Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ժամում՝ երկու որոշում

Հոկտեմբեր 10,2002 00:00

Երկու ժամում՝ երկու որոշում ԿԸՀ-ն երեկ արդյունավետ աշխատեց Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիներն առաջիկայում միանգամից մի քանի ընտրությունների են մասնակցելու, թերեւս, հարկ է տեղեկացնել, որ ԿԸՀ-ն երեկ որոշում է կայացրել՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ ընտրացուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը բողոքարկել դատարանում՝ ներառյալ քվեարկության օրը: Նման դեպքերում ընտրատեղամասում հաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված քաղաքացուն Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է տեղեկանք տալ՝ դատարան ներկայացնելու համար: Դատարանը, ըստ այդմ, պարտավոր է ինչպես՝ քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, այնպես էլ՝ քվեարկության օրը ստացված բողոքները քննել անհապաղ եւ որոշում կայացնել, որը բողոքարկման ենթակա չի լինի: Դատարանի այդ վճռի հիման վրա պետք է կազմվի լրացուցիչ ցուցակ՝ դրան կցելով դատարանի վճռի պատճենը: ՏԸՀ-ները պարտավոր են դատարանի վճռով ընտրության ներկայացած քաղաքացուն սահմանված կարգով քվեաթերթիկ տրամադրել եւ թույլատրել մասնակցել քվեարկությանը: Ըստ էության, այսպիսի նախադեպեր եղել են 99-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ երբեմն առանձին շենքեր կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ դուրս էին մնացել ընտրացուցակներից: ԿԸՀ ընդունած երկրորդ որոշումը հատկապես կարեւոր է բոլոր մակարդակների ընտրություններում առաջադրված թեկնածուների ֆինանսական շարժը լավագույնս վերահսկելու համար եւ պայմանավորված է ՀՀ Քաղաքացիական եւ Ընտրական օրենսգրքերում կատարված փոփոխություններով: Հիշյալ կարգով սահմանվեց թեկնածուների, կուսակցությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով ձեւավորվող նախընտրական հիմնադրամներում կամավոր մուծումներ կատարելու պայմանները: Ըստ այդմ, ՀՀ նախագահի թեկնածուների եւ կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են ՀՀ ԿԲ-ում, իսկ ԱԺ մեծամասնական ընտրակարգով, համայնքի ղեկավարի կամ ավագանու առաջադրված թեկնածուների նախընտրական միջոցները կհավաքվեն ՀՀ տարածքում գործող որեւէ բանկում՝ ժամանակավոր հատուկ հաշվեհամարներում: Ընդ որում՝ մուծում կատարող իրավաբանական անձի համար այլ պայմանների հետ մեկտեղ պարտադիր է նշել բաժնեհավաք կապիտալում օտարերկրյա միջոցների տոկոսը: Սա հատկապես կարեւոր պայման է՝ վերահսկելու համար, թե այս կամ այն թեկնածուի նախընտրական հիմնադրամի միջոցներն ինչպե՞ս եւ որտեղի՞ց են գոյանում: Բանն այն է, որ ՀՀ Օրենսդրությունն արգելում է պետությանը պատկանող բաժնետոմսերի հսկիչ փաթեթ, նաեւ՝ օտարերկրյա ծագում ունեցող ձեռնարկություններին այդպիսի հիմնադրամներում մուծումներ կատարել: Նման դեպքերի գրանցման պարագայում կատարված մուծումը փոխանցվելու է պետական բյուջե: ԿԸՀ-ն որոշակի պայմաններ է սահմանել նաեւ ֆիզիկական անձանց կողմից կատարվող կամավոր մուծումների համար: Համաձայն դրա, որեւէ թեկնածուից հիմնադրամին մուծում կատարելու համար պահանջվելու են գրեթե անձնագրային տվյալներ. անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, քաղաքացիություն, բնակության հասցե: Ու եթե պարզվի, որ նույն անձը ավելի քան մեկ անգամ է մուծում կատարել, ապա՝ ողջ գումարը դարձյալ կփոխանցվի պետական բյուջե: Սահմանված այս կարգը, դրական լինելով հանդերձ, Հայաստանում ստեղծված այս մթնոլորտի պայմաններում, հասկանալի պատճառներով, նաեւ որոշակի պրոբլեմներ կարող է առաջացնել հատկապես ընդդիմադիր թեկնածուներին ֆինանսական աջակցություն ցուցաբերող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար: Ընդ որում, դա ավելի ընդգծված բնույթ կարող է ստանալ ոչ այնքան տեղական ինքնակառավարման մարմինների, որքան խորհրդարանական եւ, առավել եւս, նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ ահա ԿԸՀ-ից դուրս նախընտրական կրքերը շիկանում են: Գրանցված թեկնածուների բացարկ հայտնելու համար այսօր վերջին ժամկետն է: Թերեւս, այդ մասին ամբողջական տեղեկություններ ստանալուց հետո ավելի հստակ կարող է լինել, թե մարզերում ու հատկապես Երեւանում հիմնականում ում եւ քաղաքական որ ուժերի միջեւ կընթանան հիմնական մրցակցությունները: Բայց, որ տեղական ընտրություններում իրենց հստակ շահագրգռություններն ունեն իշխանական տարբեր թեւերը՝ միանշանակ է: Միաժամանակ, հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նրանցից որեւէ մեկի հաջողությունը նշանակելու է ընդամենը, թե նախագահական ընտրություններում իշխանական թեւերից կամ կուսակցություններից որի՞ դերակատարումն է ավելի ընդգծված լինելու, եւ Ռ.Քոչարյանը հատկապես ո՞ւմ է շնորհակալություն ասելու: Ի վերջո, ընտրված տեղական իշխանությունները, գրեթե առանց բացառության, սպասարկելու են գործող նախագահի «ընտրությունը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել