Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՁԻՈՒ ՎՐԱ ԷՐ

Հունիս 09,2004 00:00

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՁԻՈՒ ՎՐԱ ԷՐ Խորհրդարանը երեկ քննարկում էր 2003 թ. բյուջեի կատարողականը։ Սա այն թեման էր, որը լիուլի հնարավորություն ընձեռեց կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցությանը՝ ինքնզինքը վեր դասել կոալիցիոն գործընթացներից եւ թմբկահարել 2000-ից ի վեր «Հանրապետականի ստանձնած պատասխանատվության» մասին։ Կոալիցիոն գործընկերները՝ Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիրը» շատ ավելի զուսպ էին իրենց գնահատականներում՝ Հանրապետականի անցած վերջին երեք տարվա մասով, բայց իրենք էլ առիթը փայլուն օգտագործեցին կոալիցիոն կառավարության մեկ տարվա միայն «պերճանքը» ի ցույց դնելու գործում։ Գովեստի եւ ինքնագովեստի բոլոր խոսքերում երեկ հիմնական գիծը հետեւյալն էր. «Մենք շատ լավն ենք, տեսեք, թե մենք ինչքա՜ն լավն ենք ու ինչ հրաշքներ ենք գործել հանուն ժողովրդի եւ հանուն տնտեսական աճի»։ Ընդ որում, ոչ միայն կոալիցիան էր իրեն այդպես գնահատում, այլեւ խորհրդարանի մեկ այլ քաղաքական ուժ եւս՝ ՄԱԿ-ը։ Վերջինիս նախագահ Գուրգեն Արսենյանը նախորդ օրը սպառնացել էր որոշ լրագրողների մոտ՝ տեսեք, թե վաղը (այսինքն՝ երեկ) ի՞նչ եմ անելու կոալիցիային։ Ու արեց՝ գովեց ու գովերգեց, նույնիսկ անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանից։ Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, թեպետ 2003-ը քաղաքական լուրջ գործընթացների տարի էր, բայց դրանք որեւէ էական ազդեցություն չունեցան երկրի տնտեսության վրա. «Ցանկանում եմ ՄԱԿ-ի անունից շնորհակալություն եւ դրվատանքի խոսք ասել կառավարությանը՝ կատարված աշխատանքի համար, հաշվի առնելով այդ հանգամանքը։ 2003 թ. բյուջեն կոալիցիայի բյուջեն չէր, դա «Միասնություն» դաշինքի բյուջեն էր (ավելի ճիշտ՝ դա ոչ էլ «Միասնության» բյուջեն էր, այլ՝ ՀՀԿ-ինը.- Մ. Ե.), եւ 2003-ին, երբ հաստատում էինք այդ բյուջեն, այսքան լավատեսական չէինք տրամադրված»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի գնահատականները եւս գերադրական էին. «ՀՅԴ խմբակցությունը դրական է գնահատում կատարված աշխատանքը եւ տեսնում է հստակ իրականացվող հետեւողական աշխատանքի արդյունք։ Այդ աշխատանքի հիմքը դրվեց 1998-ին եւ մի քանի կառավարության հետեւողական աշխատանքի արդյունքն է այսօր»։ Բոլոր նրանց, ովքեր «սիրում են բամբասանքի վրա կառուցել իրենց գնահատականները», Լեւոն Մկրտչյանը խորհուրդ տվեց ուշադիր կարդալ բյուջեի կատարողականը, «կառավարությունը կարողացավ ոչ միայն չավերել եղածը, այլեւ աղյուս առ աղյուս կառուցել շենքը»,- պատկերավոր համեմատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը եւս գովերգեց 2003-ի բյուջեն եւ շնորհակալություն հայտնեց կառավարությանը։ «Ժողպատգամավոր« խմբից ոչ ոք չխոսեց։ Արտահերթ ելույթ ունենալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պարզապես հաշվետվություն ներկայացրեց 2000 թվականից մինչեւ մեր օրերը։ Իր ոգեշնչված խոսքում պրն Թորոսյանը չվարանեց անջատել հանրապետականների ժամանակը կոալիցիայի ժամանակներից. «Չափազանց կարեւոր է վերադառնալ երեք տարի հետ եւ տեսնել, թե արդյոք իրականացվե՞լ են կառավարության հայտարարած ցուցանիշները։ Այսօրվա քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ 2003-ի համար բոլոր ցուցանիշները իրականություն են։ Երբ մենք նայում ենք երեք տարվա տեսանկյունից, պարզ է դառնում, որ երեք տարվա համար էլ ներկայացված ցուցանիշները լիովին կատարվել են»։ Տիգրան Թորոսյանը չզլացավ բազմաթիվ թվեր ներկայացնել, այդ թվում նաեւ հետեւյալը. «Ավելացնենք նաեւ ներդրումների ծավալը։ 2000-ին 192 միլիարդ դրամ էր, շարունակական աճով 2003-ին՝ 385 միլիարդ դրամ։ Այսինքն՝ կրկնակի։ Սա մոտավորապես 700 մլն դոլար է կազմում»։ Թվերի մասին խոսելիս պրն Թորոսյանը կտրուկ անդրադարձ կատարեց դեպի Արտաշես Գեղամյան. «Նրանք, ովքեր խոսում են Հայաստանում ներդրումների նվազման մասին, այս թվերի հետ պետք է որ գոնե հաշվի նստեն։ Առավել եւս նրանք, ովքեր սիրում են վիճակագրական ծառայության տեղեկագրերից մեջբերումներ անել»։ Տիգրան Թորոսյանը որպես իր հարազատ կուսակցությանը նվիրված փոխնախագահ, առիթը շատ ճիշտ էր օգտագործում, փորձում էր ավելի ուշ ինքն էլ խոստովանել, որ շարքային քաղաքացին առայժմ չի կարող իր ընտանեկան բյուջեում շոշափելի փոփոխություն զգալ. «Արդյո՞ք նման ցուցանիշների պարագայում մարդիկ շատ ավելի մեծ փոփոխություններ չպետք է տեսնեին իրենց անձնական կյանքում։ Հարցադրումը միանգամայն տեղին է, սակայն ուզում եմ հիշեցնել մի քանի խնդիրներ, որոնց մասին, փառք Աստծո, այսօր շատերս սկսել ենք մոռանալ՝ երբ ամիսներ շարունակ մարդկանց չէր վճարվում թոշակ եւ աշխատավարձ, երբ տասնյակ-միլիարդավոր դրամների հասնող պարտքեր էին կուտակվում երկրի վրա։ Այսօր ոչ միայն ժամանակին վճարվում են այդ գումարները, այլեւ այդ պարտքը նվազել է»։ Գովեստի բաժին հատկացվեց նաեւ կոալիցիայի կառավարությանը. «եւ հատկանշական է, որ շատ սահուն, կատարված աշխատանքը, կուտակված փորձը, մեխանիզմները այսօր դարձել են նոր կառավարության սեփականությունը, եւ հաջողությունները շարունակվում են»։ Հանրապետական պատգամավորը չթաքցրեց հպարտությունը. «Ես ինձ հպարտ եմ զգում որպես պատգամավոր, նման ցուցանիշների համար»։ Հպարտության պակաս երեկ խորհրդարանում չկար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել