Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերախմբավորումն անհրաժեշտություն է»

Սեպտեմբեր 12,2003 00:00

«Վերախմբավորումն անհրաժեշտություն է» Կարծում է Վարդան Խաչատրյանը Առաջիկա չորս-հինգ տարիների համար, երբ թվում է, թե ընտրություններից հետո մեր քաղաքական դաշտի դասավորությունն արդեն պարզ էր՝ ազգայնական ճակատում գտնվող ուժերը սկսեցին ակտիվանալ։ Այդ ակտիվությունը, բնականաբար, ենթադրում է բանակցություններ այդ բեւեռում գտնվող քաղաքական ուժերի միջեւ։ Արդյո՞ք հնարավոր դաշինքն ընդամենը կառավարական կոալիցիային հակադրվելու փորձ է։ Ինչո՞ւ է քաղաքական դաշտում նոր ուժ ստեղծելու ձգտում առաջանում։ Մեր զրուցակից, Սոցուժերի խորհրդի նախագահող Վարդան Խաչատրյանը կարծում է, որ այդ ուժի ձեւավորման համար օբյեկտիվ հիմքեր կան, քանի որ. «տեղի է ունեցել թիրախի անցում։ Այսինքն՝ ընտրությունների ժամանակ, ըստ էության, դրված էր թիրախ՝ իշխանափոխություն։ Քաղաքական ուժերի մի զանգված ձգտում էր դրան եւ չհաղթահարելով թիրախն՝ անցավ կողքից։ Արդյունքում մի կարեւորագույն խնդիր է մնում. այդ ուժերի զանգվածից ո՞վ է մնացել թիրախի առջեւ եւ ովքե՞ր են բավարարված արդյունքներով»։ Այսինքն, ըստ Վ. Խաչատրյանի՝ ընդդիմադիր որոշ ուժեր բավարարված են արդյունքներով, մինչդեռ նպատակն անկատար է մնացել. «ուստի, քաղաքական դաշտում վերախմբավորում պետք է տեղի ունենա՝ անկախ մեր կամքից»։ Մեր ունեցած տեղեկություններով, ազգայնական ճակատում ձեւավորվող «ռադիկալ արմատական» ուժին անդամակցելու համար բանակցություններ են վարվում նաեւ «Հանրապետություն» եւ Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների հետ։ Ի պատասխան մեր հարցման, սոցիալիստական ուժերի խորհրդի նախագահող Վարդան Խաչատրյանը չհերքեց սույն տեղեկությունը, բայց նաեւ՝ չհաստատեց։ Միայն հարկ համարեց նշել, որ բանակցությունների փուլ է, ուստի ինքը չէր ցանկանա կոնկրետ բաների մասին խոսել։ Պրն Խաչատրյանը համոզված է, որ «Հայաստանում բավականին բարդ է լինելու ազգայնականության երրորդ ուժ դառնալը», որովհետեւ այդպիսի ուժի հասարակական հնչեղություն ստանալու համար՝ անհրաժեշտ խթաններ չկան։ Օրինակ, մի շարք եվրոպական պետություններում նման խթան են հանդիսանում երկրի ամբողջականությանը, տնտեսական անվտանգությանը սպառնացող ազգային փոքրամասնությունները։ Բայց քանի որ դա մեզ չի սպառնում, այս ուժի գոյությունը Վ. Խաչատրյանը հիմնավորում է այսպես. «երկրի ներսում գոյություն ունեն օբյեկտիվ լուծում պահանջող խնդիրներ», որոնք էլ իրենց հերթին՝ «այսպիսի ուժի գոյություն են պահանջում»։ Սակայն նկատեցինք, որ թե՛ ազգայնականներն են բազմապիսի, եւ թե՛ տարբեր գաղափարական ուղղվածության ուժերի «կոալիցիաներն» են բազմաթիվ։ Դա, ըստ Վ. Խաչատրյանի, հասարակության ամորֆության արդյունք է. «Եթե լիներ հասարակություն, որը բաժանված է դասակարգերի, խավերի, որոնք հասարակական տարեկան եկամտից իրենց կայուն բաժինն ունեն՝ նրանց կուսակցությունները կարտահայտեին նրանց գաղափարները։ Նրանք չեն կարող տատանվել, որովհետեւ էլ չեն ունենա ո՛չ տնտեսական սնման հնարավորություններ, ո՛չ՝ քաղաքական կազմակերպման։ Հայաստանն էդպիսին չէ։ Դրանից ելնելով՝ քաղաքական դաշտում ամենաֆանտաստիկ միաձուլումներ են լինում»։ Սոցուժերի խորհրդի նախագահողի կարծիքով, «մեր բախտը նաեւ նրանով չի բերում արդեն հազարամյակներ շարունակ, որ մենք անընդհատ գտնվում ենք համաշխարհային քաղաքականության հունի մեջ»։ Այսինքն, ըստ նրա, համաշխարհային քաղաքականության կենսական շահերից դուրս գտնվող երկրներում համանման զարգացումներն այսպիսի անկանխատեսելիության մթնոլորտի չեն հանգեցնի։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել