Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՂԱՅՆԱՆԱ»

Սեպտեմբեր 17,2004 00:00

Ցանկություն
է հայտնում ԱԺ փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանը
– ՆԱՏՕ-ի որոշումը՝ պատժել Ադրբեջանին վատ պահվածքի համար եւ այդ երկրում չանցկացնել նախօրոք պայմանավորված զորավարժությունները, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ձեր կարծիքով, ի՞նչ սեւ կատու անցավ ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերություններում։

– Լավ, հասկացանք, ադրբեջանցիները վայրենի են, բայց վերջապես ամեն ինչ ադրբեջանական կապրիզներով աչքի ընկնող քաղաքականությանը վերագրելը՝ առնվազն նայիվ է։ Ադրբեջանը պատրվակ դարձնելով հայերի մասնակցել-չմասնակցելու հարցը՝ փաստորեն թույլ չտվեց ՆԱՏՕ-ին իր տարածքում զորավարժություններ անցկացնել։ Ինչո՞ւ։ Հավանաբար նրան եւս թույլ չտվեցին։ Եվ երբ մենք խոսում ենք անկախության ու ինքնուրույնության մասին, կարծում եմ՝ այս առումով Հայաստանը նույնիսկ շատ ավելի անկախ ու ինքնուրույն է դրսեւորվում նման իրավիճակներում։ Վերջին շրջանի մերձեցումը, որ նկատվում է ռուսական որոշ շրջանակների եւ ադրբեջանական քաղաքական վերնախավի միջեւ, ինչու չէ՝ նաեւ որոշ խոշոր մուսուլմանական տերությունների ղեկավարների այցելությունները Ադրբեջան, կարող էին իրենց մեջ նախազգուշական ակնարկներ պարունակել։ Վերջապես, Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հստակ թիրախներ ունեին։ Ըստ ամենայնի, այս պոտենցիալ թիրախները հանգիստ չեն նստել։ Եվ հիմա, երբ ասում ենք, թե հինգ հայի թույլ չտվեցին Ադրբեջան մտնել եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ն խփեց անկարգ աշակերտի թաթիկներին՝ այդպես չէ։ Հինգ հայերի՝ Ադրբեջան գնալ-չգնալը միայն ու միայն պատրվակ էր։ Իրական պատճառները շատ ավելի խորն են։ Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի վարկանիշը մուսուլմանական աշխարհում բավական ցածր է, ինչպես նաեւ Թուրքիայինը։ Այդ երկրում եղել են քայլեր, քաղաքական որոշումներ, որոնք հեշտ չեն ներվի եւ հեշտ կուլ չեն գնա իսլամական աշխարհի առնվազն որոշ շրջանակների կողմից։ Հավանաբար դրանց հետ հարաբերությունների էլ ավելի վատացման սպառնալիքը սարսափեցրել է ադրբեջանական ղեկավարությանը ավելի, քան Արեւմուտքի կողմից ինչ-ինչ սանկցիաների կամ պատժամիջոցների կիրառումը։ Հավանաբար Ադրբեջանում դարձյալ հաշվի են առնում, որ նավթը հետո ամեն ինչ կլվանա։ Սակայն այդպես չէ։

– Կարծիքներ կան, որ Հայաստանը ինքը պետք է հրաժարվեր մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ի նշան Ադրբեջանի հրահրած հիստերիայի։

– Ինչո՞ւ հեշտացնեինք Ադրբեջանի գործը։ Ինչո՞ւ պիտի մենք հրաժարվեինք։ Մենք ՆԱՏՕ-ի այդ ծրագրի մասնակիցն ենք եւ բաց ենք այդ ծրագրի համար։ Հայաստանում եւս խիստ դժգոհություններ կային, երբ թուրքերը մասնակցեցին այստեղ անցկացված զորավարժություններին, եւ Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ուսումնարանում բարձրացվեց թուրքական դրոշը։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի պետական միտքը չընկավ ամբոխային տրամադրությունների մեջ, եւ հաշվարկը, կարծում եմ, ճիշտ էր։ Այո, այն, ինչ մենք անում ենք, ռիսկ է։ Ռիսկ է նաեւ մեր սպաների ու զինվորների համար։ Վկան՝ Բուդապեշտը։ Բայց, միեւնույն ժամանակ, սա ավելի ճիշտ է, քան նեղացած բալիկի կեցվածք ընդունել եւ ասել, որ եթե Ադրբեջանը մեզ չի սիրում, մենք էլ ջղայնանում ենք ու չենք մասնակցում ձեր միջոցառումներին։ Թող Ադրբեջանը ջղայնանա։ Ժամանակից շուտ ջղայնացողը միշտ տուժում է այս աշխարհում։ Ոչ, մենք պիտի մասնակցենք, եւ այդ մասին ես ասացի նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, բայց ՆԱՏՕ-ին չենք դիտում որպես թշնամական բլոկ։ Մենք ՆԱՏՕ-ի հետ բարեկամության կողմնակից ենք, բայց ՆԱՏՕ-ի պետություններից մեկը մասնակցում է Հայաստանի դեմ թշնամական գործողությունների։ Մեր հարաբերությունները գտնվում են այս երկու նժարների միջեւ։

– Կարծիքներ են հնչում, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածաշրջանային գործընթացներից դուրս։ ՆԱՏՕ-Ադրբեջան եւ մնացած բոլոր տարածաշրջանային «բազարները» արդյոք հենց այս պատճառո՞վ չեն։

– Իհարկե, մենք տարածաշրջանային զարգացումներից դուրս չենք։ Այլ հարց է, որ այդ զարգացումները միշտ չէ, որ այն ուղղությամբ են ընթանում, ինչպես մենք կուզեինք։ Բայց միշտ էլ քաղաքական իրավիճակը փոփոխական է։ Ասել, թե մենք տարածաշրջանային գործընթացներից դուրս ենք, ճիշտ չէ։ Դուրս է, օրինակ, Նեպալը։ Նեպալը իսկապես դուրս է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Ես շատ կուզեի, որ Հայաստանը որոշ վտանգավոր զարգացումներից դուրս մնար։ Ցավոք, այդպես չէ։ Նաեւ տնտեսական ասպարեզում կան վտանգավոր զարգացումներ, բայց կա նաեւ դրականը։ Նաեւ գլոբալ դրական քաղաքական զարգացումներ կան, բայց կան նաեւ բացասականները։ Եվ, իհարկե, այժմեական, առօրեական վտանգը կա՝ տիպաբանությամբ նոր տեռորիզմի առաջացումը մեր շուրջն է։ Եվ ինչքան մենք հեռու մնանք, ինչքան մեկուսացված մնանք, այնքան լավ։ Շրջափակումն, օրինակ, ահավոր վատ է անդրադառնում մեր տնտեսության վրա, բայց մենք համաշխարհային նարկոթրաֆիկի հիմնական գծերից դուրս ենք մնացել։ ԱՊՀ-ն թունավորում է Ադրբեջանը, Եվրոպան՝ Թուրքիան, իսկ թուրքերի հետ մեր սահմանը փակ է։ Տարածաշրջանային գործընթացներից դուրս մնալը կամ ակտիվ մասնակցություն ունենալը երկու երես ունի, եւ այս առումով, կարծում եմ, Հայաստանը մասնակից է բոլոր զարգացումներին։ Մեր արտաքին քաղաքականության հմտությունը պիտի լինի այն, որ մենք կարողանանք այդ բոլոր վտանգավոր զարգացումներից իսկապես հեռու մնալ։ Սա եւս հեշտ չէ, որովհետեւ մեր աշխարհաքաղաքական դիրքը բավական բարդություններ է պատճառում մեզ։

Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել