Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԽԱԼԸ ՀԻՄՔԻՑ Է

Հունվար 11,2003 00:00

ՍԽԱԼԸ ՀԻՄՔԻՑ Է Մեր գործընկերոջ զարհուրելի սպանությունը տեղիք տվեց զանազան մեկնաբանությունների, որոնց մի մասի տրամաբանությունը դժվար է ըմբռնել: Այդպես, ոչ ոք առայժմ համոզիչ կերպով չբացատրեց, թե ով եւ ինչպես կարող է սահմանափակել գործող նախագահին փառաբանելու որեւէ մեկի իրավունքը: Եթե վերջին 11 տարում Հայաստանում կա մի ազատություն, որն ապահովված է ամբողջությամբ եւ բազմակողմանիորեն, դա իշխանության արժանիքները ներկայացնելու եւ նրա հակառակորդներին «սխալ հանելու» ազատությունն է: Եվ պետական, այնուհետեւ՝ ազգային, իսկ հիմա՝ հանրային հեռուստատեսությունը այս 11 տարում նման ազատության առաջամարտիկն էր: Ով էլ նշանակվի ՀՌ խորհրդի նախագահ, կոնցեպտուալ առումով Հանրային հեռուստատեսությունում ոչինչ չի փոխվի: Եվ քանի որ հիմա նախընտրական շրջան է, ապա Քոչարյանին կշարունակեն ներկայացնել որպես կատարելության մարմնավորում, իսկ ընդդիմադիր թեկնածուները՝ որպես անբարոյական տհասների մի խումբ: Պարզապես դա կարվի պակաս տաղանդավոր ձեւով, քան դա անում էր Տիգրան Նաղդալյանը: Իսկ հիմքում այն սխալ մոտեցումն է, որը որդեգրել էին մեր օրենսդիրները՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում: Հանրային հեռուստատեսություն մեզ, անշուշտ, պետք է: Բայց այն պիտի զրկված լինի քաղաքական քարոզչություն իրականացնելու հնարավորությունից՝ այլապես դա անպայման կլինի իշխանությանը փառաբանող քարոզչություն: Հանրային /պետության կողմից ֆինանսավորվող/ հեռուստատեսությունը պետք է ներկայացնի հեռուստատեսային այն ժանրերը, որոնք կոմերցիոն տեսակետից շահավետ չեն, բայց որոնց կարիքը խիստ զգում է մեր հասարակությունը: Խոսքը լուսավորչական, մշակութային եւ մանկական հաղորդումների մասին է: Վստահ եմ, որ հարկատուները պատրաստ են ֆինանսավորել այդպիսի մի ալիք, որը կհակադրվի աշխարհի դաժանությանն ու տգիտությանը: Մնացած բոլոր ժանրերը՝ լրատվությունը, հասարակական-քաղաքական եւ զվարճալի հաղորդումները պետք է տալ մասնավոր հեռուստաընկերություններին: Բնական հարց է ծագում. ի՛նչ է, իշխանությունը չի՞ կարող «ստվերային կերպով» առնել բոլոր մասնավոր ալիքները: Իհարկե, կարող է, եւ այդպես էլ կա այսօրվա Հայաստանում: Բայց այն, որ ներկայիս ընդդիմությունը շնորհք չունի որեւէ հեռուստաալիքի վրա իր ազդեցությունը տարածելու, դա արդեն ընդդիմության պրոբլեմն է: Մնում է, որ Ազգային ժողովն օրենք ընդունի այդպիսի Հանրային հեռուստատեսության մասին: Ցավն այն է, որ նման խորհրդարան մենք տեսանելի ապագայում չենք ունենա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել