Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԱՆՑԱՎ

Հուլիս 01,2003 00:00

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԱՆՑԱՎ «Ես ամեն ինչ արեցի, որ բարձր դատարանն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրության արդյունքը անվավեր ճանաչի՝ դառնալով քաղաքացիների ընտրական իրավունքի երաշխավորը։ Եղեք այդպիսին, խնդրում եմ։ Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան»: Երեկ ՍԴ իր եզրափակիչ ելույթն այսպիսի զգացմունքային տողերով ավարտեց թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Բլեյանը, ինչը սակայն որեւէ կերպ չանդրադարձավ դատավորների կողմից նախապատրաստվող վճռի վրա: Ա. Բլեյանը դատարանում հայտարարեց, որ ինքն իր ընտրատարածքի ընտրողներին խոստացել էր կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ մարդկանց ընտրական իրավունքը ԱԺ պատգամավորի ընտրության ժամանակ ապահովելու համար, որպեսզի ընտրատարածքն ԱԺ-ում ներկայացնի ընտրված պատգամավորը։ Սակայն նրա այդ խոստումները երեկ ՍԴ-ն հավասարեցրեց զրոյի, որի հետեւանքով Ա. Բլեյանի ընտրատարածքը մնաց առանց «ընտրված» պատգամավորի: Ա. Բլեյանը ՍԴ-ում նաեւ ազդարարեց, որ թիվ 11 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը ոչ միայն պատգամավոր է, այլեւ՝ «տնտեսական օլիգարխ». «1994 թվից՝ որպես երկրապահ արտոնյալ պայմաններ ստանալով, օրենքով չարգելված տնտեսական գործունեությամբ զբաղվելով, նա իր բիզնեսով յուրացրեց ոչ միայն թաղապետարանն ու ավագանին, այլեւ 1999թ. տիրացավ ԱԺ պատգամավորի մանդատին»,- իր եզրափակիչ ելույթում նշեց Ա. Բլեյանն ու ներկայացեց Հ. Հակոբյանի տնտեսական գործունեության ողջ ուղին: «Ուզում եմ հավատալ, որ ՍԴ-ն չի ընկրկի այս՝ Հայաստանում կալվածատիրական կարգերն ու ճորտատիրությունը (իրավազրկությունը) հարատեւ դարձնող հանգամանքների առաջ, իմ դիմումով կկիրառի միջազգային սահմանադրաիրավական պրակտիկան, իրավական կշեռքով կկշռի ու կգնահատի գործով առկա ընտրական իրավունքի սկզբունքների խախտումների ազդեցությունները, որոնք այնքան են էական, որ անհնարին են դարձրել թիվ 11 ընտրատարածքում մարդկանց ընդհանուր, հավասար, ազատ ու գաղտնի ընտրական իրավունքի իրացումը»,- ՍԴ-ից իր ակնկալիքների մասին կիսվեց պրն Բլեյանը։ Վերջինս նաեւ դատարանին տեղեկացրեց, որ իր վստահված անձինք ընտրատարածքի բոլոր տեղամասերում ողջ քվեարկության ընթացքում գտնվել են «իրավազրկված վիճակում». «Իմ վստահված անձեր Ա. Հայրոյանին ու Դ. Մանուկյանին ՏԸՀ-ի նախագահները պատժել են՝ նրանց ընտրական օրենսգրքով որոշված իրավունքից օգտվելու համար, շատերին ՏԸՀ-ի նախագահները ծաղրել են, սպառնացել «դուրս շպրտել», «ոստիկանություն կանչել»,- թվարկեց մարդու իրավունքների պաշտպան Ա. Բլեյանը՝ նշելով, որ ինքն այդ խախտումների վերաբերյալ սահմանված կարգով դիմել է ԿԸՀ, հետո դատախազություն, ինչին սակայն որեւէ պատասխան չի հետեւել։ «Ոչ ԿԸՀ-ն, ոչ դատախազությունը մեր բերած փաստերը չի արձանագրել որպես հանցավոր արարք, այլ դարձել է դրանց հովանավորը եւ իր անօրինական մասնակցությունն է ունեցել այդ ամոթալի գործընթացի օրինականացմանը»,- ասաց նա: Փաստորեն զուր էին նաեւ Ա. Բլեյանի եզրափակիչ ելույթի՝ ՍԴ վերաբերյալ հնչեցրած բարեհունչ խոսքերը, որով նա հույս էր հայտնում, թե ՍԴ-ն անաչառ որոշում կայացնելու վճռական դրսեւորում կորդեգրի: «Ի վերջո ՍԴ-ն կասի իր վճռական խոսքը, թե՝ Հ. Հակոբյանի կողմից նախկինում բացված 650 աշխատատեղերը «շուտով 600»-ով ավելացնելը, 5000 տպաքանակով բաժանված քարոզչական բուկլետում ընտրողին ուղղված այդ խոստումը Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության ժամանակ արգելված ծառայությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա փողին եւ իշխանությանը մի անգամ տիրացած խմբավորումները (անհատները) անպատիժ վերարտադրվելու են, պարտադրելու իրենց հասարակությանը՝ մեծացնելով քաղաքացիների իրավազրկությունը»,- ՍԴ-ին տեղեկացրեց Ա. Բլեյանը։ ՍԴ-ն փաստորեն նախընտրեց անպատիժ խմբավորումների վերարտադրմամբ երկիրը մեծացնելու ուղին: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031