Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՅՔ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Հունվար 16,2003 00:00

ԳՈՒՅՔ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Շարունակում ենք ներկայացնել Սուրեն Աբրահամյանի հետ մեր զրույցը: Նախընտրական քարոզչության լեյտմոտիվներից մեկը դարձել է ընդդիմության գործիչների դատապարտումը, թե Մոսկվայից են փորձում «դաբրո» ստանալ: Մեր դիտարկմանը, որ իրոք չարժե ներքաղաքական գզվռտոցներում դրսից «տղա բերել»՝ Սուրեն Աբրահամյանն այսպես հակադարձեց. «Հարցադրման հետ համաձայն եմ, բայց, համենայն դեպս, ո՞վ առաջինը դիմեց նման քայլի: Գուցե սկիզբը դրվեց Ելցինի Հայաստան այցելությա՞մբ: Ուստի չարժե մատի փաթաթան դարձնել, թե ով կամ ինչու գնաց Մոսկվա: Բոլոր թեկնածուներն են, այդ թվում՝ նաեւ գործող նախագահը, վերջին շրջանում հայացքներն ուղղել դեպի Ռուսաստան: Այնպես որ՝ մեկին քննադատելը, իսկ մյուսին զերծ պահելն էլ է անընդունելի ինձ համար»: Խոսեց նաեւ մի, իր համոզմամբ՝ շատ կարեւոր, հանգամանքի մասին. «Ցավոք, այն աստիճանի է իջել նախագահի պաշտոնին հարիր չափանիշների սանդղակը, որ նախագահի լավ կամ վատ լինելը գնահատում են ասֆալտի քառակուսի մետրերով կամ կառուցված շենքերի քանակով: Բայց վերջին հաշվով՝ դա ընդամենը պետք է լինի նախագահի եւ կառավարության ամենօրյա գործունեության արդյունքը: Իսկ մեր երկրի համար առավել կարեւոր է բարոյահոգեբանական մթնոլորտ առողջացնելու կամքը եւ իշխանության նկատմամբ վստահության ձեւավորումը: Այլապես վստահության ճգնաժամն արդեն քայքայում է պետության հիմքերը»: Իրոք, ասֆալտապատումից մինչեւ շինարարություն՝ ամեն ինչ վերագրում են միայն նախագահի գործունեությանը: Իսկ ո՞ւմ է վերագրվելու ձմեռվա հետ վրա հասած անմխիթար վիճակի պատասխանատվությունը: Եթե որպես հիմք ընդունենք պաշտոնական հաղորդագրությունը, թե քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ամեն օր սառած ջրագծերի եւ կոյուղագծերի մասին զեկուցում է Ռոբերտ Քոչարյանին՝ կարելի է պնդել, որ առկա պայմանների համար պատասխանատու են հանրապետության նախագահից մինչեւ համայնքապետեր, եւ այս բոլոր օղակներն ապացուցեցին իրենց անկարողությունը: Սակայն Երեւանի նախկին քաղաքապետն այս հարցում ձեռնպահ մնաց կտրուկ գնահատականներից. «Վերջնահաշվում, իհարկե, ամեն ինչի համար պատասխանատու է հանրապետության նախագահը: Սակայն այժմ քննադատության մեջ շատ հետաքրքիր լուծում են գտել՝ կա՛մ հանրապետության նախագահ, կա՛մ իշխանություններ: «Իշխանությունն» ամորֆ հասկացություն է՝ նախընտրում եմ հասցեագրված, ըստ պատասխանատուների վերլուծությունը: Նախկինում չեն եղել նման գնահատականներ, ուստի այն մարդիկ, ովքեր բութ գործիքի դեր էին կատարում նախորդ իշխանության օրոք, հիմա էլ են օգտագործվում նույն կարգավիճակով: Նաեւ նշեմ՝ անկեղծ ասած, քաղաքային իշխանություններին միայն հայհոյելն ու փնովելը կլիներ խնդրի ամենահեշտ լուծումը: Ցավոք, մեզանում համայնքապետերից մինչեւ մարզպետների ու նախարարների պաշտոնեական իրավասությունների սահմաններն այնքան լղոզված են, որ չենք կարող հստակ որոշել այն չափանիշները, ըստ որոնց կարելի լիներ գնահատել՝ տվյալ քաղաքապետը կամ թաղապետը լա՞վ աշխատեց, թե՞ ոչ: Այս պարագայում առաջնային է դառնում անձնական վերաբերմունքը՝ մե՞րն է, թե՞ մերը չէ»: Ի դեպ, այս ձմեռ վերսկսված հովհարային անջատումների մեղքը Հայաստանի իշխանություններից հեռացնելու համար փորձեր արվեցին գտնել այլ պատասխանատուների: Ասենք, պաշտոնական լրատվամիջոցներով շրջանառության մեջ նետվեց մի վարկած, թե Ռուսաստանը դիտմամբ է ուշացնում ատոմակայանի միջուկային վառելիքը, քանի որ «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրով Հրազդանի ՊՇԷԿ-ը հանձնվել է ռուսներին, եւ նրանք այժմ շահագրգիռ են, որ այն ավելի շատ գումարներ աշխատի, քան ատոմակայանը: Ստացվում է, որ իշխանությունների կողմից «փայլուն» որակված գործարքի վրա է՞լ կարող են անհրաժեշտության պարագայում հայտնվել բծեր: «Անկեղծ ասած, հարցադրմանը պատասխանելու համար ամբողջապես չեմ տիրապետում տեղեկատվությանը,- խոստովանեց պրն Աբրահամյանը:- Բայց իմ կարծիքն եմ ուզում արտահայտել «Գույք՝ պարտքի դիմաց»՝ որոշ լրատվամիջոցների բնութագրումով «տնտեսական աննախադե՜պ արդյունավետ» գործարքի մասին: Կարծիքս միանգամայն բացասական է. այստեղ տնտեսական արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Այս գործարքի մեջ բացարձակապես չեմ տեսնում տնտեսագիտական միտք. խնդրի լուծումը զուտ քաղաքական էր: Չգիտեմ, թե այդ գինը քաղաքական ո՞ր հարցի դիմաց է վճարվել: Բայց եթե լսեին գովեստի այն խոսքերը, որ այս գործարքի մասին ասացին որոշ այրեր՝ Ֆորդն ու Թեյլորը մի երկու անգամ կպտտվեին իրենց գերեզմաններում: Ավելին՝ եթե Ֆիդել Կաստրոն Սերժ Սարգսյանի չափ խելք ունենար՝ ռուսական 20 մլրդ դոլար պարտքի դիմաց Կուբան կնվիրեր Ռուսաստանին, ինքն էլ հանգիստ կղեկավարեր այդ կղզին՝ աշխատատեղերն ու տնտեսության զարգացումը կապահովեին ռուսները: Ես համոզված եմ, որ այս գործարքից տնտեսական առումով տուժեց ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը: Շահեց Սերժը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել