Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության իրավական հիմքը

Սեպտեմբեր 18,2004 00:00

Բրիտանիայի քաղաքացի Սալման Ռուշդիի սատանայությունները

Երբ Սալման Ռուշդին հրապարակեց «Սատանայական տողեր» վեպը եւ այաթոլլա Խոմեյնին գիրքը հայտարարեց պիղծ ու աշխարհի բոլոր մուսուլմաններին կոչ արեց ոչնչացնել հեղինակին, քչերը կռահեցին, որ մարդկանց երկիրը մտնում է միանգամայն նոր հարաբերությունների մեջ, որտեղ պետություններն ու կառավարությունները պատմության համաշխարհային բեմին ամենակարեւոր դերակատարները չեն։ Մեկ օրում համաշխարհային հռչակի հասած «Սատանայական տողեր» գիրքը դժվար է գլուխգործոց համարել, հեղինակին՝ Շեքսպիր ու Սերվանտես։ Այն էժանագին հայհոյանքների, հաճախ ծանծաղ եզրակացությունների ժողովածու էր, որը, սակայն, վիրավորում էր միլիոնավոր մուսուլմանների կրոնական զգացումները եւ ծաղրում նրանց սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Գուցե թե աստվածամերժությամբ գերազանցում էր Բոկաչչոյի «Դեկամերոնը», Լեո Տաքսիլի «Ծիծաղելի ավետարանը» եւ Նիցշեի «Հակաքրիստոսը», սակայն դրանց «գեղարվեստական» արժանիքներն էլ չուներ։ Ինքը՝ Ռուշդին, դաստիարակված եվրոպական ազատախոհության արժեքներով, դժվար թե ենթադրեր, որ սրբազանության եւ աստվածամերժության գաղափարները տեղավորվում են միայն քրիստոնեական համակարգում՝ արդեն իսկ կանխորոշված Աստված-Քրիստոս-մարդ արժեքաբանությամբ։ Հնարավոր է, որ նրան հայտնի էր, որ երբ Նիցշեն հայտարարում էր, թե «Աստված մեռել է», քրիստոնեական ոչ մի պետություն եւ կառավարություն հեղինակին չդատապարտեց կախաղանի, չնայած մարդկանց խարույկ բարձրացնելու միջնադարյան հսկայական փորձին։ Ռուշդին նաեւ չհասկացավ, որ պատմության նորօրյա ժամանակաշրջանում Եվրոպան արդեն իսկ մոռանում էր իր պատմությունը, մինչդեռ հինավուրց ու զառամյալ Ասիան նոր-նոր էր մտնում Միջնադար։ Ակունքների որոնման մի փորձաշրջան, որտեղ մուսուլմանների համար գործում է ոչ թե ճշմարտության որոնման եվրոպական պրակտիկան, այլ հավերժական, կայուն ու վերջնական ճշմարտությունների համակարգը եւ արեւմտյան դինամիկային ու գիտակցության դիալեկտիկային հակադրվում է մուսուլմանական ստատիկան ու անհակասականությունը։

Սակայն այաթոլլա Խոմեյնու հայտարարության մեջ կարեւորը ոչ այնքան այն էր, որ սեփական դավանանքին հավատարիմ ինչ-որ մեկը պաշտպանում է իր կրոնի անձեռնմխելիությունը, որքան այն, որ դրանով մերժվում էր անհատի ազատ արտահայտման իրավունքը, որի վրա էր բարձրանում արեւմտյան մշակույթի ու պետության կառուցման ողջ արժեքային համակարգը։ Ավելին, Խոմեյնին իր հայտարարությամբ պնդում է, որ Իրանը՝ որպես ինքնուրույն պետություն, իրավունք ունի թելադրելու, թե ինչ պիտի կարդան եւ ինչ չպիտի կարդան մյուս երկրների քաղաքացիները։ Կարեւորը նույնիսկ դա չէ, այլ այն, որ տվյալ երկրի հոգեւոր իշխանությունը ամրապնդում է մի իրավունք, որ կարող է աշխարհում հաստատվել միայն ահաբեկչությամբ։ Այսինքն, նա՝ Խոմեյնին գրաքննություն էր փորձում հաստատել ոչ միայն Իրանի ներսում, այլեւ աշխարհի մյուս ծագերում։ Այսինքն, դրանով հաստատում է ահաբեկչության իրավական հիմքը, որով այսուհետեւ ոչ թե պետք է առաջնորդվեն պետությունները, այլեւ ամեն կարգի բենլադեններ ու նաիրիհունանյաններ։ Բանն այն չէ, որ իշխանության եւ իշխանության պատկերացման այս մոդելը ավելի հեռավոր նպատակներ ունեցավ. այսուհետեւ՝ ոչ մի իշխանություն ու պետություն չի կարող պաշտպանել իր երկրի քաղաքացուն՝ լինի Սալման Ռուշդի, թե Բեսլանում զոհված ցանկացած անմեղ երեխա։ Իսկ սա իշխանության ու պետության մեր եվրոպական պատկերացումներում մի կատարյալ շրջադարձ էր, հեղաշրջում, որի իրական պտուղները մենք ճաշակում ենք աշխարհի բոլոր անկյուններում։ Հիմա դժվար է ասել, թե իրենից ինչ է ներկայացնում Բասաեւը եւ արդյոք Բեն Լադենը համազոր չէ՞ Բուշ եւ Պուտին՝ պետություն ներկայացնող մարդկանց։

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել