Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ

Ապրիլ 04,2003 00:00

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտությունը օրախնդիր էր դարձել դեռեւս 1998-ի իշխանափոխությունից հետո: Դա Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունն էր, նրա նախընտրական խոստումներից մեկը: Իհարկե, շահագրգիռ ուժերն էլ քիչ չէին, այդ թվում առաջիններից մեկը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր: «Նախկինների» օրոք «ներկաները» պնդում էին, թե 95-ին հանրաքվեի դրված ու այսօր գործող Սահմանադրությունը «կարված» է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, թեեւ փորձը ցույց տվեց, որ այն, բախտի բերմամբ թե պատահմամբ, նրա հաջորդի՝ Ռոբերտ Քոչարյանի «հագով» էլ վատ չէր: Այդ հետո էր պարզվելու, որ ներկա իշխանությունների լիակատար երջանկության համար «նախկինների» Սահմանադրությունը դեռ անկատար է: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն կարելի է ստանալ քոչարյանական բարեփոխման արդյունք հանդիսացող Սահմանադրության այն տարբերակից, որի առնչությամբ օրերս ԱԺ-ն որոշում ընդունեց. դնել համաժողովրդական հանրաքվեի: Մինչ այդ հանրաքվեն, սահմանադրական «բարեփոխումների» մասին, կարծում ենք, դեռ շատ կխոսվի, որովհետեւ նոր տարբերակով, բացի Քոչարյանին վերապահված լրացուցիչ լիազորությունները, կամ, ինչպես ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն էր նկատել, եղած լիազորությունների գերազանցումը, խնդրի միայն մեկ կողմն է: Նորացված Սահմանադրությունն առանձնապես սարսափելի պատկեր է խոստանում հատկապես քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների իմաստով: Բանն այն է, որ նոր տարբերակում քաղաքացու վրա ամենատարբեր ճնշումներ գործադրելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար պարարտ հող ու սողանքներ է թողնված: Այլ կերպ ասած, վտանգ կա, որ այս տարբերակի ընդունման արդյունքում երկրում այսօր տիրող «բեսպրեդելը» նաեւ սահմանադրական ուժ կարող է ստանալ: Կարծում ենք, այդ իմաստով արժե առանձին ու լրջագույն քննարկման թեմա դարձնել հատկապես մեզ հրամցված «բարեփոխումների» գլուխ 2-ի հոդվածներ 16-ը, 24-ը, եւ առանձնապես նաեւ՝ 43-ն ու 44-ը: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք. Սահմանադրության նոր տարբերակի հոդված 111.1-ն աննախադեպ լիազորություն է վերապահում ՀՀ Ազգային ժողովին, որի համաձայն՝ «Սահմանադրական փոփոխություններ կարող են նախատեսվել նաեւ օրենքով, որի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ԱԺ ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կամ նախագահը (ի դեպ, սա էլ տրամաբանությունից զուրկ է, քանզի ստացվում է, որ 101 հոգիանոց խորհրդարանի նախագահը հավասար է ԱԺ 30 պատգամավորի- Ն.Մ.)»: «Սահմանադրական փոփոխություն նախատեսող օրինագիծն ընդունվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով»: Ընդ որում՝ բացառությամբ Սահմանադրության գլուխ առաջինի՝ «Սահմանադրական կարգի հիմունքներ», երկրորդի՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները», յոթերորդի՝ «Տեղական ինքնակառավարումը», ութերորդի՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխումը եւ հանրաքվեն», եւ իններորդի՝ «Անցումային դրույթներ», ասել է թե՝ Սահմանադրության ինը գլուխներից հինգը կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Բայց սա այս հոդվածում նշված միակ բացառությունը չէ: ԱԺ-ն իր ամբողջ կազմի նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում իրավասու չի լինելու փոխել նաեւ Սահմանադրության այլ գլուխների մի շարք դրույթներ, զորօրինակ՝ «Հանրապետության նախագահը» գլխի 12 հոդվածներից 9-ը: Փաստորեն այդ համատեքստում ԱԺ կողմից անձեռնմխելի են հայտարարված հոդված 49, 50-ը, ու ամենակարեւորներից մեկը, հոդ. 55-ը՝ «Հանրապետության նախագահը» ու վերջինիս 17 լիազորությունները, հոդ. 56.1-ը՝ Քոչարյանի անձեռնմխելիության դրույթը, հոդ. 57-ը՝ նրան պաշտոնանկ անելու հնարավոր դեպքերը, հոդ. 59-ը՝ ՀՀ նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին, հոդվածներ 60, 60.1-ը, 61-ը: Փոփոխված տարբերակի հոդ. 111.1-ով բացառապես հանրաքվեով է հնարավոր փոփոխել նաեւ Սահմանադրության առանձին հոդվածներ, որոնք վերաբերում են օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, ու մասնավորապես նաեւ այն հոդվածներին, որոնցով, իբրեւ թե, մեծացվել են մի դեպքում՝ ԱԺ-ի լիազորությունները, մյուսում՝ ՀՀ նախագահի լիազորությունների հաշվին ընդլայնվել են կառավարության ու վարչապետի իրավասությունները: Մի խոսքով, Սահմանադրության մեջ ԱԺ-ին որեւէ լուրջ փոփոխություն անելու հնարավորություն փաստացի ընձեռված չէ, ու, գուցե, դա է ճիշտը: Միաժամանակ տպավորությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սահմանադրության նրա տարբերակի վրա աշխատած մարդիկ հիշյալ՝ 111.1 հոդվածով փորձել են ընդամենը օրենսդիրների համար լրացուցիչ իրավասությունների, ընդհուպ մինչեւ՝ Սահմանադրություն փոփոխելու իրավունք ունեցողի ֆոն ստեղծել: Իհարկե, դժվար է այսօր ասել, թե պատգամավորներից քանիսն են հատկապես այդ խայծը կուլ տալով այս տարբերակը հանրաքվեի դնելու որոշմանը «կողմ» քվեարկել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել