Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔՎԵՑԻՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ»

Նոյեմբեր 11,2003 00:00

ՀԱՎԱՔՎԵՑԻՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ» Նրանց մեծ մասը հանրապետական են Նոյեմբերի 9-ին կառավարության նիստերի դահլիճում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների 7-ամյակի հանդիսություններին շնորհավորական հեռագրեր ու բարի մաղթանքներ էին ուղարկել եվրոպական կառույցների ղեկավարներ, Գերմանիայի կառավարությունը, իսկ մեր երկրի նախագահը կամ մոռացել էր, կամ էլ՝ ուղարկել էր իր ողջույնի հեռագիրը, որը, սակայն, չի կարդացվել։ Միջոցառման ավարտից հետո (երբ պետք է սկսվեր ֆուրշեթը) միջանցքում հայտնվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանը, որը, ենթադրում ենք, միջանցքում ոտքի վրա էլ փոխանցեց նախագահի շնորհավորանքը։ Իսկ հավաքին ներկա Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերի եւ քաղաքների, նաեւ՝ մարզերի ղեկավարները փորձում էին փաստել, որ տեղական ինքնակառավարումը մեզանում կայացել է։ Թերեւս, այդ կառույցների կազմակերպած ընտրությունների անցկացման աճպարարություններով, լցոնումների, կարուսելների, քվեատուփերի առեւանգման, ծանոթ-խնամի-բարեկամական լծակների, նաեւ՝ կրակոցների եւ կռիվ-ղալմաղալի իրականացման առումով տեղական ինքնակառավարումը ոչ միայն կայացել է, այլեւ լուրջ քայլեր է արել եվրոպական չափանիշներից հեռու։ Բայց քանի որ մեր հոգեկերտվածքի առանձնահատկությունները խիստ ընկալելի են դարձել նույնիսկ եվրոպացիների համար, գերմանական կառավարությունը տարելիցի առթիվ խորհրդակցելով ՀՀ կառավարության հետ, յուրաքանչյուր քաղաքային համայնքի մեկական համակարգիչ նվիրեց՝ «հարկերը լավ հավաքելու համար»,- ինչպես նշեցին նվիրատուները։ Լավագույն համայնքատերերը պարգեւատրվեցին։ Պարգեւատրվածների մեջ էր նաեւ Երեւանի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը, որը, սակայն, ներկա չէր հավաքին։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ 1996-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններով հիմք դրվեց երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Վարչապետը բոլոր համայնքատերերին հաջողություններ մաղթեց եւ համբերություն։ Չմոռանանք, որ ըստ էության, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ճնշող մեծամասնությունը (մոտ 90 տոկոսը եւ ավելին) Հանրապետական կուսակցության անդամներ են կամ՝ համակիրներ։ Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե համայնքների առջեւ ծառացած գլխավոր խնդիրները քանի խմբի կարելի է բաժանել եւ թե հատկապես սահմանամերձ շրջանները ինչ խնդիրներ ունեն։ Համակարգող նախարարի ներկայացմամբ՝ սահմանամերձ համայնքների համար գործում է համապատասխան ծրագիր, իսկ խնդիրներից զերծ չեն համայնքներն ընդհանրապես. «մենք փորձելու ենք լուծել այդ խնդիրները եւ յուրաքանչյուր տարի հաջողություններ ենք գրանցում։ Բայց նաեւ հասկանալի է, որ ունենք ֆինանսական խնդիրներ եւ տարիներ շարունակ կուտակված խնդիրները հնարավոր չէ մեկ կամ երկու տարում լուծել։ Կառավարությունը վերջին տարիներին դեմքով շուռ է եկել դեպի համայնքներ եւ շատ լավ հասկանալով ու գնահատելով իրավիճակը, փորձում է համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում աջակցել տեղական մարմինների կայացմանը»։ «Առավոտը» նկատեց, որ սովորաբար գյուղապետերի, քաղաքապետերի եւ համայնքապետերի ընտրությունները վերածվում են խնամի-բարեկամական միավորման կամ կլանային ծեծուջարդի։ Յոթնամյակի կապակցությամբ ինչ-որ քայլեր կարվեն այդ պրակտիկայից հրաժարվելու։ Նախարարի կարծիքով՝ նման պրակտիկա չկա, եւ տարածքային կառավարման համար «շատ կարեւոր է, որ ժողովուրդն ընտրի տվյալ համայնքապետին, այդ դեպքում համայնքապետի հետ աշխատելը շատ հեշտ կլինի»։ Մեղրու քաղաքապետ Միշա Հովհաննիսյանին խնդրեցինք փոխանցել Մեղրիում տիրող տրամադրությունները՝ արդյոք Մեղրին շարունակում է անհանգստանալ, այսպես կոչված, Մեղրու տարբերակի առնչությամբ։ Քաղաքապետի ներկայացմամբ «այդպիսի խոսակցություններ չկան, ժողովուրդը նորմալ վիճակում է։ Տարբեր ընդդիմադիր ուժեր ժամանակ առ ժամանակ շահարկում են Մեղրու հարցը եւ ժողովրդին անհանգստացնում են։ Այս տարի կրկին որոշ մարդիկ փորձեցին մեղրեցիներին անհանգստացնել, բայց դա եւս անցավ, մեղրեցիները գիտեն, որ իրենք պետք է մնան, Մեղրիի հարցը միշտ էլ բարձրացվել է, բայց՝ ապարդյուն»։ Ըստ պրն Հովհաննիսյանի, Մեղրիի այսօրվա թիվ մեկ պրոբլեմը աշխատատեղերն են։ Նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումներում նշված էր, որ ամեն տարի մոտ 40 հազար աշխատատեղ է բացվելու։ Առայժմ մեկ տարին չի լրացել, բայց թերեւս ճիշտ կլինի, եթե նախագահն իր նախընտրական խոստման առաջին տարվա 40 հազարը իրականացնի հենց Մեղրիում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել