Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 21,2004 00:00

Երեկ
«Արմատ» կենտրոնի նախագահ Բաբկեն Արարքցյանն այսպես բնութագրեց Հայաստանի
ներկայիս կարգավիճակը
Հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում, պրն Արարքցյանը նշեց. «1998-ից հետո Շարժման գաղափարներն ու նվաճումները աղավաղված են մատուցվել հասարակությանը (նա նկատի ուներ, մասնավորապես, պատմության բուհական եւ դպրոցական դասագրքերը.- Ն. Գ.)։ Իսկ թույլ տրված սխալներն ու թերացումները այնքան են խորացվել, որ «էլ տեղ չկա»։

Բանախոսն արձանագրեց, որ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ ստեղծված աննախադեպ առավելագույն խզումը՝ անտագոնիզմի է վերածվում։ Իշխանությունը մեկ-եկու անձի ձեռքում է, չի գործում իշխանության տարանջատման սկզբունքը, բոլոր հարցերը լուծվում են նպատակահարմարության եւ օգտակարության համատեքստում, ժողովուրդը վախի, տագնապի մեջ է։ Բ. Արարքցյանը թվարկեց նաեւ այդպիսի պետության հատկանիշները՝ անհանդուրժող հարեւանների նկատմամբ, պահանջատեր, ինքնամեկուսացող։ «Այդպիսի պետությունը դատապարտված է ճահճացման»,- եզրակացրեց ՄԱԱ հյուրը։

Լրագրողների դիտարկումներին, որ այդ ամենը ՀՀՇ-ի իշխանության ժառանգությունն է, Բ. Արարքցյանը պատասխանեց. «Ընդունենք դա ճիշտ է։ Վեց տարի առաջ մենք հրաժարվեցինք իշխանությունից՝ թող ուղղվեին։ Ժամանակին լավ ապրելու մասին հարց հնչեցնող այսօրվա նախարարը թող պատասխանի՝ երբ ենք լավ ապրելու։ Մենք «հանցավոր ռեժիմ» ենք եղել՝ հեռացել ենք, մինչեւ ե՞րբ արձագանքները պիտի գան»։

Բ. Արարքցյանը եւս իրավիճակից ելքը տեսնում է համակարգի փոփոխությամբ։ Դրա համար անհրաժեշտ երկու պայմանները՝ քաղաքական ուժ հստակ ծրագրով եւ լիդերներ, որոնք պատասխանատվություն կստանձնեն, Բ. Արարքցյանը ներկայիս ընդդիմադիր դաշտում չի տեսնում։ Իսկ, արդյոք, ՀՀՇ-ն պատրաստվո՞ւմ է ապաշխարհել, որպեսզի գործող քաղաքական ուժերը համագործակցության ձեռք մեկնեն. «Նայած որտեղ են համագործակցում։ Սահմանադրական կարգի վերականգնման համար համագործակցելը չի նշանակում, որ պետք է հաշտեցնել գաղափարախոսությունները։ Իհարկե, եթե գործ ես անում, կլինեն սխալներ եւ թերացումներ, բայց ոչ մի ապաշխարհանքի հարց չկա։ Մենք ունեցել ենք հատուկ ծրագիր, որն իրականացրել ենք։ Ինչի՞ համար ապաշխարհենք՝ Հայաստանի անկախությա՞ն, ԼՂՀ-ի ազատագրման, թե՞ տնտեսական ռեֆորմների»,- ասաց բանախոսը։

Վստահության հանրաքվեի առիթով Բ. Արարքցյանը գտնում է. ՍԴ-ն պիտի ընդունի միայն իրավական որոշումներ. «չգիտեմ ինչպես բնութագրեմ ՍԴ գործունեության այդ կետը, որը իրավական հիմք չունի։ Բայց եթե ՍԴ-ն այդ որոշումն ընդունել է՝ դատարանի որոշումները մեկնաբանության ենթակա չեն, պետք է կատարվեն։ ՍԴ-ի հարցը պետք է դնել։ Այդ հարց է, թե այդ հանրաքվեի արդյունքում ինչ կստացվի, բայց գոնե դա բարոյական չափանիշ կլինի, ժողովուրդը կհասկանա եւ իշխանություններն էլ, միգուցե, կգիտակցեն, թե ինչ վստահության քվե իրենք ունեն»։ Այնպես որ, ըստ Բ. Արարքցյանի, ընդդիմությունը գոնե այս հարցում պետք է հետեւողական լինի։

Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին. «Այդ հարցը լուծված է, երբ 99-ին Ռ. Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի խարտիան, որի 16 եւ 19-րդ կետերն են, որ հարցը լուծված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Բացի այդ խարտիայից դա հայտարարել են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը՝ Բուշը եւ Պուտինը պետերբուրգյան համատեղ հայտարարությամբ, Պուտինը եւ ՌԴ ԱԳ նախարար Իվանովը՝ Երեւանում, որի համար էլ վերջինս արժանացավ ԵՊՏ ոսկե մեդալին եւ այլն։ Հարցը մնում է ձեւակերպման, որի համար պետք է ստեղծվի ինչ-որ մթնոլորտ»։ Սակայն, հարցի ձգձգումը, ըստ Բ. Արարքցյանի՝ ձեռնտու է իշխանություններին, դրա համար էլ այսօր առավել ծայրահեղական հարցեր են հնչում։ Իսկ միջազգային կազմակերպությունները ճնշում չեն գործադրի. «Բոլոր հարցերը, որոնք պետք էր աշխարհին այս տարածաշրջանում՝ լուծված են։ Հայաստանը վերածվել է ռուսական զինվորական հենակետի, որը չի կարող ազդեցություն թողնել։ Ադրբեջանն էլ հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում, դրա համար էլ շտապողականություն չի ցուցաբերի։ Մնում է, թե այդ ժամանակի ընթացքում Հայաստանն ինչ վիճակի կգա՝ շատ լավ տեսնում ենք այսօրվա վիճակը եւ թե ինչի կտանի դա։ Վերջին վեց տարում Հայաստանում տեղի են ունեցել անհակադարձելի պրոցեսներ՝ հիմնական տնտեսական լծակները տրվեցին այլ պետության, որոնք է՛լ չենք կարող ետ բերել։ Իսկ ԼՂՀ հարցը վերածվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի։ Սա է վտանգավորը»,- ասում է Բ. Արարքցյանը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել