Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐԸ ԳՈՐԳԻՑ ԿԿԱՐԵՎՈՐՎԻ

Մարտ 03,2004 00:00

«Զինուժն ընդդեմ ազգագրության» հոդվածից հետո խմբագրություն եկավ Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի նորաստեղծ Հայոց զինուժի եւ ռազմարվեստի պատմության բաժնի պետ Ստեփան Ղարիբջանյանը:

Նա ներկայացրեց իրենց թանգարանը վերապրոֆիլավորելու անհրաժեշտությունը: Փորձեց հիմնավորել, որ այսօր վերջապես եկել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հավուր պատշաճի ներկայացնելու պահը: Ըստ բաժնի պետի, պատահական չի ընտրված նաեւ թանգարանի վայրը՝ Սարդարապատի հերոսամարտի տեղում: Պրն Ղարիբջանյանը փաստեց, որ «խորհրդային տարիներին Մոսկվան չէր կարող հանդուրժել նման թանգարանի գոյությունը ու շատերը՝ այդ թվում նաեւ Հոկտեմբերյանի շրջկոմի 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, գուցե ձերբակալվեին, եթե չլիներ մարշալ Բաղրամյանի միջամտությունը: Հետեւաբար թանգարանն անվանել են ոչ թե ազգային-ազատագրական պայքարի պատմության, այլ Ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պատմության թանգարան»:

Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է այդ դեպքում կոլեկտիվն ընդդիմանում թանգարանի «ռազմականացմանը» եւ նամակներ պատրաստում՝ մշակույթի նախարարությանն ու կառավարությանն ուղղված: «Որովհետեւ նրանք այդ գաղափարի մեջ թանգարանի ազգագրության հատվածի փոշիացում են տեսնում»,- ասաց պրն Ղարիբջանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում հնարավոր է թանգարանի ազգագրության մասնաբաժինն անցնի մշակույթի նախարարության համակարգ: Կլինեն ցուցանմուշների փոխանակումներ թանգարանների միջեւ: Ս. Ղարիբջանյանն ասաց, որ նույնիսկ այս պահին Հայոց զինուժի եւ ռազմարվեստի պատմության բաժինը ցուցադրելու «բավականին նյութ» ունի: Թե ինչքան՝ չկարողացավ մտաբերել: «Ես 4 ամիս է աշխատում եմ թանգարանում եւ դեռ չգիտեմ՝ ինչ եմ ժառանգել»,- ի պատասխան ասաց նա: «Չէ՞ որ կոլեկտիվը մասնագիտացած է այլ հավաքածուներ ուսումնասիրելու ու ներկայացնելու ուղղությամբ»՝ «Առավոտի» հարցի առնչությամբ էլ պրն Ղարիբջանյանն ասաց. «Ոչինչ, նրանք էլ կվերապրոֆիլավորվեն: Կարեւորն այն է, որ վերջապես թանգարանը կծառայի նպատակին, ինչին կոչված էր ի սկզբանե»:

Ըստ թանգարանի նոր ղեկավարության, հայ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու եւ հայ ժողովրդի հարուստ մարտական ավանդույթները քարոզելու նպատակով թանգարանում նախատեսված է ներկայացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը Ուրարտուից մինչեւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը: Կցուցադրվեն ոչ միայն փաստաթղթեր, այլեւ զանազան զինատեսակների մանրակերտեր: Ըստ պրն Ղարիբջանյանի, «ավելի լավ է մի հատ Անդրանիկի թուր ցուցադրվի, քան 7 հատ գորգ»:

Ի դեպ, կրկին գորգերի մասին: Դրանց փոքր մասը կցուցադրվի ազգագրության բաժնում, մյուսները կպահպանվեն պահոցներում: Եվ այսպես՝ ավելի շատ զարկ կտրվի զինուժին: Մանավանդ թանգարանն արդեն ունի զորամասի կարգավիճակ, իսկ աշխատակիցները՝ զինծառայողների:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել