Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ» ՕԳՏԻՆ

Մայիս 13,2003 00:00

«ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ» ՕԳՏԻՆ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու համակարգի անցած տարվա, ինչպես նաեւ այս տարվա 4 ամիսների աշխատանքը։ Պետք է ենթադրել, կառավարությունը նոր եւ երեւի ժամանակավոր պրակտիկա է ներմուծել՝ նախընտրական շրջանում Հանրապետական կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Գերատեսչությունների 4 ամսվա աշխատանքի ամփոփումը նորություն է։ Հենց ա՛յդ ժամկետն է համընկնում խորհրդարանական ընտությունների նախաշեմի հետ, իսկ կառավարության գործունեության պատասխանատվությունը ստանձնած ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, ԱԺ-ում մեծամասնություն կազմելու հավակնություններով է հանդես գալիս։ Բացի այդ, մաքսային կոմիտեի նախագահը հանդես չէր եկել համակարգի աշխատանքի անցած տարվա, այս տարվա եռամսյակի արդյունքների ամփոփմամբ. ինչո՞վ բացատրել ժամանակի այս ընտրությունը։ Այլ կերպ ասած, նախընտրական քարոզչության շրջանակներում չէ՞ այս ասուլիսը։ «Առավոտի» այս հարցին Արմեն Ավետիսյանը պատասխանեց. «Որեւէ կապ չունի ընտրությունների հետ։ Գիտեք, որ նախագահական նախընտրական թոհուբոհի մեջ մաքսային մարմինները երկրորդ պլան էին անցել, եւ լրագրողներին էլ այդքան հետաքրքիր չէր լինի վերլուծությունները ընտրությունների համեմատությամբ»։ Այստեղ նկատենք, որ եռամսյակի ավարտը ապրիլի սկիզբն էր, որը ոչ մի կերպ չի համընկնում նախագահական ընտրությունների ոչ առաջին (փետրվարի 19), ոչ երկրորդ փուլի (մարտի 5) հետ եւ մեջբերենք պարոն Ավետիսյանի պատասխանի շարունակությունը. «Ընտրությունների հետ որեւէ կապ չունի։ Մաքսային մարմինները, փառք Աստծո, ե՛ւ նախագահականի ժամանակ, ե՛ւ հիմա, տեսնում եք, որ չեն խառնվում ընտրություններին եւ օրենքով էլ չենք կարող խառնվել։ Օպոզիցիոն մամուլը երեւի լավ կանդրադառնար»։ Համենայնդեպս, «Առավոտը» ժամանակին գրեց, որ նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում Զվարթնոցի մաքսակետի աշխատակիցների հետ «համապատասխան» աշխատանք է տարվել։ Իր ղեկավարած համակարգի եւ անձամբ իր՝ ընտրություններին «չխառնվելու» հանգամանքը Ա. Ավետիսյանը բացատրում է այսպես. «Մաքսային մարմիններն իրավապահ մարմիններ են համարվում, եւ մեր կանոնադրությունով իրավունք չունենք որեւէ քաղաքական դաշտում լինելու։ Եվ եթե նկատում եք, ոչ ես, ոչ Զախարյան Երվանդը, ոչ Կառլոս Պետրոսյանը, ոչ Հայկ Հարությունյանը չկանք այդ ցուցակներում (կուսակցությունների համամասնական- Ա. Ու.)»։ Իսկ եթե օրենքը թույլ տար, պարոն Ավետիսյանը կնախընտրեր «միանշանակ Հանրապետականը»։ Արմեն Ավետիսյանը եղբայր չունի, բայց եթե ունենար, անկախ իր քաղաքական հայացքներից ու համակրանքներից, պետք է շարժվեր մաքսային կոմիտեի նախագահ իր եղբոր կամքով. «Եթե եղբայր ունենայի, Հանրապետականում կլիներ»։ Ասուլիսի առիթը արձանագրված բարձր ցուցանիշներն էին. Ա. Ավետիսյանը հայտնեց, որ պլանները ոչ միայն կատարվել են, այլեւ գերակատարվել (որոշ դեպքերում՝ սիմվոլիկ)։ Ի դեպ, դա հաջողվել է անգամ անցած տարվա համեմատությամբ պլանային ցուցանիշների աճի պարագայում։ Ընդ որում, «օրենսդրական փոփոխություն չի եղել»։ Սակայն որոշ ապրանքներից ԱԱՀ-ի գանձումը տեղի է ունենում սահմանի վրա։ Ի դեպ, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո ներկրվող ապրանքների մաքսատուրքերի «մեղմացում» է տեղի ունեցել, ինչը կդժվարացնի մաքսավորների գործը, չնայած Ա. Ավետիսյանը վստահ է, որ պլաններն էլի կկատարեն։ Վերջին շրջանում, սակայն, ակտիվացել են մաքսանենգ ապրանքների, մասնավորապես սիգարետի, հայտնաբերման դեպքերը, ինչը վկայում է մաքսավորների բացթողումների մասին։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն կա, որ հանրապետության տարածքում (այսինքն՝ հարկային մարմինների կողմից) մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ է, քան սահմանին (այսինքն՝ մաքսային մարմինների կողմից), պարոն Ավետիսյանը չհամաձայնեց։ Նա չնշելով «զարգացած երկրի անունը», ասաց. «Այդ երկիրը վերահսկում է իր մաքսային մուտքերի ընդամենը 63%-ը։ Հզոր մի երկիր, որտեղ ամեն տարի շուրջ 1,5 միլիարդ դոլար է դրվում տեխնիկական վերազինման համար»։ «Մեր երկրում ինչքա՞ն է» հարցին պատասխանը, որ անգիր ենք արել, հետեւյալն էր. «Եթե իմանայինք որտեղ է մաքսանենգությունը, կվերացնեինք»։ «Այդ երկրի ստատիստիկան» իմանալուց հետո էլ, պարզվում է, մաքսային պետական կոմիտեի նախագահը մաքսանենգության «տեղն իմանալու» համար փորձի փոխանակման խնդրանքով հանդես չի եկել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել