Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԿԳՆԱ ՆԺԴԵՀԻ ՄՈՏ

Սեպտեմբեր 16,2004 00:00

Որտե՞ղ է միտինգներ անելու իշխանությունը

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունումով մի հսկայական պատնեշ գոյացավ իշխանության ու հասարակության միջեւ, եւ գրեթե բոլորը իրենց մեկնաբանություններում վստահ են, որ օրենքն ընդունվեց ներկայիս ընդդիմությանը խոչընդոտելու նպատակով։ Սակայն արգելելով հանրահավաքի եւ ցույցի համար բոլոր հնարավոր եւ հարմար վայրերում հավաքվելը՝ իշխանությունները, ըստ էության, նույն արգելապատնեշը ստեղծեցին նաեւ իրենց համար։ Ոչ ոք ապահովագրված չէ, նույնիսկ իշխանության ամենավերին էշելոններում գտնվողները, որ վաղը ընդդիմություն չեն դառնալու եւ հանրահավաք ու ցույց անելու ախորժակ չեն ունենալու։ Այդ դեպքում որտե՞ղ եւ ինչպե՞ս են հավաքվելու այսօրվա իշխանավորները, վաղվա ընդդիմադիրները։ Չի բացառվում, որ վաղը, ընդդիմադիր դառնալու պարագայում, ներկայիս կոալիցիոն ուժերը դժգոհեն իրենց իսկ ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքից։ Երեկ այս մասին մեր հարցին հանրապետականները, դաշնակցականները, նաեւ՝ ՄԱԿ-ի ղեկավարությունը հումորով էին վերաբերվում։ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ասացինք, որ, փաստորեն, օրենքը ոչ միայն ընդդիմության առջեւ փակեց միտինգ անելու հնարավորությունը, այլեւ՝ բոլոր քաղաքական ուժերի առջեւ։ Թերեւս չենք մոռացել, թե ինչպես էին ընդդիմության ակտիվ միտինգային շրջանում ՕԵԿ-ը, Դաշնակցությունը եւ ՀՀԿ-ն հայտարարում, թե հեսա-հեսա իրենք էլ իշխանության երկրպագուներին են հրավիրելու հանրահավաքի։ Ուրեմն, եթե հիմա էլ նման իրավիճակ ստեղծվի, որտե՞ղ են հավաքվելու։

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, թե հանրահավաքի տեղը բնութագրում է նաեւ հանրահավաքի իմաստը։ Որտեղ թույլատրվում է՝ այնտեղ էլ հանրահավաքը կարելի է անել։ Ազատության հրապարակից 250 մետր հեռավորության վրա կարելի է հավաքվել. Օպերայում մեկ՝ համերգ է, մեկ էլ՝ փորձեր են, ի՞նչ անենք, աշխատանքային պրոցեսը խանգարե՞նք։ Կամ՝ Մատենադարանը, որը պատմական-ազգային արժեք է։ Իսկ ռեալ հիմքերով հանրահավաք անողների համար քաղաքում շատ տեղեր կան»։ Ընդունենք՝ Հանրապետական կուսակցությունը մտադիր է Գարեգին Նժդեհի հիշատակին նվիրված մեծ ու ճոխ հանրահավաք անել, որտե՞ղ է անելու։ Գալուստ Սահակյանը միանգամից ասաց. «Գարեգին Նժդեհի հրապարակում»։ Բայց սա եւս արգելված հրապարակ է։ Ուրեմն՝ որտե՞ղ. «Մեր ստեղծած Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ, որը գտնվում է Կապանում»։ Գալուստ Սահակյանը դեմ չէ հանրահավաքներ անել նաեւ «Լոռիում, Շենգավիթում»։ Այսինքն՝ ըստ Գալուստ Սահակյանի՝ հանրահավաքի տեղը կարեւոր չէ, կարեւորը այդ հանրահավաքի սկզբունքներն են, գաղափարախոսությունը եւ որակը։ Գալուստ Սահակյանը նաեւ կարծիք հայտնեց. «Եթե այսօր ընդդիմությունը խոսում է այդ օրենքի մասին, կարող է առաջարկություններ անել, կքննարկենք, գուցե լավ տարբերակ լինի։ Հենց ընդդիմությունը դրա համար է, որպեսզի ԱԺ-ում կարողանա փոքրամասնության շահերը պաշտպանել»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին, որպես նախկին (չի բացառվում նաեւ՝ ապագա) ընդդիմության ներկայացուցիչ, նույն հարցն ուղղեցինք՝ որտե՞ղ են հանրահավաք անելու, երբ դառնան ընդդիմություն։ «Մենք որտե՞ղ ենք հանրահավաք անելու»,- մեր հարցը կրկնեց Լեւոն Մկրտչյանը եւ պատասխանեց. «Օրենքով սահմանված վայրերում»։ Իսկ Դաշնակցությունը չի՞ գտնում, որ այդ օրենքում որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կլինի. «Եթե կոնկրետ լինեն փաստեր, ապա կարող ենք այդ մասին խոսել, սակայն ընդհանուր առմամբ օրենքի մասին ամեն ինչ ասվել է։ Հնարավոր է՝ որոշակի ձեւակերպումներ լինեն, բայց կարծում եմ՝ միտինգների եւ ցույցերի կանոնակարգումը ճիշտ է»։ Լեւոն Մկրտչյանին փոխանցեցինք Հանրապետականի տրամադրվածությունը՝ հանրահավաք անել Կապանում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Ո՞ւր կգնա Դաշնակցությունը հանրահավաքի, հանրապետության ո՞ր մասն է ՀՅԴ-ի համար սուրբ՝ որպես միտինգի վայր՝ արդյո՞ք Խնձորեսկը կամ Գառնին։ Լեւոն Մկրտչյանն ասաց, թե ամբողջ Հայաստանն է սուրբ իրենց համար, իսկ Նժդե՞հը. «Նժդեհը մեր ազգային արժեքն է, մենք եւս սիրով Նժդեհի արձանի մոտ միտինգ կանենք»։

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը գտնում է, որ գործող օրենքի շրջանակներում ցանկացած կառույց՝ քաղաքական կամ հասարակական, կարող է իրականացնել հանրահավաք անցկացնելու իր ցանկությունը. «Մեր կարծիքով՝ եթե խոսքը քաղաքական գործընթացների մասին է, դրա համար կան քաղաքական հարթակներ, եթե խոսքը մասսայական միջոցառման մասին է, դրա համար էլ համապատասխան տեղեր կան»։ Իսկ ՄԱԿ-ի համար հանրապետության ո՞ր մասն է հանրահավաքի համար հարմար, ո՞ւր կգնա ՄԱԿ-ը. «Ուր կուզի, որտեղ կգտնի նպատակահարմար»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել