Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ ՍՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Ապրիլ 01,2004 00:00

Ըստ կառավարության, Հայաստանում միջնակարգ կրթությամբ հագուստի մոդելավորողների կարիքն ավելի շատ է, քան անասնաբույժների:

Կառավարությունն իր վերջին նիստում հաստատել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետպատվերով տեղերը: Այս որոշումը մի քանի ուշագրավ հանգամանք է պարունակում: Մասնավորապես այն հետաքրքիր է դիտարկել որոշ մասնագիտությունների գծով սահմանված պետպատվերի նախապատվության, արդյունավետության եւ նպատակահարմարության տեսակետից: Ինչպես նաեւ այդ նախապատվությունները Հայաստանի տնտեսության զարգացման միտումների հետ համադրելու առումով: Ընդհանուր առմամբ «կՁձ»-ների համար այս տարի նախատեսված է շուրջ 2000 տեղ:

Ինչի վրա է պետությունը պատրաստվում ծախսել իր սուղ միջոցները: Պետպատվերով մասնագիտությունների հաստատված ցանկում կան այնպիսիք, որոնց ընդգրկվելն այդտեղ միանգամայն տրամաբանական է, որոնց մասնագետների կարիքը պետությունն ունի. օրինակ, հայոց եւ օտար լեզուներ, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, հաշվողական մեքենաներ, շենքերի եւ կառույցների շինարարություն եւ շահագործում, մանկաբարձություն, անասնաբուժություն եւ այլն: Պարզ է, որ, օրինակ, շինարարներն առաջիկա տարիներին ուղղակի անհրաժեշտ են Հայաստանին, քանի որ շինարարության ծավալները գնալով մեծանում են, եւ մասնավորապես անցած տարի արդեն իսկ շինարարների պակաս կար:

Պետք են նաեւ հաշվողական տեխնիկայի մասնագետները, քանի որ այդ ճյուղը գերակա է մեր տնտեսության համար: Սակայն հասկանալի չէ, թե ինչով է հիմնավորված այս ցանկում, ասենք, այնպիսի մասնագիտությունների ընդգրկումը, ինչպիսիք են հանրային սննդամթերքի, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի, հագուստի մոդելավորման եւ նախագծման, հյուրանոցներում եւ զբոսաշրջության համալիրներում սպասարկման կազմակերպման, վարսավիրական արվեստի, դիզայնի, մարքեթինգի գծով մասնագիտությունների ընդգրկվելը: Չէ՞ որ պետական համակարգում այս մասնագետների կարիքը չկա: Ուստի հարց է ծագում, թե ինչու պետք է պետբյուջեն սպասարկի մասնավոր հատվածի համար մասնագետներ պատրաստելու գործը: Դա հասկանալի կլիներ, եթե, օրինակ, նորաձեւության բնագավառում Երեւանը հավակներ Փարիզի այսօրվա դերին: Բայց սա հայերին առաջիկա դարում չի «սպառնում»:

Մասնավոր ֆաբրիկաները կամ հյուրանոցները, որոնք համապատասխան մասնագետների կարիք են զգում (եթե նրանց բավարարում է միջին մասնագիտական հաստատությունների մակարդակը) կարող են իրենք «գնել» այդ տեղերը, ֆինանսավորել, եւ հետո մասնագետ պահանջել ու աշխատանքի ընդունել: Սույնով՝ աշխատանքի տեղավորման խնդրի լուծման գործում իրենց լուման ներդրած կլինեն:

Այս որոշումը հետաքրքիր է նաեւ վերոհիշյալ մասնագիտությունների համար նախատեսված տեղերի քանակների համամասնությունների առումով: Կառավարությունը որոշել է, որ, օրինակ, հագուստի մոդելավորման մասնագետներն այս հանրապետությանը ավելի անհրաժեշտ են, քան անասնաբույժները եւ 4 անվճար տեղ ավելի է հատկացրել ապագա մոդելավորողներին: Երեւի ենթադրվում է, որ վատ հագնվելը ավելի վտանգավոր է, քան սիբիրախտը ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին հայտնաբերելը:

Որոշ դեպքերում էլ նախարարությունը (կառավարությունը) այնպիսի մասնագետների պահանջ է սահմանել սույն որոշմամբ, որ նրանց հետագա անհրաժեշտությունը առնվազն վիճելի է, ասենք, զանազան ոլորտների փորձագետներ: Ընդգծենք, խոսքը միջին եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական հաստատությունների պատրաստած մասնագետների մասին է:

Որոշման տեղեկանքը ծանուցում է, որ ներկայումս այդպիսի հաստատություններում մեկ սովորողի տարեկան ծախսը կազմում է 96.2–128.2 հազար դրամ: Այդ կարգի գումարները կարելի էր, հավանաբար, ավելի արդյունավետ ծախսել:

Որոշումը դեռեւս ուժի մեջ չի մտել:

ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. ԿԳ նախարարությունից այդպես էլ չպատասխանեցին, թե արդյոք
որոշման ցանկով նախատեսված բոլոր մասնագիտությունները պատրաստող միջին մասնագիտական
կրթական հաստատություններ Հայաստանում այսօր կա՞ն, թե՞ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել