Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 15,2003 00:00

ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Դրանք մեկնաբանում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը – Փաստորեն, «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները ավարտվեցին միաժամանակ։ Ձեր գործընկերներից մեկը նույնիսկ համեմատություն անելով, այս երկու դատավարությունները նմանեցրեց սիամական երկվորյակների։ Մոտ 3 տարի առաջ, երբ սկսվեց «27»-ի դատավարությունը, հասարակությունը արդար դատ էր պահանջում։ Այժմ արդեն վերջն է։ Ի՞նչ սպասելիք ունեք դատարանից։ Արդյո՞ք հնարավոր համարում եք որեւէ անակնկալ։ – Որեւէ անակնկալ չի եղել եւ չի լինի։ 3 տարի շարունակ հետեւելով նախաքննության եւ դատավարության ընթացքին, իշխանությունների գործելակերպին, իշխանական քարոզչամեքենայի գնահատականներին, եկել ենք այն եզրակացության, որ այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դժվար թե ամբողջովին բացահայտվի։ Բոլորս լավ հիշում ենք, որ «27»-ից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե այս 5-ն են եւ չկան կազմակերպիչներ, թե 5 ուռած թմրամոլներ մտել են ԱԺ եւ կրակել։ Եթե համեմատենք Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, ապա Տիգրանի սպանությունից հետո իշխանությունները հայտարարեցին, որ այդ սպանությունը քաղաքական է, կան կազմակերպիչներ եւ նրանց պիտի փնտրել ընդդիմության մեջ։ Մեր գնահատմամբ, համապատասխան ծառայությունները սա ընդունեցին որպես օրվա իշխանության հրահանգ եւ փորձեցին «ուչաստկովիի» մակարդակով սարքել այդ գործերը։ «27»-ի դատավարությունը չկատարեց իր առաքելությունը։ Այն չցրեց հասարակության մեջ եղած կասկածները կազմակերպիչների մասով, այլ ավելի խորացրեց այդ կասկածները։ Մեր փաստաբանները հիմնավորապես հաստատեցին, որ հանցագործությունը հստակ հետապնդել է քաղաքական նպատակ, եղել է պլանավորված եւ ունեցել է կազմակերպիչներ։ Արմեն Սարգսյանի դատավարության ընթացքում մեղադրողները որեւէ կերպ չհիմնավորեցին Արմեն Սարգսյանի՝ պատվիրատու լինելու հանգամանքը։ Երկու դատավարություններն էլ ավարտված են եւ մենք սպասում ենք դատավճիռներին։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի վճիռ կկայացնեն դատավորները, դրանք լինելու են քաղաքական որոշումներ։ Մենք գտնում ենք, որ երկու հանցագործություններն էլ բացահայտված չեն եւ կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել այս փուլում։ – Շարունակ շեշտվում է, որ ոճրագործներին երաշխիքներ է տրված եւ որպես երաշխիքներից մեկը, նշվում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս չի ստորագրել «Քրեական օրենսգրքի» համապատասխան փոփոխությունների մասին օրենքը։ Սակայն ինչու բացառել, որ Սամվել Ուզունյանը կարող է խորհրդակցական սենյակում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ վերոհիշյալ օրենքը ուժի մեջ չի մտել։ Եթե այդպես լինի, ի՞նչ է ասվելու այն ժամանակ։ – Նախ մենք չգիտենք, թե ինչպիսի վճիռ է կայացնելու դատարանը։ Մենք գտնում ենք, որ այս երկու պրոցեսներն ուղղորդվել են մեկ կենտրոնից։ Ամենայն հավանականությամբ՝ նախագահի նստավայրից, որովհետեւ արվեց այն, ինչ սպասելի էր, ինչ ենթադրում էինք։ Ոճրագործը իր ելույթում շեշտեց, որ ինքը հնարավորություն է ընձեռել նախագահին՝ լիարժեք աշխատել վերջին երեք տարիներին։ Այս նույն գնահատականները տալիս են իշխանությունները, իսկ նախագահը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ինքը լիարժեք հնարավորություն է ունեցել աշխատել վերջին երեք տարիներին, եւ տնտեսական աճն ու առաջընթացը դրա ապացույցն է։ Մենք կարծում ենք, որ Արմեն Սարգսյանի դատավճիռը ավելի շուտ կլինի, քան «27»-ի ոճրագործների դատավճիռը։ Արմեն Սարգսյանին կալանավորելն ու դատապարտելը նշանակություն ունի իշխանությունների համար՝ որպես լրացուցիչ երաշխիք ոճրագործներին։ Ինչ վերաբերում է օրենքի ստորագրմանը, ապա շատ ավելի հավանական է, որ դատավճիռը ավելի շուտ կհրապարակվի, քան Ռոբերտ Քոչարյանը կվավերացնի այդ փոփոխությունները։ Ըստ էության, դատարանը չկատարեց իր առաքելությունը։ Հայաստանում արդարադատությունը չիրականացվեց։ Այս դատավարությունները եւս մի սեւ բիծ թողեցին Հայաստանի պատմության մեջ։ – Մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել՝ դատավճիռները փոխվում են իրադրության փոփոխության հետեւանքով։ Այս դեպքում ի՞նչ է սպասվում։ – Մեր մոտեցումը հետեւյալն է՝ ցանկացած կարգի դատական գործ ոչ թե քաղաքական փոփոխությունների արդյունքում պետք է վերանայվի, այլ պետք է կրկին սկսել դատավարությունը եւ իրավական ճանապարհով արդարացնել կամ մեղադրել։ «27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները վերանայման կարիք ունեն։ Մենք գտնում ենք, որ այդ գործով նոր դատաքննություններ են սկսվելու։ Սրանք եղել են քաղաքական հարթության վրա եւ դատարանների վճիռը լինելու է քաղաքական։ Իշխանափոխությունից հետո, այո, պետք է նորից սկսվեն դատաքննությունները։ Այդ պատճառով ենք մենք անընդհատ հայտարարում, որ քանի դեռ գոյություն ունի ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբը, երբեք հնարավոր չէ խնդիրները լուծել իրավական հարթության մեջ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել