Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

Մայիս 10,2003 00:00

ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ Այնպես, ինչպես «Նաիրիտում» Մինչ «վերեւներում» կորոշեն, թե Վանաձորի քիմիական համալիրի բաժնետոմսերը բրիտանական «Ռանսաթից» հետո ո՞վ կտնօրինի կամ երբվանի՞ց կաշխատի համալիրը, «ներքեւներում» ավելանում են ըմբոստ տրամադրությունները։ Համալիրի կազմում գտնվող քիմգործարանի պահակային ծառայության աշխատողները 8 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե ո՞վ պետք է վճարի պարտքը, քանի որ չգիտեն, թե ո՞վ է իրենց տերը։ Այս ահազանգի հեղինակը միաժամանակ հռետորական հարցադրում արեց. «Եթե բանվորները սոված են, տերերն ինչի՞ են կուշտ»։ Փաստորեն, Վանաձորի քիմգործարանի աշխատողները հայտնվել են «Նաիրիտի» աշխատողների վիճակում։ Իսկ, ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, թե քիմիական գործարանի, քիմմանրաթելի եւ ՋԷԿ-ի ամբողջական սեփականաշնորհումը, որ կայացավ 1998թ., ներդրումներ «քամելու» նպատակ է հետապնդել. մի բաժնետերը իր բաժնետոմսերի 50%-ը վաճառեց, մեկ ուրիշն էլ գնեց, բայց չկարողացավ աշխատեցնել համալիրի գործարանները եւ հեռացավ Հայաստանից (թերեւս, որպեսզի ավելի շատ տանուլ չտա)։ Ի դեպ, այս առքուվաճառքի ոլորտը բավականին փակ է, չկա անհրաժեշտ չափի հրապարակայնություն, թե բաժնետոմսերը ի՞նչ արժեքով են ձեռք բերվել, ի՞նչ արժեքով վաճառվել (կամ վերավաճառվել)։ Հարկ է հիշատակել, որ համալիրի կազմում գտնվող գործարանների երկարամյա աշխատողներից դրանք գնվում էին չնչին գներով՝ 5000- 20000 դրամի սահմաններում։ «Քիմգործարանը ե՞րբ կաշխատի»,- «վերեւից» եկած գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին այս հարցն են ուղղում անգործության իրենց վիճակին հարմարված վանաձորցիները (չհարմարվածները վաղուց արտագաղթել են կամ, ծանր վիճակում հայտնվելով, հեռացել կյանքից)։ Ապրիլի 30-ին, երբ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում Վանաձորում էր գտնվում պաշտպանության նախարարը, մի վանաձորցի հերթական անգամ այդ հարցը բարձրացրեց. պաշտպանության նախարարն էլ այդ հարցին պատասխանելու իրավասությունն իր վրա վերցրեց եւ խոստացավ, որ գործարանն աշխատելու է։ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածուներից մեկը Վանաձորի իր կուսակից քաղաքապետի ներկայությամբ՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, վկայակոչելով իր նախընտրական ծրագրի կետերից մեկը, հավաստիացնում էր, թե պետք է պատասխանատվության ենթարկվեն այն սեփականատերերը, որոնք սեփականաշնորհել են 70 տարվա պետական ձեռնարկությունները, բայց չեն աշխատեցնում։ Հույս ունենք նա նկատի չուներ 1998թ. աշնանը սեփականաշնորհված, 2001թ. ՀՀ նախագահի մասնակցությամբ պաշտոնապես գործարկված, բայց առայսօր չաշխատող Վանաձորի քիմիական համալիրի բաժնետեր Ս. Գեւորգյանին, որին անձամբ տեղական իշխանությունները 2000թ. շնորհել են «Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում»։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ խոսակցություններ կան, թե իշխանություններն իրենք են արգելակում այդ ձեռնարկության աշխատանքը։ Ենթադրվում է, թե քիմգործարանի աշխատելը ձեռնտու չէ այն ուժերին, որոնց ձեռնտու է կարբիդի ներկրումը «դրսից»։ Հիշեցնենք, որ Արեւմուտքին էլ ձեռնտու է, որ Հայաստանում միայն փոքր եւ միջին բիզնեսը զարգանա։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել