Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ «ԿՈՒԿՈՒ»-ՆԵՐԻ ԴԵՄ

Մարտ 24,2004 00:00

ՕՐԵՆՔ «ԿՈՒԿՈՒ»-ՆԵՐԻ ԴԵՄ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» պատգամավորները շրջանառության մեջ են դրել թիկնազորային գործունեությունը համակարգող օրենքների նախագծերի փաթեթ: Փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, թե այս ոլորտում «օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել նմանատիպ գործունեության նկատմամբ, ինչը պրակտիկայում հանգեցնում է մի շարք բացասական երեւույթների»: Ճշգրիտ դիտարկում է՝ եթե վերհիշենք Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծելով մարդ սպանելը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահի կողմից իրականացված սպանությունը եւ նման դեպքերը, որոնք էլ անհրաժեշտ դարձրին այս օրենքը: Սակայն խնդիրն այն է, որ «Թիկնազորային գործունեության մասին» օրինագծի հենց 2-րդ հոդվածով սահմանվում է, թե այն չի տարածվում «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պահպանության իրականացման հարաբերությունների վրա»: Այսինքն՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի եւ այլ բարձրաստիճանների թիկնապահների գործունեությունը շարունակելու է մնալ օրենքով չկարգավորված: Ներքոշարադրյալ դրույթները վերաբերելու են միայն գործարարների կամ զանազան միջին ու մանր պաշտոնյաների թիկնազորին: Օրինագծի մեխն է, որ թիկնազորային գործունեությունն այսուհետեւ պիտի արտոնագրվի, եւ թիկնապահ աշխատելու համար պետք է անցնել այս օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն: Արտոնագրերը պիտի 3 տարով տրամադրի ՀՀ ոստիկանության պետական կառավարման լիազոր մարմինը, որը նաեւ պիտի հսկողություն իրականացնի արտոնագրի պայմանները եւ պահանջները պատշաճ կատարելու նկատմամբ: Ըստ օրենքի նախագծի՝ արտոնագրեր չեն տրամադրվում զինծառայությունից խուսափած, բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման կանգնած, դիտավորյալ հանցագործության համար դատապարտված, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ պետական եւ այլ հատուկ ծառայություններից «բացասական հիմքով» ազատված քաղաքացիներին: Անդրադառնանք բուն թիկնազորային գործունեության համար օրինագծով նախատեսվող դրույթներին: Սահմանվում է, որ այս ծառայությունները մատուցելիս կարող է գործադրվել «ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ»: Թիկնապահն ու պահապանն օրենքի 13 հոդվածի համաձայն՝ իրավունք ունեն «ֆիզիկական անձանցից պահանջել իրենց օրինական պահանջների կատարում», «իրականացնել քաղաքացիների անձնական զննություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում», նաեւ տրանսպորտային միջոցների զննում, վնասազերծել ոտնձգություն կատարած անձին՝ մի խոսքով, այն ամենը, ինչ նրանք այժմ էլ են անում, ուղղակի այս ամենը այսուհետեւ կօրինականացվի: Սակայն օրինագծով թիկնապահների համար նաեւ նախատեսվում են սահմանափակումներ: Ասենք, նրանց արգելվում է «թիկնազորային ծառայություններ մատուցել հանցագործություն կատարած պահպանվող անձին» կամ «կատարել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ոտնահարող, ինչպես նաեւ կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունն ու գույքը վտանգող գործողություններ»: Ֆիզիկական ուժ կամ զենք կիրառելիս թիկնապահը պարտավոր է՝ նախ «նախազգուշացնել դրանց կիրառման մտադրության մասին, ընդ որում, բավականաչափ ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժի գործադրման, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման ուշացումը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա կամ պահպանվող անձի կյանքի եւ առողջության համար կամ հանգեցնել այլ ծանր հետեւանքների»: Հետո պիտի ձգտի, որ վտանգը վերացնելիս պատճառված վնասը «լինի նվազագույն»: Եվ վերջապես՝ օրինագծի 16 հոդվածի համաձայն՝ պարտավոր է «մարմնական վնասվածք ստացած անձանց ապահովել մինչբուժական օգնությամբ եւ կատարվածի մասին անհապաղ տեղեկացնել բժշկական եւ իրավապահ մարմիններին»: Արգելվում է զենք կիրառել մարդկանց կուտակումների վայրերում, երբ կարող են վտանգի ենթարկվել կողմնակի անձինք: Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաեւ անչափահասների նկատմամբ: Սակայն այս բոլոր դրույթները մի վերապահում ունեն՝ «բացառությամբ նշված անձանց կողմից ֆիզիկական դիմադրություն ցույց տալու, պահապանի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող հարձակումը կանխելու դեպքերի»: Եվ թիկնապահը չի կարող հետապնդվել ու պատասխանատվության ենթարկվել «իր իրավասության սահմաններին համապատասխան իրականացրած գործողությունների համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել