Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծ ասուլիս

Դեկտեմբեր 26,2002 00:00

Անկեղծ ասուլիս Որտեղ ազնվորեն հայտարարվեց, թե նախագահի թեկնածու Պետրոս Մակեյանը փետրվարի 19-ին հաստատ 5 տոկոս ձայն կհավաքի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պետրոս Մակեյանի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Եգորյանը երեկ ասուլիս էր հրավիրել նաեւ հայտարարելու նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ թվով ստորագրահավաքի ավարտի մասին, բայց ոչ միայն այդ: Պրն Եգորյանը հավաստիացնում էր, որ շուրջ 4100 անդամ ունեցող կուսակցության նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածուն առաջիկա ընտրություններում հինգ տոկոսի ձայն «հաստատ կհավաքի»: Ըստ նրա, առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Պետրոս Մակեյանը 4 հիմքեր ունի՝ գաղափարական, ժողովրդասիրական, պետականասիրական եւ բարոյական, որոնք, իհարկե, դատելով դրանց ռուբենեգորյանական վերծանումից, կարող են հիմնավորված համարվել որեւէ թեկնածուի առաջադրման համար: Մինչդեռ Պ.Մակեյանն այդ այլ թեկնածուներից տարբերակվելու շատ ուրիշ հատկանիշներ ունի, որոնց թվում գլխավորներից մեկը, թերեւս, սկզբունքայնությունն է, որի պակասը մյուս թեկնածուներից շատերը հաստատ ունեն, նաեւ ազատական գաղափարախոսության կրողն ու դրան հավատարիմ լինելը: Ռ.Եգորյանի կարծիքով, Պ.Մակեյանն ու նրա գլխավորած կուսակցությունը նաեւ «լիդեր» են աջ դաշտում: Ի պատասխան այն հարցի, թե այդ դեպքում գործող նախագահ Քոչարյանը ո՞ր դաշտում է, նախընտրական շտաբի ղեկավարը պատասխանեց՝ «նախագահը ձախ դաշտում է», ու կոնկրետացրեց՝ «կենտրոնաձախ է, քանի որ նրան են պաշտպանում «ձախ» Դաշնակցությունը եւ «կենտրոնամետ» «Օրինաց երկիրը»: Իհարկե, կային հարցադրումներ, որոնց պատասխանները նախընտրել էինք ստանալ հենց նախագահի թեկնածու Պ.Մակեյանից: Պատասխանելով մեր այն հարցադրմանը, թե «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններից հետո ընտրական հանձնաժողովներում այլեւս ներկայացուցիչներ չունենալով՝ «Ժողովրդավարական Հայրենիքն» ու նրա առաջադրած թեկնածուն ինչպե՞ս են վերահսկելու ընտրությունների կարեւորագույն փուլը՝ քվեների հաշվառումը, վերջինս նախ նկատեց, թե «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով իշխանություններն ու նրանց սատարող ուժերը նպատակ ունեին նաեւ այդ փուլը վերահսկողության տակ առնել: «Դա էր հիմնական պատճառներից մեկը, որ ընտրական հանձնաժողովների կազմն ու ձեւավորման կարգը փոփոխվեցին»,- պարզաբանեց Պ.Մակեյանը: Ըստ նրա, այսօր գործող Օրենսգիրքը հակասում է ՀՀ հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը. «Բանն այն է, որ մինչ այդ գործող «Ընտրական օրենսգրքով» ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորվեին միայն ԱԺ ընտրություններից առաջ, մինչդեռ օրենքի փոփոխությունն արվեց հատուկ նախագահական ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ցանկալի կազմով ձեւավորելու համար: Մեր, այդ թվում՝ «Հայրենիք» դաշինքի, «Շամիրամի», «ՀՀՇ»-ի տեղերը հանձնաժողովներում պետք է պահպանվեին մինչեւ 2003-ի ԱԺ ընտրությունները: Բնականաբար, վերջիններիս ներկայությունը խոչընդոտում էր իշխանություններին՝ նախագահական ընտրություններում ձայներն իրենց ուզածով հաշվելու եւ նկարելու համար: Երկրորդ ապօրինությունն այն էր, որ հանրապետության նախագահն իրավունք չուներ գործադիրի գործառույթ ստանձնել եւ հանձնաժողովի անդամներ նշանակել: Դա կարող է անել միայն կառավարությունը, մինչդեռ նախագահը իրավունք ունի առավելագույնը խորհրդակցական մարմիններ ստեղծել: Սա Սահմանադրությանն առնչվող խնդիր է, որին ՍԴ-ն դեռ պետք է պատասխան տա: Եթե գործող նախագահը մրցակցության մեջ է մտնում հանձնաժողովներում ունենալով իր կողմից նշանակված անդամներ, ինքնին անհավասար պայմաններ են ստեղծվում մյուս թեկնածուների եւ նրա միջեւ: Այս առումով լրջագույն պրոբլեմ կա: Մենք առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ՝ պահանջելով, որ ԱԺ-ն վերանայի «Ընտրական օրենսգիրքը»: Ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ կարողանանք հասարակական ալիք բարձրացնել այս եւ այլ հարցերի շուրջ եւ տեր կանգնել մեր ռեալ ձայներին՝ անկախ այն բանից, թե մեր հավաքած ձայները 0.1 տոկոս է, թե 10 կամ 20»: «Ժող. Հայրենիքի» եւ իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին Պ.Մակեյանը կարեւորեց նաեւ այլ տեսանկյունից. «Գոնե այն տարածքներում, որտեղ մենք ամուր կառույցներ ունենք, մեր մարդիկ հաստատ թույլ չեն տա թվեր նկարել: Մերոնք բոլորն իրենց իրավունքները գիտեն, եւ որեւէ զեղծարարություն նրանց աչքից չի վրիպի եւ անմիջապես կարձանագրվի: Ընդդիմությունը առաջին հերթին իրավական դաշտին պետք է տիրապետի եւ, եթե ընդդիմությունը կարողանա արդյունավետ օգտագործել նույնիսկ այսօր հանձնաժողովներում ունեցած տեղերը, իշխանությունների համար իրավիճակն այնքան էլ բարենպաստ չի լինի»: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահական ընտրություններում հիմնական թեկնածու լինել-չլինելուն, ապա, ըստ Պ.Մակեյանի, նկատի ունենալով հատկապես վերջին շրջանում առաջադրված թեկնածուներից հատկապես իր դեմ ուղղված իշխանամետ մամուլի հրապարակումներն ու որակումները, պետք է ենթադրել, որ իշխանություններն էլ նրան որպես հիմնական թեկնածու են դիտարկում: Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե գուցե դա բացատրվում է նաեւ նրանով, որ իշխանամետ ԶԼՄ-ները հատկապես Պ.Մակեյանի՞ն են համարում իշխանությունների վերահսկողության շրջանակներից կատարյալ դուրս գտնվող թեկնածու, ՀՀ նախագահի թեկնածուն, ըստ էության, համաձայնեց: Ինչեւէ: Երեկ Պ.Մակեյանի նախընտրական շտաբի ղեկավար Ռ.Եգորյանի հրավիրած ասուլիսում ի գիտություն ԶԼՄ-ների հայտարարվեց նաեւ, թե այսուհետ, ամեն շաբաթվա չորեքշաբթի օրը, ժ. 13:00-14:00-ը ԺՀԿ գրասենյակում «կկայանա «ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելու բաց դռների օր»՝ հաստատուն օրակարգով. անդրադարձ նախորդ շաբաթվա ԶԼՄ-ների հաղորդումներին եւ հրապարակումներին, մեկնաբանություններ երկրում եւ դրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, նաեւ ճեպազրույց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել