Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցական անհեթեթություն»

Փետրվար 06,2004 00:00

Այդպես է բնութագրել ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «էթնիկ բանակցություններ» բնորոշումը

«Դա անհեթեթություն է եւ այն էլ միայն դաշնակցականին հատկանշական: Քաղաքականության մեջ այդպիսի հասկացություն կամ տերմին չկա: Այնուամենայնիվ, միանգամայն բացատրելի է այդ բառակապակցության ակունքն ու էությունը: Դրա հեղինակը, որպես հայ-թուրք մշտական կռվի գաղափարախոսական դոգմայի հետեւորդ, ձգտում է Հայաստան-Ադրբեջան միջպետական առնչությունները միջէթնիկական հարաբերությունների ոլորտ ներքաշել»,- մեր խնդրանքով մեկնաբանելով Վահան Հովհաննիսյանի կողմից Քոչարյան-Ալիեւ հանդիպումների «էթնիկ բանակցություններ» որակումը, ասաց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը: Մեկ այլ դաշնակցական՝ Արմեն Ռուստամյանը վերջերս պնդեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «փչացվել» է դեռ 1992-ին, Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի անդամ դառնալու ժամանակ: Այս կապակցությամբ Ե. Աբգարյանն ասաց. «Այդ «հայտնագործության» իսկական հեղինակը Օսկանյանն է, եւ այն՝ ինչ ներելի է պատգամավորին, աններելի է Օսկանյանի պարագայում: ՄԱԿ-ը խորհրդային հանրապետություններին է ընդունել իր կազմում: Եվ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցելու դիմումին կից չէր կարող մի այլ հանրապետության նկատմամբ վերապահումներ ներկայացնել, որովհետեւ հակամարտության կարգավորման միակ հիմնավոր ուղին տեսնելով ՄԱԿ-ի Հռչակագրի համապատասխան դրույթի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում, մերժում էր այդ հակամարտությանը տալ մեզ համար աննպաստ տարածքային վեճի բնույթ: Ըստ այդմ էլ, Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, եթե Ադրբեջանը ճանաչեր ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը»: Նույն գործիչների կողմից վերջերս շրջանառության մեջ է դրվել մի ուրիշ պնդում, թե «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը օգտագործվել է դեռեւս 1996թ. Լիսաբոնում: Մեր այդ հարցին ի պատասխան, պարոն Աբգարյանը հակադարձեց. «Դա բացահայտ ապատեղեկատվություն է: Լիսաբոնի գագաթաժողովի ընդունած ոչ մի փաստաթղթում այդպիսի արտահայտություն չկա»:

Անդրադառնալով ընդդիմության միավորման մասին մեր հարցին, նա կարծիք հայտնեց, որ «դրա պահանջն այսօր իրոք կա: Եթե ընդդիմադիր ուժերը պայմանավորվածության չգան մեն-միակ՝ իշխանափոխության հարցի վերաբերյալ, ապա նրանց միավորման այլ հիմքերը բացակայում են: Ներկա խորհրդարանական ընդդիմությունը, որը հավակնում է գլխավորել հակաքոչարյանական ճամբարը, մեծ մասամբ կազմված է այնպիսի ուժերից, որոնց Մոսկվայի կամ Դրյուկովի միջոցով ղեկավարում են Քոչարյանն ու Ս. Սարգսյանը: Բացի այդ, երկրի առջեւ կանգնած ղարաբաղյան հակամարտության, հայ-ռուսական հարաբերությունների վերանայման եւ տնտեսական քաղաքականության ռազմավարական հարցերում ես տարբերություն չեմ տեսնում նրանց ու Քոչարյանի միջեւ: Կարեւոր է նաեւ նշել, որ իրենց հակաքոչարյանական ներկայացնող գործիչների մեծ մասը, ՀՀՇ-ի դեմ իր մշտական հարձակումներով, փաստորեն վեց տարի շարունակ ջուր է լցնում Քոչարյանի ջրաղացին: Նրանց գաղափարախոսական տարտամությունն ու երկրի առջեւ ծառացած իրական մարտահրավերների հաղթահարման ուղիները չտեսնելը եւս կասկածի տակ են դնում նրանց՝ իշխանությունը փոխելու ձգտումը: 1998-ի պետական հեղաշրջումը ողջունող եւ ռայկոմաշուկայական համաձուլվածքի տղերքի վրա հույս դնելն անմտություն է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել