Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ Է ՍԼԱՔԱՎԱՐԻ ԶՈՔԱՆՉԸ»

Հունիս 17,2004 00:00

Ռուբեն
Հովսեփյանը գտնում է, որ խնդիրը սխալ էր կազմված
– Ընդդիմություն-կոալիցիա քաղաքական կոնսուլտացիաների շրջանում դուք զերծ մնացիք գնահատականներից եւ մեկնաբանություններից, թեպետ բանավոր զրույցներում ասում էիք, թե առանձնապես լուրջ սպասելիքներ չունեք, բայց ճիշտ համարեցիք սպասել մինչեւ տրամաբանական ավարտ։ Հիմա, ըստ ձեզ՝ ի՞նչը խանգարեց ընդդիմությանն ու իշխանությանը՝ նստել ու խոսել։

– Ի սկզբանե գիտեի, որ երկխոսություն հնարավոր չէր։ Որովհետեւ խնդիրը սխալ էր կազմված եւ ոչ միայն այդ հարցում։ Այս օրինակը ես շատ եմ սիրում մեջբերել՝ Չեխովի պատմվածքներից մեկը հենց այդպիսի սխալ խնդիր կազմելու մասին է։ Գնացքը A կայարանից գնում է B կայարան։ Քանի՞ տարեկան է սլաքավարի զոքանչը։ Այս խնդիրը անհնարին է լուծել, որովհետեւ սխալ է կազմված։ Այդպես էլ ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ երկխոսություն չէր կարող լինել, որովհետեւ պայմանները տարբեր էին, մեկը խոսում էր ժամ կամ պատարագից, մյուսը՝ զոքանչի տարիքից։ Երբ ընդդիմությունը գալիս էր երկխոսության, պիտի հիմքը ճշտվեր, բերեին նույն հարթության, որպեսզի հնարավոր լիներ իրար հետ խոսելը։ Բայց սա չի նշանակում, որ ընդդիմությունն ու կոալիցիան իրար հետ խոսելու բան չունեն։ Եվ երկխոսելու միակ տեղը խորհրդարանն է։ Որովհետեւ իրենք բոլորը՝ այսօրվա ընդդիմությունը իր լիդերներով, ակտիվիստներով եւ հավաքված մարդկանցով փողոցի ժողովուրդ չեն։ Այսինքն՝ իրենք մերժված մարդիկ չեն։ Իրենք ունեն իրենց տեղը, տեսակը։ Իրենք խորհրդարանի անդամ են եւ իրենց պայքարի ճիշտ տեղը խորհրդարանն է։ Փողոցում կարող են լինել այն կուսակցությունները, որոնք պայքարելու ուրիշ տեղ չունեն։ Ու երբ փողոց են դուրս գալիս միակ՝ իշխանափոխության կոչով, բնականաբար, պիտի լիներ այն, ինչ եղավ։ Ես կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է քաղաքական կյանքի այս ընդմիջումը օգտագործեն եւ երկխոսություն ծավալեն իրենք իրենց մեջ։ Իրենք պիտի քննարկեն եւ տեսնեն, որ իրենց բռնած ճանապարհը ճիշտ չէ։ Ու երկխոսությունը կստացվի, երբ կգան խորհրդարան։

– Սակայն հանրահավաքներն ու երթերը եւս քաղաքական պայքարի ձեւ են եւ յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը։ Դուք գտնում եք, որ մինչ այժմ իշխանության վերաբերմունքը սահմանադրական այդ իրավունքին համարժե՞ք էր, նկատի ունեմ բռնությունները, ձերբակալությունները, ջրցան մեքենաները եւ փշալարերը։

– Համարժեքության տարբեր ընկալումներ կան։ Եթե մենք խոսում ենք այդ համարժեքության որակի մասին, ես կարող եմ ասել, որ որակյալ չէ։ Բայց ինչպես ընդդիմությունն է, այդպես էլ իշխանությունն է։ Ինչպես ընդդիմության պահվածքն է, այդպես էլ իշխանության պահվածքն է։ Այստեղ իրար համարժեք են։ Իշխանությունը պարտավոր է պահպանել երկրի կարգ ու կանոնը, իսկ եթե այդ կարգը խախտվում է (եւ իրոք խախտվում է, խոսքը միայն խոսքի ազատության եւ միտինգներ անելու մեջ չէ), իշխանությունն էլ այդ կարգը պահպանելու ժամանակ է ինչ-որ բաներ խախտում։ Այս դեպքում՝ անորակության առումով, այո՝ համարժեք են։

– Ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացրած մարդիկ ընդամենը տուգանվեցին եւ տուգանվեցին ընդամենը 100 հազար դրամով։ Այն դեպքում, երբ պլաստիկե դատարկ շշով ինքնապաշտպանված 24-ամյա Էդգար Առաքելյանը (ընտանիքի միակ կերակրողը) դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դուք խոսում եք համարժեքությունից, այս դեպքերի զուգահեռներ անցկացնելով, խնդրում եմ ասեք՝ համարժե՞ք են ոճիրն ու պատիժը։ Եվ եթե համարժեք չեն, սա ձեզ որպես քաղաքացի չի՞ ջղայնացնում։

– Ինձ միշտ էլ այդպիսի բաները ջղայնացնում են։ Շատերին են ջղայնացնում։ Սա անարդարության արտահայտություն է։ Բայց ես նման հարցերի խուսափում եմ ուղղակի պատասխանել, որովհետեւ դրանք վերացական համեմատություններ են։ Ես չեմ ուզում այդ երկուսն իրար համեմատել։ Ես առանձին-առանձին կասեմ, նաեւ՝ օրենքի շատ նրբություններ չիմանալով։ Եթե լրագրողների նկատմամբ բռնությունների պատմությունը 100 հազարով է վերջացել, ես չեմ կարող դրան գնահատական տալ, որովհետեւ ես չգիտեմ՝ դա շա՞տ է, թե՞ քիչ։ Ինձ համար լրագրողին ծեծելը կամ աշխատանքին խանգարելը մեծ հանցանք է, այնքան մեծ, որ ես դրան համապատասխան պատիժ չեմ տեսնում։ Եթե նա՝ լրագրողը, իրեն բավարարված էլ զգա որեւէ պատժից, ես էլի բավարարված չեմ կարող զգալ։ Պատիժը չէ, որ ինձ պետք է բավարարի կամ՝ ոչ։ Ես խոսում եմ այն մասին, որ առհասարակ նման բան չպիտի լինի։ Արգելված պիտի լինի լրագրողին իր աշխատանքը կատարելիս խանգարելը։

– Բայց դուք չեք խոսում այն մասին, որ այդ «սափրած գլուխները» ինքնագլուխ չեն գործել, որ պատվեր է եղել եւ այն շարունակվել է նաեւ դատարանի դահլիճում՝ վճիռ կայացնելիս։

– Ես ընդունում եմ նաեւ պատվերի հնարավորությունը։ Բայց մենք պետք է պատվիրատուի ճիշտ տեղն իմանանք։ Ես չեմ կարող ընդունել, որ ասենք, Ռոբերտ Քոչարյանը բանուգործ չունի եւ նստած մտածում է, թե վաղը դատ պիտի լինի, գնացեք էդ սափրած գլուխներին տարեք դատարան։ Ուրեմն՝ հավանաբար շղթայի մեջ ինչ-որ շահագրգիռ օղակ, ինչ-որ մարդ կարող էր նման բան անել։ Բայց մեր խնդիրն այն է, որ ալիքը շատ չմեծացնենք։ Մենք ամեն ինչը բերում, կապում ենք իշխանության կամ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ոչ ոք երաշխավորված չէ, որ իրեն բոլորը պետք է սիրեն։ Ռոբերտ Քոչարյանին էլ սիրողներ կան, չսիրողներ կան։ Բայց մենք պետություն ենք ուզում դառնալ։ Մենք ո՞նց ենք ամեն ինչը բերում, կապում մեկի հետ։ Սա երեւի այն պատճառով է, որ մեր՝ սովորական քաղաքացիների եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տարածությունը շատ փոքր է։ Երկրի նախագահի եւ քաղաքացու միջեւ բավականին մեծ տարածություն պետք է լինի, որպեսզի մեջը լցվի այն օղակներով, որոնց հետ պետք է հարաբերվես։ Եվ ոչ թե ամեն ինչի համար Ռ. Քոչարյանին դիմում գրես։ Գազը չկա՝ մեղավորը Քոչարյանն է, մեքենան խփեց էսինչին՝ մեղավորը Քոչարյանն է։ Այս տարածությունը այնքան է փոքրացել, որ բոլորս միանգամից իրեն ենք նայում ու զարմանում ենք, թե ինչո՞ւ է այս երկիրը այսպիսին։ Ուրեմն՝ բռնակալ երկիր է, ուրեմն՝ բռնակալի երկիր է։ Բայց մենք ենք դա արել, բոլորս։ Վերջապես, Ռոբերտ Քոչարյանը նրա համար չէ նախագահ, որ մեր այս կամ այն հարցը լուծի։ Դրա համար կան համապատասխան օղակներ։ Բայց այստեղ, հավանաբար, նաեւ Ռ. Քոչարյանի մեղավորությունը կա։ Հավանաբար, ինքն էլ է թույլ տալիս, որ քաղաքացու եւ իր միջեւ դատարկություն առաջանա, որովհետեւ չի պատժում այն օղակին, որն իր գործը չի անում։ Ես գիտեմ օրինակներ, երբ նույնիսկ շատ բարձրաստիճան մարդկանց ես դիմում որեւէ հարցով, ասում են՝ դիմեք նախագահին։ Եղբայր ջան, այդ հարցը դո՛ւ պիտի լուծես, եւ ոչ թե նախագահը։ Վերջին թարմ օրինակը բերեմ։ Գրողների միության պոլիկլինիկայի հարցով դիմում ենք արդարադատության նախարարություն, ասում են՝ գնացեք՝ թող նախագահը հարցերը լուծի։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել