Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Հուլիս 11,2003 00:00

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ Էռնեկյանն ու ՀՀ կառավարությունը «ողջամտության սահմաններում» Կառավարության մակարդակով իրականացված ցանկացած վաճառքի կամ մենաշնորհային կարգով սեփականաշնորհված գործարքի հետ հպանցիկ ծանոթությունն անգամ ապացուցում է, որ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարված են։ Այս դեպքերում նկատի ունենք մարդու աշխատանքի իրավունքը։ Դեռ կարիք կա պարզելու, թե «Զվարթնոց» օդանավակայանը Էդուարդո էռնեկյանին մենաշնորհային կարգով հրամցնելուց առաջացած գումարներն ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով ծախսվեցին, բայց որ դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ (ընդ որում՝ որակյալ մասնագետներ) գործազուրկ դարձան՝ ակնհայտ է։ Պայմանագրի 14-րդ՝ «Աշխատողներ» գլխում սեւով-սպիտակի վրա գրված է. «Կառավարիչն ազատ կլինի աշխատանքի ընդունել այնքան աշխատողներ, որքան կպահանջվի օդանավակայանի արդյունավետ շահագործման համար, եւ պարտավորված չի լինի աշխատանքի ընդունել կամ պահել ներկայումս ընկերություններից եւ օդանավակայանում գործունեություն իրականացնող, իրավասություններ ունեցող ցանկացած այլ պետական կամ մասնավոր կազմակերպություններից որեւէ մեկի աշխատողներին»։ Եթե պայմանագրում այս աստիճանի «սառը» վերաբերմունք կա ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ուրեմն բնավ զարմանալի չէ, երբ նմանատիպ է վերաբերմունքը հողի հանդեպ։ Պայմանագրի «Լրացուցիչ հող» գլուխն աննկարագրելի արտոնություններ է տվել «Զվարթնոցի» կառավարչին. «ՀՀ կառավարությունը ողջամիտ ժամկետում օդանավակայանը շրջապատող հողամասերը մատչելի կդարձնի կառավարչի համար, կախված նրանից, թե կառավարիչն ինչն անհրաժեշտ կհամարի օդանավակայանի ենթակառույցի պահպանման կամ բարելավման համար։ Այդ նպատակի համար ՀՀ կառավարությունը կիրականացնի այն բոլոր վարչական կամ դատական գործողությունները, որոնք կարող են անհրաժեշտ դառնալ իր բացառիկ պատասխանատվության համաձայն»։ Այս նույն գլխում մի հետաքրքիր կետ եւս անմիջապես աչքի է զարնում՝ ըստ այդմ, «Զվարթնոցը» շրջապատող որ հողատարածքի վրա էլ Էդ. էռնեկյանը մատը դնի, ՀՀ կառավարությունը պարտավոր է «ողջամտության սահմաններում» նշված տարածքներն անմիջապես հանձնել կառավարչին եւ կստացվի «սահմանված պարտավորությունների հետ կապված բոլոր ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը՝ առանց որեւէ բացառության»։ Կոնցենսիոն պայմանագրում, իհարկե, չեն անտեսվել ՀՀ կառավարության իրավունքներն ու պարտականությունները, բայց դրանք ավելի շատ պարտականություններ են, քան՝ իրավունքներ։ Այսպես, օրինակ՝ կառավարությունը պարտավոր է. «մատնանշել եւ շահագործել այլընտրանքային օդանավակայաններ յուրաքանչյուր անգամ, երբ կառավարիչը ժամանակավորապես կասեցնում է օդանավակայանի աշխատանքները՝ կատարելու աշխատանքներ, կամ որեւէ այլ պատճառով, որ կասեցման կարիք կզգա։ Կառավարչի բացառիկ հայեցողությամբ, եւ յուրաքանչյուր անգամ, երբ կառավարության իրավասու մարմինը կկասեցնի օդանավակայանի գործունեությունը դժբախտ պատահարի կամ որեւէ այլ պատճառով, որը հիմնավորվում է՝ օրենքի համաձայն, օդանավակայանի գործունեության կասեցումը»։ Պարզապես անհասկանալի է, թե հատկապես ո՞ր պահուստային օդանավակայանի վրա է հույսը դրել ՀՀ կառավարությունը պայմանագրի վերոհիշյալ կետին համաձայնություն տալու պահին, արդյոք մեր կառավարության անդամներին հայտնի չէ՞, որ «Զվարթնոցի» չափերին մոտ օդանավակայան մեր տարածքում մեկ էլ Բաքվում եւ Թբիլիսիում կա։ Այսքան լուրջ կետից հետո պարզապես կարող է ծիծաղելի թվալ մուծումների մասին մեր ասելիքը։ Սակայն անդրադառնանք նաեւ դրան։ Այսպիսով, «կառավարիչն իրավասու է լոկ իր հայեցողությամբ գնահատել յուրաքանչյուր մուծման չափը եւ փոփոխել այն։ Մուծման չափը գնահատելիս կառավարիչը զերծ կմնա որեւէ պատճառով օգտագործողների նկատմամբ խտրականությունից, բացառությամբ շուկայական եւ գործարար հարմարվետության չափանիշների։ Կառավարիչն իրավունք կունենա խիստ գաղտնի պահել յուրաքանչյուր մուծման գումարը։ Եթե կառավարությանն ինչ-ինչ պատճառներով հայտնի է դառնում մուծման չափը, ապա վերջինս պարտավոր է այդ տեղեկությունները խիստ գաղտնի պահել, բացառությամբ, եթե դրանց հրապարակումը կոնկրետ պահանջվում է ՀՀ օրենքներով»։ Կառավարիչն ավելի քան պաշտպանված է։ Եթե կառավարիչը, Աստված մի արասցե, բարկանա, եթե հանկարծ ինչ-ինչ հանգամանքների բերումով ՀՀ կառավարությունը որոշի խախտել սույն պայմանագիրը. «ապա կառավարիչն իրավունք կունենա դադարեցնել Պայմանագիրը, եթե կառավարությունը խախտման մասին կառավարչից ծանուցում ստանալուց հետո 20 օրյա ժամկետում չի վերացնում խախտումը։ Նման դեպքում ՀՀ կառավարությունը կառավարչին վճարում է վնասի վերացման գումարը, ինչպես նաեւ՝ երաշխավորում եւ անվնաս պահում կառավարչին սույն Պայմանագրի դադարման պատճառով երրորդ անձանց կողմից առաջացած ցանկացած վնասակար հետեւանքից»։ Այստեղ են ասել՝ հայի բախտ։ Կարող էինք չէ՞ մի խելքը գլխին, առավել վստահելի բիզնեսմենի հանձնել մեր ունեցվածքը, բայց մյուս կողմից էլ՝ վստահելի բիզնեսմենն այստեղ ի՞նչ գործ ունի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել