Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ

Փետրվար 04,2004 00:00

Պատգամավորները
գնահատում են առաջին նախագահի հրաժարականից հետո մեր երկրի անցած ուղին
Երեկ լրացավ ՀՀ առաջին նախագահի հրաժարականի վեց տարին։ Բնական է, որ քաղաքական ուժերի գնահատականներն այդ իրադարձությանը խիստ հակասական են։ Մի մասը չի թաքցնում բավարարվածությունն այդ կապակցությամբ, մյուս մասը փորձում է օբյեկտիվ քննել իրավիճակը հրաժարականից առաջ եւ հետո։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը գտնում է, որ Ղարաբաղի հարցում եթե վատ բան չի եղել, դա արդեն դրական է. «նոր իշխանությունների օրոք մոտեցումն այն էր, որ փուլային տարբերակը բացառվի եւ ընտրվի ավելի շուտ փաթեթային տարբերակը։ Ես կարծում եմ, որ քիուեսթյան տարբերակը մեզ համար ավելի բարենպաստ է, քան Լիսաբոնում, քան՝ Կոպենհագենում։ Եվ կարծում եմ, արցախյան հիմնահարցում սա բավականին առաջխաղացում է։ Այսօր էլ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, մանավանդ միջազգային ատյաններում, ոչ ոք չի պատկերացնում, որ հարցը շուտափույթ լուծման խնդիր է։ Կարծում եմ, այս իրավիճակում, անցած վեց տարիների ընթացքում մեր կողմից զիջումներ չեն եղել։ Օրըստօրե Արցախում մեր տնտեսությունը ավելի է ամրապնդվում, ներդրումներ են կատարվում, ճանապարհներ են կառուցվում, պաշտպանական դիրքերն են ամրանում։ Սա, կարծում եմ, մեզ համար ձեռքբերում է»։ Հրայր Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո անցած ժամանակահատվածի համար որպես ձեռքբերում նշեց նաեւ հետեւյալը. «Անցած տարիների հետ համեմատած այսօր չկան փակված կուսակցություններ։ Դրանք ազատորեն գործում են Հայաստանում։ Նույնը կարելի է ասել ժողովրդավարության բոլոր ասպարեզների մասին, հանգրվաններով ժողովրդավարությունը հաստատվում է երկրում, ԵԽ-ի անդամ ենք դարձել»։ Այսինքն՝ Հայաստանի համար դրակա՞ն երեւույթ էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ մեր այդ հարցին Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Եթե ես ձեռքբերումները շեշտում եմ, ուրեմն նաեւ հենց ենթատեքստում ասում եմ, թե ինչո՞ւ այդ ձեռքբերումները չկային դրանից առաջ։ Հնարավոր է, օբյեկտիվ պատճառներ կային, որ այդ ձեռքբերումները չեն եղել, բայց, կարծում եմ, նաեւ սուբյեկտիվ պատճառներ կային»։ Սուբյեկտիվ պատճառների մեջ Հրայր Կարապետյանը նշեց Սփյուռքի եւ Հայաստանի տարանջատման փաստը. «հիշեք նրա հայտնի արտահայտությունը նարինջ ուտողների մասին։ Եվ այս իշխանությունների մեծագույն առավելություններից մեկն էլ այն է, որ կարողացավ միավորել հայությանը»։

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ավելի ճիշտ է համարում, որ յուրաքանչյուր նախագահ հնարավորություն ունենա ղեկավարել օրենքով սահմանված ժամկետում. «ընդհանրապես հրաժարականները չեն կարող լավ երեւույթ դիտվել։ Իհարկե, ցանկալի է, որ միշտ յուրաքանչյուր նախագահ ավարտի իր լիազորությունների ժամկետը, հետո հեռանա։ Բայց մեկ հանգամանք կա, որ, կարծում եմ, դրական գնահատականի արժանի է։ Երբ առաջացավ լուրջ խնդիր եւ շատ լուրջ տարաձայնություններ, լուծումը եւ լուծման ընթացքը կարելի է դրական գնահատել, որովհետեւ չառաջացրին ճգնաժամ երկրում։ Ամեն ինչ լուծվեց հանգիստ, սահմանադրական ճանապարհով։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա մեկ բան ակնհայտ է։ Այն ժամանակ շատ էին պնդումները, որ հարցը պետք է լուծվի արագորեն։ Կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէր։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղի խնդրի լուծման վրա այդ հրաժարականը դրականորեն ծառայեց»։

Պատգամավոր Մանուկ Գասպարյանը հակառակ կարծիքին է. «Ռ. Քոչարյանը Ղարաբաղը տվեց վեց տարի առաջ»։ Պատգամավորն այն կարծիքին է, որ եթե վեց տարի առաջ Ղարաբաղը մերն էր եւ ազատ, այսօր այն «միջազգային փաստաթղթեր է մտել որպես գրավյալ տարածք»։ Մանուկ Գասպարյանը հույս ուներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո երկրի վիճակը կլավանա, «կլանի, մոնոպոլիայի հարցը կկարգավորվի, սակայն վեց տարի առաջ գործում էր 7-8 կլան, այսօր՝ մեկ կլան՝ ղարաբաղյան կլանը։ Եթե վեց տարի առաջ կերակրամանից ավելի շատ մարդ էր օգտվում, այսօր օգտվում է միայն ղարաբաղյան կլանը»։ Ըստ Մանուկ Գասպարյանի՝ «եթե Լեւոնը մնար՝ ավելի ճիշտ կլիներ, քան երբ եկավ էս անփորձ մարդը։ Եթե Լեւոնի ժամանակ կոտրվել էր մեկ կուսակցություն, այսօր հանրապետությունում չկա մեկ կուսակցություն, որ պառակտված չլինի։ Իշխանամետ թե ընդդիմություն, բոլորը հատ-հատ ջախջախվել են, ճյուղ առ ճյուղ Քոչարյանը ջարդել է եւ կարողացել է դառնալ երկրի միանձնյա ղեկավար։ Արդեն 3-4 ամիս է, իմ համոզմամբ, Սերժ Սարգսյանը երկրի խնդիրների լուծման որեւէ վճռական փուլի մասնակցություն չունի, նա հիմա դարձել է միայն Ռ. Քոչարյանի հանձնարարությունները կատարողը»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել