Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ ՓՐԿԵԼԸ ԽՆԴԻՐ ՉԷ»

Նոյեմբեր 13,2003 00:00

«ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ ՓՐԿԵԼԸ ԽՆԴԻՐ ՉԷ» Ասում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը, որը որպես դիտորդ ներկա էր Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: – Քվեարկության օրը Վրաստանում ընտրացուցակների խառնաշփոթը նման էր Հայաստանի 1999-ի ընտրություններին, հետընտրական իրավիճակը որոշ չափով նման էր մեր 2003-ի ընտրություններին: Այս ամենի ավարտը զուգահեռներ կունենա՞ ՀՀ-ում արձանագրված իրողությունների հետ: – Իրոք կան որոշ նմանություններ, բայց իմ տպավորությամբ՝ դրանք ավելի շատ արտաքին են, քան ներքին: Մեր երկու երկրների միջեւ տարբերությունը շատ մեծ է: Վրաստանում ներքին այլ գործընթացներ կան, որոնք բացակայում էին մեզ մոտ: Ինչքան էլ այստեղ մաքառում եւ կռվում ենք իրար հետ, բամբասում եւ հայհոյում միմյանց՝ այնուամենայնիվ՝ սա պետության բոլոր նշաններն ունեցող երկիր է: Հայաստանում գոյություն ունի պետականություն: – Այսինքն՝ Վրաստանում գոյություն չունի՞ պետականություն: – Ոչ այն աստիճանի, ինչքան կա Հայաստանում: Վրաստանն ունի շատ մեծ ճաքեր: Ընտրությունները լակմուսի թուղթ են, որ ցույց են տալիս պետության վիճակը: Եվ հանկարծ երեւաց, որ Վրաստանում ճաքեր կան, որ արդեն վերածվել են անդունդի: Դա պայմանավորված է երեւի երկրի կառուցվածքով: Մենք այնուամենայնիվ միատարր ժողովուրդ ենք եւ մեր բաժանումները՝ ապարանցիների, ղարաբաղցիների, լոռեցիների եւ այլն՝ չեն անցնում անեկդոտներից այն կողմ: Իսկ Վրաստանում շատ լուրջ է այդ ամենը: Չեմ խոսում Աբխազիայի մասին, քանի որ ո՛չ մասնակցում են, ո՛չ էլ կարծես պետության մաս են՝ առայժմ լուծված չէ այդ հարցը: Աջարիան մաս լինելով՝ ամբողջի ուժ ցույց տվեց ընտրությունների ժամանակ: Նույնը կարելի էր ասել նաեւ հայերի մասին, եթե նրանց թույլ տրված լիներ դառնալ քաղաքական ուժ: – Մատնանշեցիք մեր տարբերությունները, սակայն եվրոպական դիտորդներն այս ընտրություններից հետո Հարավային Կովկասի բոլոր 3 պետությունների վերաբերյալ միասնականացրին իրենց գնահատականները՝ իբրեւ մի տարածաշրջանի, որտեղ կայացած չեն ժողովրդավարական հաստատությունները: Թեեւ Հայաստանի իշխանավորները հույս ունեին, թե մեր հարեւանների ընտրություններն ավելի վատը կլինեն եւ մենք այդ ֆոնին կառանձնանանք շահեկանորեն: – Միջազգային հանրությունն առհասարակ չի սիրում մասնատել տարածաշրջանները եւ գնահատել առանձին-առանձին: Նրանք գնահատում են ընտրախախտումների մակարդակով, որ եղել են 3 երկրներում էլ: Չգիտեմ, թե ինչպիսին կլինեն դիտորդների վերջնական գնահատականները, բայց նրանք տեսնում էին զուտ ընտրական գործընթացի տարբերություններ: Ասենք, առաջադեմ էր համարվում Հայաստանում առկա հնարավորությունը, որ կարող ես դիմել դատարան եւ մասնակցել քվեարկությանը: – Միշտ չէ, որ միասնաբար են գնահատվում նույն տարածաշրջանի երկրները: Հիշեցնեմ, որ մինչեւ Հայաստանի վերջին տարիների ընտրությունները մեզ առանձնացնում էին՝ իբրեւ «ժողովրդավարության կղզյակի»: – Այդքան էլ այդպես չէր. ավելի շատ մեր իշխանություններն էին ասում, թե մենք ժողովրդավարության կղզյակ ենք: Եվ եթե դրսում որեւէ ազդանշան էին տալիս դրան՝ էլի մյուսներին հրելու համար, թե ո՞ւր եք այդքան հետ մնում, հավասարվե՛ք: Ադրբեջանում եւ Վրաստանում այժմ կատարվածից հետո շատ հնարավոր է, որ էլի լինեն նման ազդանշաններ, որից մեր իշխանությունը կարող է օգտվել եւ մեզ էլի դարձնել կղզյակ կամ գուցե նաեւ՝ կղզիաշար: – Վրաստանի ընտրական գործընթացներում էլ կային առավելություններ՝ ԿԸՀ նախագահի նշանակման անկախությունը պետական մարմիններից, ընտրակարուսելի դեմ ձեռնարկված միջոցառումները եւ այլն: – Այո, ցուցամատին ներկ էին քսում, որ նույն մարդը մեկ անգամից ավելի չկարողանա մասնակցել ընտրություններին: Բայց եթե պայմանավորված լինեին՝ կարող էր ոչ թե ցուցամատը ցույց տալ, այլ միջնամատը: Այսինքն՝ խախտումներ միշտ էլ կարող են լինել: Փոքրիկ լապտերներով ընտրատեղամասերում էին ստուգում, այնինչ շատ մեծ լուսարձակներով ուրիշ տեղերում՝ դրսո՛ւմ պիտի ճշտեին խախտումները: Ես եղել եմ Թբիլիսիի 6-րդ Սամգորիի շրջանի 20-26 տեղամասերում եւ ոչ մի խախտում չեմ տեսել, բացի ցուցակների համատարած անճշտությունից, որոնց վրա էր հիմնված մնացած խախտումների բուրգը: – Այլ տարբերություններ էլ մատնանշենք. Վրաստանի ընդդիմությունը կարողացավ միավորվել: Բայց որ ավելի կարեւոր է՝ ի տարբերություն Հայաստանի նախագահի, Էդուարդ Շեւարդնաձեն փորձում է բանակցել ընդդիմության առաջնորդների հետ՝ անկախ այդ բանակցությունների ՕԳԳ-ից: – Այդ բանակցություններից ոչինչ չստացվեց՝ խոսում էին տարբեր «լեզուներով», առաջադրում պայմաններ, որոնք չէր ընդունում մյուս կողմը: Բայց հարցն այդ չէ: Վրաստանի նախագահն ընդդիմության հետ հանդիպեց, քանի որ ստիպվա՛ծ էր: ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ այլ երկրներ արտաքուստ էին իրենց այնպես պահում, թե չեն ուզում խառնվել եւ Վրաստանն ինքը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորի այդ ներքին խնդիրը: Խաղաղ ճանապարհի միակ ձեւն էլ բանակցություններն են: Շեւարդնաձեն ստիպված էր՝ նրա վիճակը այնուամենայնիվ մեր վիճակը չէր, իշխանությունը տապալման եզրին չէր: – Վրաստանի ԿԸՀ-ի մոտ երեկ 150 հոգի էին նստացույց անում՝ իշխանությունը տապալման եզրին է, իսկ Հայաստանի բազմահազար հանրահավաքների պարագայում վիճակն ա՞յլ էր: – Նրանց մոտ արդյունքներն ամփոփված չեն մինչեւ հիմա: Եվ այնքան քիչ են քվեների միջեւ տարբերությունները, որ կարող են փոխել պատկերը: Ուստի պարտադիր են Է. Շեւարդնաձեի հանդիպումները: – Հայտնի դարձավ Վրաստանի եւ ՀՀ նախագահների հեռախոսազրույցի մասին, նաեւ անակնկալ այստեղ հայտնվեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեն: Կարծես միտում կա մեր երկիրը ե՞ւս դերակատար դարձնել այդ գործընթացներում: – Այո, նման անհանգստացնող փորձեր կան, որ կարծես թե Հայաստանին ուզում են ներքաշել այդ խաղերի մեջ: Բայց չեմ կարծում, թե մերոնք այդքան անհեռատես լինեն, որ մտնեն այդ ամենի մեջ: Սա այն դեպքը չէ: Խնդիրը գոնե մեզ համար ոչ թե Շեւարդնաձեին փրկելն է (ինչքա՞ն պիտի փրկեն նրան՝ ի վերջո, օրինական ճանապարհով մնաց եւս 1,5 տարի), այլ Վրաստանի կայունությունը: Այն կարող է եւ ապահովվել ընդդիմության միջոցով: Տարբերակներ կան՝ դրանցից որեւէ մեկը չեմ կարող համարել առաջնահերթ, բայց այսօր պիտի արվեն բոլո՛ր հաշվարկները: Մեր ղեկավարներն առավել տեղեկացված են եւ, եթե կայունության համար անհրաժեշտ է ինչ-որ քայլեր անել որպես հարեւան երկիր՝ պիտի՛ արվեն: Բայց շատ վտանգավոր կլինի, եթե նույնիսկ ուժային լուծումներով պահպանվի առկա վիճակը: Փողոցից ուղղակի կտեղափոխվեն խորհրդարան, բայց այն չի աշխատի: Խորհրդարանում կկատարվի այն, ինչ այժմ կատարվում է փողոցում, քանի որ նրանք չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ գրեթե հասել էին հաղթանակի եւ չեն հասել: Չգիտեմ, թե փողոցո՞ւմ կլուծվի հարցը, թե՞ խորհրդարանում, բայց երկու դեպքում էլ՝ դրությունը շատ լուրջ է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել