Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԻ ԵՎ ՎԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 16,2004 00:00

2001-2003թթ. ընթացքում ընդհանուր երիտասարդական տողով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է մոտ 470 մլն դրամ:

Սկիզբը՝ նախորդ համարում
Ուսումնասիրության ընթացքում ի սկզբանե ակնհայտ դարձավ. խոսք չէր կարող գնալ որոշակի ռազմավարության, ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաեւ արդյունքների գնահատման որեւէ չափանիշների մասին: Ֆինանսավորված ծրագրերը հիմնականում մտացածին էին, շինծու, իսկ ֆինանսական միջոցները՝ ուռճացված: «Ծրագրերի նպատակները» բաժինը կրկնվում է մի շարք կազմակերպությունների («Արեգակ-21», ՀԵՀ, «Գալիք» կանանց միություն) մասին տեղեկություններում: Օրինակ՝ «աջակցել գյուղական երիտասարդության բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը» ահռելի գումարների դիմաց: Եթե այդ գումարները հայտնվեին «գյուղական երիտասարդության» ձեռքին, նրանց «բարոյահոգեբանական վիճակը», երեւի թե, կբարելավվեր առանց կողմնակի միջամտության:

Ուշագրավ է, որ համեմատաբար անկախ կազմակերպություններին (այդ թվում նաեւ մեզ, ինչի համար մենք, միամիտներս, նույնիսկ շնորհակալական ուղերձներ ենք հղել) բոլորին իրար հետ այդ նույն ժամանակաշրջանում տրամադրվեց ընդամենը ընդհանուր գումարի 1.5 տոկոսը, մնացած 98.5 տոկոսը «մեջ-մեջ» էր արվել:

Մոտ 62 մլն դրամը ծախսվեց բազմաթիվ ուղեւորությունների վրա՝ «աչքերը բացելու» շրջանակներում: Այս «աչքաբացության» կրողները թերեւս նորից «հավատարիմ» եւ «հարազատ» մարդիկ էին՝ ընկեր, կին, ընկերուհի, հարեւան:

Հասարակական կազմակերպությունների միջեւ գումարը բաշխվեց էլ ավելի պարզունակ սկզբունքով՝ մեր հերոսները եւ նրանց ընկերները, որոնցից մի քանիսը դարձան մշակույթի եւ երիտասարդության նախարարության աշխատակիցներ, ստեղծեցին (կամ էլ արդեն ունեին) հասարակական կազմակերպություններ (ոմանք նույնիսկ 2-ական), որոնց մեջ էլ բաշխվեցին գումարները: Միջին հաշվարկով ամեն «ընկերոջը» հասավ մոտ 8 մլն դրամ: 8,7 մլն դրամ փայ հասավ նաեւ դաշնակցական «կոմսոմոլին»՝ սկաուտներին։

Առավել «հավատարիմ» կազմակերպություններից էր, երեւի թե, մոտ 18.2 մլն դրամ ստացած «Երիտասարդ շինարար» հ/կ-ն, որը, սակայն, ըստ արդարադատության նախարարության, ընդհանրապես գոյություն չունի, այսինքն, չէր էլ կարող գումարներ ստանալ: Ինչ վերաբերում է մոտ 21 մլն դրամ ստացած ինչպես ոլորտում, այդպես էլ պետական գրանցման հասցեում տակավին անհայտ «Գալիք» կանանց միությանը, ապա երկար փնտրտուքներից հետո հետքերը բերել էին մեզ ուղիղ պաշտպանության նախարարություն… այնտեղ էլ «լռվեցինք»:

Իսկ այժմ անդրադառնանք ամենահետաքրքիր կառույցներին, որոնց գոյության եւ ֆինանսավորման իմաստի ու նպատակահարմարության մասին մեր հարցումը ՀՀ վարչապետին՝ այդպես էլ անպատասխան մնաց:

ՀԵԱԽ, որի մասին արդեն հիշատակված էր, եւ որում Մանվել Բադալյանին նախագահի պաշտոնում փոխարինեց Վազգեն Խաչիկյանը, նշված ժամանակաշրջանում ստացավ մոտ 16 մլն դրամ։

Երիտասարդական միջոցառումների կազ
մակերպման կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ԵՄԿԿ)՝ նախարարության կողմից հիմնադրված այս կենտրոնը, որի տնօրենն էր Եղիշ Տերտերյանը, իսկ հետո էլ՝ Մանվել Ջավադյանը, ընդամենը 1.5 տարիների ընթացքում ստացավ մոտ 49 մլն դրամ:

Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամ (ՀԵՄԿ)՝ Կառավարության կողմից հիմնադրված է անհասկանալի մի կառույց, որի տնօրենն է 2004-ից՝ Արմեն Սինանյանը, իսկ մինչ այդ՝ ԱԺ պատգամավոր, դաշնակցության խմբակցության ղեկավար, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայր՝ Վահագն Մկրտչյանը: 2001 թվականին հիմնադրման համար այս կենտրոնը ստացել է 4.5 մլն, իսկ 2.5 տարիների ընթացքում՝ 72 մլն դրամ: Անտրամաբանական է սակայն այս կենտրոնը միայն մեզ, անտեղյակներիս համար, իսկ ընդհանուր առմամբ միանգամայն տրամաբանական է դառնում մի հարցի տեսանկյունից՝ ի՞նչ գումարներով կառուցվեց «ՎաԼեՄ» (Վահագն-Լեւոն Մկրտչյաններ) պլազան: Թերեւս չարժե անտեսել հետեւյալ մանրուքը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որում են կրկին նույն այդ Վահրամ Բարսեղյանը, Վազգեն Խաչիկյանը, Մանվել Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը, իսկ խորհրդի նախագահն է անմիջապես ՀՀ վարչապետը:

Եվ, վերջապես, Համահայկական երիտասարդական հիմնադրամ (ՀԵՀ), սովորական մահկանացուների կողմից հիմնադրված սովորական հիմնադրամ, որին, սակայն, «մուծվում» են բոլոր պետական բուհերը՝ արտաբյուջետային միջոցների 2%-ի չափով, որը կազմում է սովորական հիմնադրամի համար ահռելի գումար: Սա դեռ բավական չէ, եւ նշված 3 տարիների ընթացքում այս հիմնադրամը ստացել է նաեւ ՀՀ պետական բյուջեի երիտասարդության տողով նախատեսված միջոցների 27%՝ 99.14 մլն դրամ: Սակայն ցանկացած տարակուսանք փարատվում է, երբ նայում ես հիմնադիրների ցուցակին. նրանք են նույն այդ Վահրամ Բարսեղյանը, Վազգեն Խաչիկյանը, Մանվել Բադալյանը, Արմեն Սինանյանը ու մյուսները, եւ գործադիր տնօրենը՝ Վ. Բարսեղյանի հավատարիմ ընկեր Արթուր Պողոսյանը: Իսկ բուհերի «մուծումները» բացատրվում են շատ պարզ՝ ՀՀ նախագահի առաջին օգնական նույն Արմեն Գեւորգյանի միջամտությամբ:

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հ/կ
Շարունակությունը՝ հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել