Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԱՄԿԱՆ ՕՐԸ ՀՌԱՀ-ՈՒՄ

Հունվար 11,2004 00:00

Փետրվարի
14-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կազդարարի 100,6 եւ 100,1
կապուղիներով ռադիոհաղորդումներ հեռարձակելու համար մրցույթների հաղթողներին: Վերջին
երկու տարիներին ձեւավոր ված ավանդույթի համաձայն՝ մրցութային առաջարկները ներկայացվեցին
ամանորի նախօրեին, երբ տպագիր մամուլն արդեն արձակուրդում էր: Հիշեցնենք, որ այս
երկու հաճախականությունների համար հայտ է ներկայացրել «Համագործակցություն հանուն
ժողովրդավարության» կենտրոնը, որը մրցութային առաջարկում նշել է, թե իր լրատվական
հաղորդումների մի մասը պատրաստելու է «Այբ-ֆե» գործակալությունը: Դեկտեմբերի
27-ին առաջինն իր փաթեթը ներկայացրեց 100,6 հաճախականության հավակնորդ «Ռադիո Ավրորա»
ընկերությունը: Ըստ ներկայացված առաջարկի՝ «Ռադիո Ավրորան» խոստանում է ապահովել
շուրջօրյա եթեր, որում հայրենական հաղորդումները կկազմեն 66 տոկոս, դրանցից 7,3 տոկոսը՝
լրատվական հաղորդումներ, իսկ 48 տոկոսը՝ երաժշտական-ժամանցային ծրագրեր: Համեմատության
համար նշենք, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը խոստանում
է 24-ժամյա եթերում ապահովել 80 տոկոս հայրենական հաղորդումներ, որոնցից 30 տոկոսը՝
լրատվական: Դրանց գումարվելու են նաեւ 20 տոկոս վերահեռարձակվող հաղորդումները, որոնք
տրամադրելու է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Իսկ «Ավտոռադիո» ընկերությունը, որը կենտրոնի
մրցակիցն է 101,1 կապուղով հաղորդումներ հեռարձակելու մրցապայքարում՝ խոստացավ ապահովել
18 ժամ հաղորդումներ, հայրենական հաղորդումների օրենքով նախատեսված նվազագույն ծավալը,
որից 7 տոկոսը՝ լրատվական հաղորդումներ: «Ավտոռադիոյի» այսպես ասած՝ թիրախ-լսարանը
պատանիներն ու երիտասարդներն են: Իսկ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
կենտրոնի եթերի հիմնական ուղղվածությունը լինելու է հասարակական կյանքի լուսաբանումը:
Մրցույթի 3 մասնակիցներն էլ խոստացան կիրառել RDS համակարգը, որը հնարավորություն
է ընձեռում տեքստային տեղեկատվություն փոխանցել ռադիոընդունիչի էկրանին, նաեւ ապահովել
ինտերնետային հեռարձակում: Եվս մի ընդհանրություն՝ «Ռադիո Ավրորան» ու «Համագործակցություն
հանուն ժողովրդավարության» կենտրոնը խոստացան, թե ընկերությունների հիմնադիրներն
են ներդնելու իրենց սեփական միջոցները: «Ավրորայի» պարագայում խոսքը 40 հազար դոլարի
մասին էր, որը տրամադրվելու է բանկային անձնական հաշիվներից: Իսկ «Համագործակցություն
հանուն ժողովրդավարության» կենտրոնը, որն արդեն իսկ ունի 3 տաղավարների ու ձայնագրման,
մոնտաժային, եթերային 4 ստուդիաների կահավորման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա՝
հետագա զարգացման համար մտադիր է ներդնել 30 հազար դոլարին համարժեք դրամ: Հայտարարվեց,
թե այն հատկացվելու է դարձյալ անձնական միջոցներից: Սակայն ՀՌԱՀ անդամ Վահագն Ավագյանն
անմիջապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փաթեթում չկան այդ ներդրումներն ամրագրող փաստաթղթեր:
Կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը պատրաստակամություն հայտնեց այդ գումարը բերել
ու ցույց տալ, որ ավելի համոզիչ լինի: Ի դեպ, սա միակ հարցն էր, որ ՀՌԱՀ անդամներն
ուղղեցին մրցույթի մասնակիցներին: «Ռադիո Ավրորան» խոստացավ, թե եթեր է հեռարձակելու
«նախադեպը չունեցող» լրատվական ծրագիր՝ «Ծանր օրվա երեկո» (ներկաների մեջ կային նաեւ
բիթլոմաններ, որոնք անմիջապես սկսեցին կամացուկ երգել «Hard day’s night»-ը՝ աշխուժացնելով
ՀՌԱՀ միապաղաղ նիստը): Սակայն «Ավրորայի» ներկայացուցիչները խոստացան, թե իրենց «Ծանր
օրվա երեկոյի» ընթացքում ունկնդիրներին տեղեկացնելու են օրվա ընթացքում տեղի ունեցած
դեպքերի եւ արտակարգ պատահարների մասին: Ներկաները մեկ էլ աշխուժացան, երբ «Ավրորայի»
ներկայացուցիչները խոստացան կիրառել այնպիսի տեխնիկական սարքավորումներ, որոնք ավելի
գեղեցիկ ու թավշյա կդարձնեն ձայները եւ թույլ կտան լուծել «ս» տառի հնչեղության խնդիրը:
«Բա «փ» տառի հնչեղությո՞ւնը»,- տեղից հետաքրքրվեցին իրազեկները: Ուշագրավ էր նաեւ
«Ավրորայի» մրցութային առաջարկի հետեւյալ բաժինը. «Մենք անթույլատրելի ենք համարում
առանց որեւէ մեկի գիտության՝ կողմնակի անձանց մուտքը ռադիոկայանի տարածք: «Ռադիո
Ավրորա» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ձեռք կառնվեն մի շարք հատուկ միջոցներ կողմնակի
անձանց մուտքը եւ անթույլատրելի թափանցումը եթեր կանխելու համար»: … ՀՌԱՀ
նիստին ներկաներից ոմանք, որ 8-րդ կամ 9-րդ անգամ էին ներկա լինում նման քննարկումներին,
հուսալով, թե «Ա1+»-ն ինչ-որ ձեւով կստանա կապուղի՝ խոստովանեցին, թե «դե-ժավյու»-ի
զգացողություն են ապրում, որ այս ամենն արդեն եղել է եւ կարծես ներկա լինեն «Արջամկան
օրը» կինոնկարի նկարահանումներին, որտեղ անընդհատ կրկնվում է նույն օրը՝ նույն կանխատեսելի
ավարտով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել