Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՆԿՈՒՐՏԻԶՄԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»

Հուլիս 04,2003 00:00

«ՄԱՆԿՈՒՐՏԻԶՄԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ» Այսպես է բնութագրում ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ՀՅԴ քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի հայտարարությունը, որում փաստորեն հայ-թուրքական հարաբերությունների նախապայման է դիտվում Թուրքիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, միանշանակ չընդունվեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայկական որոշ շրջանակների կեցվածքը։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը եւս իր առաջին ճեպազրույցում չուզեց որեւէ գնահատական տալ այդ հայտարարությանը, առաջարկելով այն թողնել ավելի հարմար առիթի։ Փաստորեն, կոալիցիոն կառավարության մաս կազմող Դաշնակցությունն անում է մի հայտարարություն, որին կոալիցիայի մնացած անդամները, ԱԳ նախարարը եւ նախագահն այնքան էլ համակարծիք չեն։ Այդ առիթով ՀՅԴ հայաստանյան ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը նախ ասաց, թե հայտարարությունը հստակ էր եւ սա կոալիցիոն կառավարության հայտարարություն չի կարելի դիտել. «ուղղակի Դաշնակցության քաղաքական հարցերով գրասենյակը եւս մեկ անգամ հաստատել է այն դիրքորոշումը, որն ունեցել ենք նախկինում եւ առանց վարանումի շարունակելու ենք ունենալ, միաժամանակ անհանգստություն հայտնելով եւ զգուշացնելով այն բոլոր սեթեւեթանքներին, որոնք նկատելի են հայկական հասարակական տարբեր շրջանակներում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հայ-թուրքական, այսպես կոչված, հանձնաժողովին եւ հատկապես վերջին 2-3 շաբաթներին Միացյալ Նահանգների մի շարք հայկական կազմակերպությունների, ընդհուպ՝ եկեղեցական պատասխանատուների հետ Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության եւ լրահավաքի պատասխանատուներից մեկի հետ տեղի ունեցած հանդիպումներին։ Սրանք իրականում որեւէ նպատակ չունեն հարթել եւ լուծել այն կարեւոր պրոբլեմները, որոնք կան երկու երկրների միջեւ, այլ, ուղղակի նպատակը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից մշակված ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելն է, այսինքն՝ արտաքին աշխարհի մոտ Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորումը, Թուրքիայի ԵՄ անդամակցության ապահովումը»։ Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը եւ դրա ձեւերի խնդիրը Դաշնակցության համար մնում եւ եղել է սկզբունքային հարց եւ սա այն սկզբունքային հարցերից մեկն է, որով Դաշնակցությունը դիրքորոշվելու է ե՛ւ կոալիցիոն կառավարության գործունեության մեջ, ե՛ւ ընդհանրապես ՀՀ-ում իր քաղաքական կեցվածքներով։ Սակայն, կարծես թե նույն Դաշնակցությանը հայտնի է, թե ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր գերատեսչության ղեկավարի դիրքորոշումը՝ Հայաստանը որեւէ նախապայմանի չի գնում եւ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման էլ սահմանի բացումն օգտակար է Հայաստանի համար։ Այս ամենն իմանալով, մի քիչ անհասկանալի չէ՞ կառավարության մաս կազմող կուսակցության հայտարարությունը։ «Չէ, անհասկանալի չէ,- ասում է Գեղամ Մանուկյանը եւ շարունակում,- պետք չէ Վ. Օսկանյանի որեւէ ընթացիկ հայտարարություն խառնել ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշերի հետ։ Որովհետեւ կա նաեւ մեկ այլ դրույթ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դրույթը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական կետերից մեկն է, հետեւաբար, անհասկանալի է մեկ այլ երեւույթ, որ հայկական շրջանակներում տարբեր ուժեր կամ գործիչներ փորձում են շատ ավելի մեծ պատկեր ստեղծել թուրքական տարբեր պատասխանատուների մեկ-երկու կցկտուր բառերի։ Թուրքիայի վարչապետը շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր կեցվածքներից եւ հայությունը պետք է հրաժարվի իր կեցվածքներից, ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ իրենց օրակարգում ընդհանրապես դրված չէ սահմանների բացման հարցը եւ սա սառը ցնցուղ եղավ հայկական այն շրջանակներին, ովքեր մի քանի օր է սպասում էին սահմանների բացմանը։ Սա Թուրքիայի ռազմավարական կեցվածքներից մեկն է»։ Գեղամ Մանուկյանը նկատեց, որ վերջին շրջանում հասարակական երկխոսության բոլոր ֆորմատներում պարտադիր տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության հարցի արծարծումից խուսափումը. «ամենավերջին խայտառակ օրինակն օրերս Գրողների միությունում տեղի ունեցած հավաքն էր, որտեղ միշտ ավելի առաջադիմական, ավելի հստակ, ավելի անկեղծ կեցվածք ունեցող գրողների շրջանակը, ցավալիորեն, կարող էր այդքան ջերմությամբ ընդունել թուրք քաղաքական կանանց եւ խուսափել Ցեղասպանության հարցի արծարծումից։ Ի պատասխան դրա, այդ նույն թուրք կանայք շատ հստակ պահպանեցին իրենց կեցվածքը, ի տարբերություն հայկական կողմի, եւ շատ հստակ նշեցին՝ Հայաստանը պետք է վերահաստատի Բաթումի եւ Կարսի պայմանագրերը, չընդունեցին Հայոց ցեղասպանության դրույթը եւ հայկական կողմից ցավալիորեն որեւէ արձագանք չեղավ»։ Գեղամ Մանուկյանը նկատեց, որ «Հայաստանում օր օրի գլուխ է բարձրացնում մանկուրտիզմի մի ամբողջական շարժում, երբ տարբեր մակարդակներում երկխոսության անվան տակ մոռացության են տալիս ե՛ւ պատմական հիշողությունը, ե՛ւ մեր ժողովրդի քաղաքական խնդիրները, ե՛ւ քաղաքական պայքարի բոլոր արդյունքները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել