Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՀԱՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ

Հունիս 08,2004 00:00

ԵՎՍ ՄԻ ՀԱՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ԱԺ պատգամավորները դուրս եկան Հակակոռուպցիոն պայքարի միջազգային ասպարեզ Կոռուպցիայի դեմ պայքարի ձեւերի շքերթին այսօր կմիանա եւս մեկը՝ ՀՀ Ազգային ժողովը այսօր կվավերացնի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան։ Այն ստորագրվել է 1999թ. հունվարի 27-ին Ստրասբուրգում, ուժի մեջ է 2000թ. հուլիսից։ Կոնվենցիային մինչ այսօր միացել է 25 պետություն։ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են քրեականացնել տեղացի եւ միջազգային պաշտոնյաների կողմից կատարվող ակտիվ եւ պասիվ կաշառակերության արարքները։ Նախատեսվում է քրեականացնել նաեւ առեւտրային կաշառքը, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքի ազդեցությամբ իրականացվող առեւտրային գործարքները, եկամուտների լվացումը, հաշվապահական ոլորտում կատարվող հանցագործությունները։ Այս կոնվենցիայի վավերացումը թույլ կտա կոռուպցիայի դեմ պայքար սկսած հայ հակակոռուպցիոներներին դուրս գալ «միջազգային» ասպարեզ եւ պայքարել ոչ միայն տեղական կաշառակերների, այլեւ «համապատասխան փաստական հանգամանքների առկայության դեպքում քրեական հետապնդում իրականացնել օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց նկատմամբ»։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այս կոնվենցիան երեկ ներկայացնում էր խորհրդարանի գրեթե կիսադատարկ դահլիճում։ Իրադարձությունների զարգացմանը միջանցքում հետեւող պատգամավորներից մեկը (ամենեւին էլ ոչ ընդդիմադիր), դառնությամբ նկատեց. «Իբր տեղական նշանակության ավազակներին վերացրինք, հիմա էլ միջազգային ասպարեզ ենք դուրս գալիս»։ Համազեկուցող Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը շատ կուզեր մեր քրեական օրենսգրքում պատժի ձեւ հատկացվեր նաեւ «կուսակցական կոռուպցիոներներին»։ Ըստ Համլետ Հարությունյանի՝ շատ կուսակցություններ եւ կուսակցությունների լիդերներ անհասկանալի փողեր են ստանում եւ անհասկանալի էլ ծախսում են. «Հայաստանում կոռուպցիայի մի նոր ձեւ է հայտնվել, դրան մենք ծանոթ ենք մամուլից, որ առանձին կուսակցություններ եւ կուսակցական լիդերներ կապ ունեն անհայտ փողերի հետ, լվանալու պատրվակով կամ՝ ընտրակաշառքներ բաժանելու համար։ Դժբախտաբար սա մեր օրենսգրքով չի դիտվում որպես կոռուպցիա, բայց իմ խորին համոզմամբ, դա ավելի վտանգավոր կոռուպցիա է, քան երբ այս կամ այն փոքրիկ կամ մեծ չինովնիկը կաշառքի ձեւով դա վերցնում է»։ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի քննարկման ժամանակ միակ հարց տվող պատգամավորը Մանուկ Գասպարյանն էր։ Վերջինիս հետաքրքրում էր՝ այս կոնվենցիայի վավերացմամբ «կաշառակերության դեմ պայքարը մեր երկրում սկսելո՞ւ է գործել եւ վերաբերելո՞ւ է նաեւ ամենաբարձր պաշտոնյաներին, թե՞ աշխատանքները կավարտվեն կոնվենցիայի հաստատումով։ Իսկ «կաշառակեր» կուսակցությունների մասին ակնարկը վերաբերում էր միայն ընդդիմադիր կուսակցությունների՞ն, թե՞ նաեւ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին»։ Համլետ Հարությունյանը իր հերթին ասաց, թե «մեր երկրի ամենաբարձր պաշտոնյաները մենք ենք», նկատի ունենալով երեւի իրեն եւ պատգամավորներին։ Ափսոս, որ այս խոսքերը հնչելու պահին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեռ դահլիճում չէր եւ ներս մտավ միայն երկու րոպե անց։ Ինչեւէ, պրն Հարությունյանն ասաց, որ կոռուպցիա ասվածը «ոչ թե պաշտոնին է վերաբերում, այլ՝ մարդու տեսակին։ Կոռուպցիան, իմ խորին համոզմամբ, ունի նաեւ մարդաբանական կառուցվածք»։ Եզրակացությունը խիստ տրամաբանական էր՝ միայն կոնվենցիաներ ընդունելով եւ պատժիչ օրգաններ ստեղծելով, կոռուպցիան, որպես երեւույթ, չի վերանա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Օրերս ստեղծված Հակակոռուպցիոն խորհրդի մասին մեր հարցին պատասխանելով, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Գտնվեց օպտիմալ տարբերակ, եւ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը արտահայտում է անկախ խորհուրդ լինելու այսօրվա ռեալ իրավիճակը։ Համապատասխան փորձաքննության շրջանակներ դեռ կանցնենք։ Այս պահի համար լուծումը համարում ենք դրական»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել