստի ես պետք է աշխատեմ, որպեսզի նրանց աջակցեմ»: Մյուս դիվանագետների նման, պարոն Ռիվն էլ դիվանագիտորեն պատասխանեց, թե բանակցելիս հակառակ սեռի վրա ուշադրություն չի դարձնում, ուստի չկարողացավ ասել՝ բանակցությունների ժամանակ սովորաբար կանա՞յք են շահում, թե՞ ինքը: Իսկ, ընդհանրապես, կանանց մեջ գնահատում է հումորի զգացումը եւ ինտելեկտը. «Այս առումով հայ կանայք ինձ հուսախաբ չեն արել»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել