Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումնալից չէր

Մայիս 06,2003 00:00

Խոստումնալից չէր Եվրախորհրդի Երեւանյան գրասենյակն ու Վենետիկյան հանձնաժողովը երեկ ընտրություններին նվիրված սեմինար էին նախաձեռնել, որտեղ հանդես է եկել նաեւ ՀՀ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Վերջինս միանգամից երկու լավ լուր է հայտնել: Սրանցից առաջինն այն էր, որ ԿԸՀ-ն ԱԺ առաջիկա ընտրությունների ընթացքում թույլ չի տա նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների եւ բացթողումների կրկնությունը: Երկրորդ. Ա.Սահրադյանը, ըստ էության, եւ վերջապես՝ գոնե մասամբ ընդունել է նաեւ ՀՀ նախագահի ընրությունների վերաբերյալ ԵԽ եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների եզրակացության մեջ արձանագրված այն փաստը, թե հիշյալ խախտումներն ու զեղծարարությունները, այնուամենայնիվ, տեղ են գտել, բայց միայն ձայները հաշվելու ընթացքում: Ավելին՝ «մենք պատրաստ չենք եղել նախագահական ընտրությունների ընթացքում նման խախտումների ու կեղծարարությունների, եւ չենք էլ պատկերացրել, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- խոստովանել է նա: Իսկ հիշյալ խոստովանությունները նշանակում են՝ 1. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ու ապօրինությունների առաջին հասցեատերը ԿԸՀ-ն է, որովհետեւ վերջինս վատ է աշխատել, եթե չի կարողացել ձայների հաշվառման փուլում, ասել է թե, տեղամասային ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում պատշաճ վերահսկողություն սահմանել՝ բացառելու իր ստորադասների կողմից ձայների հաշվառման ժամանակ արած կեղծիքները: 2. ԿԸՀ-ն պարզապես անգործություն է դրսեւորել, որովհետեւ հիշյալ ընտրությունների երկու փուլերում էլ հենց քվեարկության օրվա առաջին կեսից սկսած ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուները ընտրակեղծիքների ու ապօրինությունների մասին արդեն սկսել էին ահազանգել: Իսկ դրանց նկատմամբ հետեւողական լինելու դեպքում հնարավոր կլիներ կասեցնել նաեւ ձայների հաշվառման փուլում եղած խախտումները, առավել եւս, որ ԿԸՀ-ն ի վիճակի է թույլ չտալ խախտումներ եւ կեղծիքներ ԱԺ ընտրությունների ընթացքում: Ի դեպ, գրեթե վստահ ենք, որ այս խոստովանություններին առաջին հերթին նպաստել է ԵԽ ներկայացուցիչների նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությունն այդ սեմինարի ժամանակ: Ա.Սահրադյանը նույն սեմինարի ընթացքում նաեւ երկու վատ լուր է ասել: 1.Նա անհեթեթություն է որակել այն, որ ընդամենը մի քանի տարի առաջ զարգացման ժողովրդավարական ուղու վրա կանգնած Հայաստանին եվրոպական կառույցները ներկայացնում են այն նույն պահանջները, ինչ ժողովրդավարապես զարգացած եվրոպական երկրներին՝ ակնկալելով նույն մակարդակով ընտրությունների անցկացում: 2. ԿԸՀ նախագահը վերստին կրկնել է, թե ՀՀ «Ընտրական օրենսգիրքն» արգելում է միեւնույն տեղամասում մի քանի քվեատուփեր կիրառելը: Բացի դրանից, մեկ քվեատուփի նկատմամբ հսկողություն իրականացնելն, ըստ նրա, ավելի հեշտ է, քանի մի քանիսի: «Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, առաջին հերթին, բխում է հենց ՀՀ շահերից, հակառակ դեպքում՝ երկրի ժողովրդավարական զարգացումը վտանգի տակ կհայտնվի»,- էլի մեկ անգամ պնդել ու իր ասելիքն ասել է ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան՝ միաժամանակ հասկացնելով, որ ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը ԵԽ-ին հաճոյանալու համար չպետք է լինի: «ԵԽ-ն պատժիչ մարմին չէ, այդ կազմակերպության նպատակն անցումային փուլի դժվարությունները հաղթահարելու հարցում ԵԽ անդամ երկրներին օգնելն է»,- ասել է նա: Սեփ լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել