Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ՞ ԿԱՍԵՆ, ԹԵ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 17,2002 00:00

ԷԼԻ՞ ԿԱՍԵՆ, ԹԵ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ Հարցնում է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նախկինում նման հայտարարությամբ հանդես եկած հեռուստաընկերություններին, որոնք նոյեմբերի վերջին գուցե զրկվեն իրենց կապուղիներից: – Լրատվամիջոցների տեղեկությունները հակասական են՝ եղան ձեզ վերագրվող պնդումներ, թե անպայման մասնակցելու եք հոկտեմբերի 15-ին հայտարարված մրցույթին ու նաեւ, թե դեռ չեք կայացրել վերջնական որոշում: Ո՞րն է համապատասխանում իրականությանը: – Իրականությունն այն է, որ այդ հարցն «Ա1+»-ի համար դեռ քննարկման փուլում է: Ստիպված եմ կրկնել, թե այն, որ կա արհեստավարժ կոլեկտիվ, որը սպասում է ավելի մեծ ծավալով աշխատանքի եւ բավարարված չէ ներկա փոքր գործունեությամբ, հարկադրում է լրջորեն մտածել մասնակցության մասին: Մեծ հավանականություն կա, որ մենք կարող ենք իսկապես մասնակցել: Բայց դեռ հստակ չեմ կարող ասել, թե որ կապուղու համար կներկայացնենք հայտ: – Դուք մտավախություն էիք հայտնում, թե չեք ցանկանում, որ «Ա1+»-ը հայտնվի «Շարմի» վիճակում՝ խոչընդոտ դառնալով որեւէ գործող հեռուստաընկերության գործունեության շարունակման համար: Այժմ այլեւս չկա՞ այդ մտավախությունը: – Հիշեցնեմ, որ երբ «Ա1+»-ը հայտնվեց այն վիճակի մեջ, որն արդեն շարունակվում է վեց ամիս, այդ նույն հեռուստաընկերությունները, որոնց զբաղեցրած կապուղիների համար այժմ հայտարարվել է մրցույթ, ստորագրել էին մի հայտարարություն, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է, եւ խոսքի ազատությունը վտանգված չէ: Շատ զարմանալի կլիներ, եթե նրանք էլ կորցնեին իրենց կապուղին եւ ձայն չհանեին: Հետաքրքիր կլինի լսել, թե ինչ ձայն հիմա կհանեն նրանք, երբ կորցնեն իրենց հաճախությունը (Մեր կողմից նկատենք, որ այդ հեռուստաընկերությունների մեծ մասն անգամ լրատվական թողարկումներ չունի, այնպես որ՝ իշխանությունը նրանց դեմ հակազդման միջոցներ կիրառելու պետքը չունի.- Ա. Ի.): Բա՛յց: Եթե խնդիրը դիտարկենք բարոյական տեսանկյունից, միշտ եմ ունեցել մտահոգություն, որ միտումնավոր կստեղծվի այսպիսի իրավիճակ: Եվ հիմա համոզված եմ, որ սա իրոք միտումնավոր է ստեղծված, քանի որ կան ազատ հաճախություններ, որոնց համար այդպես էլ չի հայտարարվում մրցույթ: – Փորձեր արե՞լ եք ճշտել, թե էլի ովքեր ցանկություն ունեն մասնակցել այս մրցույթին: Ասենք. լուրեր կան, թե Հայաստանում սեփական հեռուստաընկերություն ունենալու ցանկություն ունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: – Համարում եմ, թե բոլորն իրավունք ունեն մասնակցելու: Բայց այդ մասնակցությունը պետք է լինի օրենքի սահմաններում: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով արգելվում է, որ հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո՝ օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը հավասար կամ ավելի լինի որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից: – Օրենքի թերություններն, այնուամենայնիվ, ընձեռում են այդ հնարավորությունը, որ որեւէ արտասահմանցի, ցույց տալով փոքր բաժնեմաս, անի մեծ ներդրում եւ իր քարոզչությունը տանի Հայաստանում: Մենք ունենք դրա բազմաթիվ օրինակները: Դա հեռուստաընկերության ղեկավարի խնդիրն է. ով համաձայնում է կորցնել իր հեռուստաընկերությունը՝ գնում է այդ քայլին: Այժմ էլ գալիս են «Ա1+» եւ եթե, ասենք, ասում եմ, որ հեռուստաընկերությունը գնահատում եմ մոտ 1,5 մլն դոլար՝ 49% բաժնեմասի դիմաց խոստանում են մուծել 2 մլն դոլար: – Նման առաջարկ եղե՞լ է: – Հենց երեկ էլ է եղել: Առաջարկներ եղել են փակվելուց անմիջապես հետո, թե մեր խնդիրը չէ՝ կարող են վերցնել կապուղի մեր անունով, փողն էլ կտան, կաշխատենք: Բայց ես գիտեմ, թե դրա ավարտն ինչ է լինելու, դրա համար էլ չեմ դիմում նման քայլերի: – Բազմիցս իբրեւ օրինախախտում եք գնահատել, որ Ազգային հանձնաժողովը մրցույթի դրված կապուղիների համար սահմանում է թեմատիկ ուղղվածություն: Իսկ հանձնաժողովի նախագահն «Ազատություն» ռ/կ-ին այս առնչությամբ հայտնել է, թե իրենց է վերապահված մրցույթի անցկացման կարգը սահմանելու հնարավորությունը՝ իրենք էլ սահմանել են: – Մրցույթի կարգը պիտի հիմնվի օրենքի եւ ոչ Գրիգոր Ամալյանի որոշումների վրա: Իսկ հանձնաժողովի որոշած կարգը մեծ հակասություններ ունի օրենքի հետ, եւ դրանց ավելանում են նաեւ նրանց քմահաճույքները: – Դատարանում Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել էր, թե սահմանափակված չեն հեռուստաընկերության հնարավորությունները՝ մասնակցել միաժամանակ բոլոր կապուղիների մրցույթներին: Գուցե այժմ օգտվե՞ք այդ հնարավորությունից: – Շատ հնարավոր է: «Ա1+»-ի համար միակ ելքն այդ է: Քանի որ չեմ կռահում, թե այս անգամ ինչ խաղ են խաղալու մեր գլխին, բայց որ խաղ են նախապատրաստում՝ միանշանակ է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ցանկանում էինք պարզել նաեւ «Նոյյան Տապանի» դիրքորոշումը նոր մրցույթին մասնակցելու վերաբերյալ, սակայն կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանը Թեհրանում է: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել